o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ.  ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ  ՁԵՎԱՉԱՓԸ ՆՈՒՅՆՆ Է,  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է

23.08.2016 14:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2017-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ.  ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ  ՁԵՎԱՉԱՓԸ ՆՈՒՅՆՆ Է,  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է


Շիրակի եւ Լոռու մարզերում ՏԻՄ ընտրությունները այն մանրակերտն են, որ ինչ-որ տեղ արտացոլելու են ապագա ԱԺ պատկերը: Ընդ որում, արտացոլումը տեղի է ունենալու ոչ միայն Գյումրիի եւ Վանաձորի ավագանիներում կուսակցությունների ունեցած տոկոսով (ինչը ինքնին շատ կարեւոր ռեսուրս է), այլեւ այդտեղ երեւակվում է տարբեր ուժերի մարտավարությունը: ԱԶԳԱՅԻՆ 
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՍԱՍԱՆ
Ուշագրավ է, որ Գյումրիի ընտրություններում իշխանության թեկնածուին պաշտպանում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ ՀՀԿ-ի, Քիրստոնեադեմոկրատների, ՍԻՄ-ի, «Ազգային միաբանության», ՄԻԱԿ-ի, ԺԱԿ-ի դաշինքը: Այսինքն` ընդգրկված են բոլոր այն ուժերը, որ 2012-ին ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ԱԺ-ում պատգամավորներ ունեցան: Տարբերությունը, սակայն, այն է, որ այժմ դա արվում է դաշինքի ձեւաչափով, որը կարելի է կոչել Ազգային պահպանողական դաշինք: Դաշինքի ձեւաչափի ընտրությունը բարձրացնում է ՀՀԿ-ի դաշնակից ուժերի դերակատարությունը, ու 2017-ի ընտրություններից հետո դա, անշուշտ, իր արտահայտությունը կունենա նոր խորհրդարանում: 
Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա այդ դաշինքի ռեսուրսը առավելապես ՀՀԿ-ի շնորհիվ առավելագույնն է` հաշվի առնելով ե՛ւ ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ե՛ւ ընդգրկուն ու տեղական բնակչությանը քաջածանոթ կուսակցական կառույցները: Այս վերջին հանգամանքը շատ կարեւոր է, քանզի առկա է տարածքային ցուցակների գործոնը, ուր անշուշտ, ՀՀԿ-ն ուժեղագույնն է: 
Բնականաբար, Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններում նաեւ քոչարյանական ճամբարը փնտրտուքների մեջ է, թե ինչպես օպտիմալ ձեւով մասնակցի եւ առավելագույն արդյունքը ստանա: Այժմ օսկանյանական կուսակցությունն արդեն որոշել է պաշտպանել Արթուր Բաղդասարյանի կուսակցության թեկնածուին, դրանով իսկ հաստատելով այն, ինչ վաղուց ասում  են վերլուծաբանները` Քոչարյան-Բաղդասարյան ալյանսի մասին: Առայժմ չեն երեւում ալյանսի երրորդ բաղադրիչի` ալամ աշխարհի հայերի նախագահ Արա Աբրահամյանի տեղավորման ձեւաչափերը, բայց փոխարենը կա քոչարյանական ծագումնաբանություն ունեցող այլ մասնակից` ԳԱԼԱ կուսակցությունը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա թեեւ այս պահին նա ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ է, սակայն մասնակցությունն առանձին է, ու ԱԺ-ի ընտրություններին էլ մասնակցությունը կլինի առանձին: Բայց չպետք է մոռանալ եւ Սերժ Սարգսյանի խոսքը ՊՊԾ գնդի թնջուկի հանգուցալուծման առնչությամբ` որ ամիսներ անց տեսնելու ենք ազգային համաձայնության կառավարություն: Այսինքն` երկրի ղեկավարը ծրագրում է բավականին լայն կոալիցիա: 
Սակայն ՏԻՄ ընտրություններում երեւաց եւ ուշագրավ «մարկեր»` զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման փորձը գյուղապետի պաշտոնում: Այսինքն` սեֆիլյանական թիմը, որը կտրականապես մերժում էր ընտրությունները որպես միջոց, այժմ հայտնվել է ընտրություններին մասնակցելու գործընթացի մեկնարկին: 

«Հրապարակ». Ծառուկյանի գործը՝ լակմուսի թուղթ. իշխանական թիմը ցնցության մեջ է

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ 
ՌԱԴԻԿԱԼԱՑՈՒՄ
Դեռեւս ամիսներ առաջ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսեց, որ, այսպես կոչված, «տիտղոսային» ընդդիմության պարբերական ձախողումների արդյունքում բողոքավոր զանգվածները ռադիկալանալու են, լցվելու են արմատական տրամադրություններով, եւ գոյանալու են ռադիկալ ընդդիմադիր ուժի պահանջարկ: 
«Նախախորհրդարանը», որն այնուհետ դարձավ «Հիմնադիր խորհրդարան» եւ «Նոր Հայաստան» (բրենդափոխությունը չափազանց հաճախ է), ճիշտ է, գլխանց հանդես էր գալիս ռադիկալ դիրքերից, սակայն բողոքավոր զանգվածների կողմից ընկալվում էր մոտավորապես այնպես, ինչպես ընկալվում են Ֆեյսբուքում զինյալ իշխանափոխության մասին գրող օգտատերերը: Սակայն իրավիճակը փոխվեց, երբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի զինյալ գրավումը: Փաստորեն, այդ ապօրինի եւ պետության համար հույժ վտանգավոր գործողությամբ սեֆիլյանականները բավարարեցին բողոքավոր զանգվածների ակնկալիքները, կամ առնվազն դրանց բավարարման հույս գոյացրին: Այժմ շատերն են զարմանում, թե որտեղից հայտնվեց զինյալ խմբին համակրող հսկայական զանգվածը: Բայց չէ՞ որ ժամանակին շատերը ուշադրություն չդարձրեցին կանխատեսումներին, որ ռադիկալիզմի պահանջարկ է ձեւավորվելու: Ու այժմ դա իրականություն է դառնում, եւ այդ զանգվածը կազմում է մոտավորապես նույնքան, որքան 2013-ին կազմում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողները: 
Փոխարենը մի տեսակ ռեյտինգային կտրուկ անկում տեղի ունեցավ «տիտղոսային» ընդդիմադիրների մոտ: Խոսքը ոչ միայն ՀԱԿ-ի, «Ժառանգության», օսկանյանականների, այլ անգամ ԲՀԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի մասին է: Պատահական չէ, որ ընդդիմադիր պատգամավորները ե՛ւ ՊՊԾ գնդի գրավված լինելու ժամանակ, ե՛ւ այժմ, երբ զինված խումբը կալանավորված է, ձգտում են տեսակցել զինված խմբի անդամներին: Պարզ է, որ նրանք հասկանում են` զինված խմբի անդամներին որեւէ խոսք կամ տեսակետ` բավականին էական ազդեցություն է ունենում ռադիկալացած բողոքավոր զանգվածների վրա: Իսկ ընտրություններին մասնակցության մեկնարկը տրվեց Արայիկ Խանդոյանի առաջադրումով, ու ԱԺ ընտրությունների ժամանակ զինված խմբի` ընտրողների տրամադրությունների վրա ներազդելը հաստատ լինելու է: 
Պարզ է, որ կես միլիոն պոտենցիալ քվեների ռեսուրսը անտեր մնալ չի կարող, եւ շատերը կցանկանան դրան տիրանալ: Խոսքը ե՛ւ արտաքին խաղացողների, ե՛ւ ներքին ուժերի մասին է: Բնականաբար, քոչարյանականները կփորձեն տիրանալ այդ ռեսուրսին: Սակայն նրանց պարագայում թեեւ ի վիճակի են տեղական կառույցների ցանցը բավականին արագ ծավալել, ճակատագրական է Ռոբերտ Քոչարյանի անձի գործոնը: Իշխանություն վերցնելու հավակնություն ունեցողը, նոր Սահմանադրությամբ, ուզած, թե չուզած, պետք է գլխավորեն համապատասխան համամասնական ցուցակը: Սակայն, նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ ռադիկալացած զանգվածներին մեկը կարողանա համոզել քվե տալ այն թիմին, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: Դա նաեւ նույն զինված խմբի անդամներն են անզոր` համոզել համակիրներին, որ Ռոբերտ Քոչարյանին քվե տան: 
Անշուշտ, այդպիսի մեծ ռադիկալ ընտրազանգված ունեցողները ահարկու քաղաքական ուժ կլինեին, եթե ունենային ճյուղավորված եւ կառույցների ցանցով օժտված թիմ: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, «Հիմնադիր խորհրդարանի» կառույցները ոչ միայն թույլ են, այլեւ շատ թույլ: Մյուս ընդդիմադիրներին էլ դեռ շաբաթներ առաջ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը այնպիսի բառապաշարով են «քըխ» արել, որ նույնիսկ եթե հավաքվեն իրար գլուխ, էլի առանձնապես նրանցից պողոս-պետրոս դուրս չի գա: Խոսակցություններ են գնում եւ նոր կուսակցություն, զորօրինակ, «Սասնա ծռեր» կոչվող կուսակցություն ստեղծելու մասին, բայց դժվար թե այդպիսի կուսակցության ստեղծումով, կամ համանուն դաշինք արտախորհրդարանական ուժերից ձեւավորելով` լուրջ կառույց գոյանա: 
Ուստի, թերեւս կարելի է ենթադրել, որ նոր ԱԺ-ում ռադիկալ ընդդիմադիր, ու առաջին հերթին` հակառուսական մոտեցումներ ունեցող խմբակցություն կլինի, բայց, դժվար թե, այդ խմբակցությունը լինի բազմամարդ: Ռադիկալ տրամադրություն ունեցող զանգվածների ներուժի մեծ մասը էլի չիրացված կմնա, միգուցե շատերը ընտրություններին չմասնակցեն էլ, առավել եւս, որ այսօր էլ որոշ շրջանակներ նույն Արայիկ Խանդոյանին առաջադրվելու համար արդեն դավաճան են անվանում: 
Բայց մի բան պարզ է` ապակայունացնող զինյալ գործողության նախադեպն արդեն ունենք, ուստի շատ կարեւոր մարտահրավերներից է դրա կրկնությունը թույլ չտալը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Փաստ»․ Իշխանական այս համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА