o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՌՎԱԾ Է»

09.08.2019 21:23 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՌՎԱԾ Է»

Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթը շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Եվ դա սպասելի էր, հաշվի առնելով, որ ելույթի որոշ դրվագներ առնվազն վիճահարույց մտքեր էին պարունակում, մի շարք դրվագներ` միայն տարակուսանքներ առաջացնում, մի շարք դրվագներ էլ՝ զավեշտի տպավորություն թողնում: Այնուամենայնիվ, ո՞րն էր այդ ելույթի իմաստը, Փաշինյանն ասում էր այն, ինչ այդ պահին լեզվին գալի՞ս էր, թե՞ ելույթը «կոդավորված» էր, ուներ իր թաքուն իմաստը: Այս հարցով սկսեցինք մեր զրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ:

«Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել». Լիլիթ Գալստյան

 

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՆԱ  ԿՈՐՑՐԵԼ Է ՍՏԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

- Ելույթի շերտերը մի քանիսն են: Առաջին հերթին արձանագրենք, որ չկարողանալով այլեւս Երեւանում մոբիլիզացնել մասսաներին, զանգվածային հանրահավաք կազմակերպել, նա, օգտվելով Համահայկական խաղերի մեկնարկից, նաեւ Արցախում առանձին քաղաքական ուժերի պատրաստակամությունից՝ իր սիրտը շահելու համար Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մարդկանցով լցնելու առումով, գնաց այդ հանրահավաքի կազմակերպմանը: Դա նրան պետք էր, թերեւս, հետեւյալ նկատառումով. նա շատ լավ հասկանում է, որ իր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ արցախյան խնդրի առնչությամբ առնվազն անհասկանալի դիրքորոշման համար, եւ հանրահավաքով փորձեց դա շտկել: Վերջապես, սա փորձ էր գոնե ֆորմալ առումով վերականգնել, այսպես ասած, ազգային առաջնորդի դիրքերը, ու այս փորձը եւս կատարելապես ձախողվեց: Կարելի է մի քանի հանգամանքներ եւս թվարկել, այդ թվում՝ տնտեսական վիճակը: Այդ ելույթից հաշված օրեր առաջ ի հայտ եկավ, այսպես կոչված, գաղտնի թուղթը, որով նա փորձեց ասել ժողովրդին, որ տնտեսական հրաշք չի լինելու, որ ինչպես վատ ապրել եք, այդպես էլ վատ եք ապրելու, եւ հեղափոխությունը ձեզ չի օգնելու: Եվ նույնը ասաց Ստեփանակերտում, թե լավ ապրելու եք 2050-ին:
– Բայց եթե նպատակներից էր, օրինակ, ձախողված տնտեսական իրավիճակի համար բացատրություն գտնելը, եւ խոստացած «տնտեսական հրաշքը» մինչեւ 2050թ. հասցնելը, հակառակը ստացվեց:
– Իմ կարծիքով, տեղի ունեցավ հետեւյալը. Ստեփանակերտում արձանագրվեց, որ Փաշինյանը, որպես պետական հեռանկար ունեցող գործիչ, ուղղակի սպառված է: Նա այնտեղ եկել էր առանց օրակարգ: Այսինքն, մենք տեսանք մարդու, որն ունի անծայրածիր իշխանություն Հայաստանում, փորձում է ազդեցությունը սփռել Արցախի վրա եւ որը չունի քաղաքական հեռանկար. նա չունի ո՛չ առաջարկելու ծրագիր, ո՛չ համապատասխան թիմ եւ ո՛չ էլ ասելիք: Նրա ասելիքները կեղծ են, որը տեսանք Մարտի 1-ի թեմայով, «կախարդական փայտիկի» մասով, երկրի զարգացման հեռանկարների հետ կապված, եւ այդպես շարունակ: Արդյունքում, այս ելույթն արձանագրեց, որ նա սպառվել է:
– Ի դեպ, տնտեսության հետ կապված նաեւ նման ուշագրավ դրվագ նկատվեց: Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «ներդրումները հայրենիք ունեն» թեմայով, թվարկելով միայն այն հայազգի հայտնի գործարարներին, որոնք մեր երկրում խոշոր ներդրումներ են արել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներում, բայց չտալով գոնե մեկ անուն, ով ներդրում է արել իր՝ Փաշինյանի օրոք: Ի՞նչ է սա, նախկինների արածն իրենով անելու փո՞րձ:
– Թե հայազգի որ գործարարը երբ եւ ինչ ներդրումներ է արել Հայաստանում, դրանք պատմական փաստեր են: Սակայն խնդիրը միայն նախկին իշխանությունների արածները սեփական ձեռքբերում ներկայացնել-չներկայացնելը չէ: Ավելի հետաքրքիր է այն փաստը, որ այդ ներդրումային ծրագրերից շատերը այն ժամանակներում ընդդիմադիր Փաշինյանն էր մերժում: Եվ ահա հիմա դրանք բերում է առաջին պլան՝ ներկայացնելով որպես ազգային նշանակության արժեքներ: Կարծում եմ, հենց միայն այս հանգամանքը արդեն շատ բանի մասին է վկայում: Իսկ, ընդհանուր առմամբ, այն տպավորությունն է, որ նա պարզապես կորցրել է ստի եւ իրականության զգացողությունը: Նույն ելույթի հետ կապված նաեւ նման օրինակ բերեմ: Երբ Արցախի գործող եւ նախկին նախագահները դատարանում երաշխավորությամբ հանդես եկան՝ նախագահ Քոչարյանին ազատ արձակելու հարցով, Փաշինյանը չհապաղեց բողոքել, թե ինչու է այլ երկրի ղեկավարը այստեղի դատարաններին միջամտում: Իսկ ահա Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստանն է»: Այսինքն, գործ ունենք մարդու հետ, ով իրողությունները հարմարեցնում է իր պահի շահերին: Բայց դրանից տուժում է ոչ թե ինքը, այլ մեր երկու պետությունները, եւ ես կարծում եմ, որ այդ վնասի չափերն արդեն կարելի է շատ կոնկրետ հաշվարկել:

 

«ՄԵՆՔ, ՑԱՎՈՔ, ՇԱՏ ՄՈՏ ԵՆՔ ՁԱԽՈՂՄԱՆԸ»

– Փաշինյանի` «Արցախը Հայաստանն է» միտքն առանձին մեկնաբանության կարիք ունի: ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են փաթեթ, որը, ըստ էության, ՄԽ-ի հայտնի վեցկետանոց առաջարկի փաստաթղթային տարբերակն է: Հայտնի է նաեւ, որ պատասխանի համար տրված էր 2-3 ամիս, եւ այդ ժամանակը սպառվում է: Եվ ահա Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստանն է»: Կարո՞ղ ենք մտածել, որ դա ՄԽ-ին տրված պատասխանն է՝ մերժվում է այդ փաթեթը: Թե՞ մտածենք, որ սա այն էր, ինչ պետք էր ասել Արցախում:
– Վախենում եմ, որ նա էլ չունի այդ հարցի պատասխանը: Ուղղակի այդ պահին այդպես էր հարմար, այդպիսի միտք հնչեցրեց: Ուրեմն` ի՞նչ է ստացվում, ո՞ւմ հետ գործ ունենք, պետական գործչի՞, ով բանակցություններ է վարում եւ պատասխանատվություն կրում ՀՀ-ի եւ ԱՀ-ի համար, թե՞ շարքային ընդդիմադիր պատգամավորի, որ ինչ ուզի եւ որտեղ ուզի, կասի: Այդպիսով, ցավոք, ունենք մի ղեկավար, ով այս իրողությունների մեջ խճճվել է կամ պարզապես չի գիտակցում իրավիճակը: Իսկ եթե հաշվի առնենք, որ նման կարեւորագույն մտքեր է հնչեցնում պահի ազդեցության տակ, ապա մենք բոլորս իրոք լրջագույն մտավախությունների առիթ ունենք: Ես կարծում եմ, որ սա լինելու է ձախողումներից մեկը, բայց ոչ հերթականը, քանի որ այս դեպքում հետեւանքները կարող են շատ լուրջ լինել: Եթե Փաշինյանն արցախյան բանակցությունների հունը սխալ ճանապարհով տանի, հետո տարիներ ենք ծախսելու՝ հունը վերափոխելու եւ նորմալ ուղղության բերելու համար: Եթե ընդհանրապես կարողանանք, հաշվի առնելով, որ կան սխալներ, որոնց հետեւանքը կարող է մինչեւ իսկ նոր պատերազմը լինել: Մենք, ցավոք, շատ մոտ ենք ձախողմանը՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ:
– Վերջին ելույթներից մեկում Քոչարյանը կոչ հղեց արցախյան հին գեներալիտետին եւ զինվորականությանը՝ ամուր մնալ: Դա Ձեր նշած վերջին մտքի տրամաբանությա՞ն մեջ պետք է տեսնել:
– Ակնհայտ է, որ Հայաստանից փորձ է արվում ներազդել արցախյան ներքաղաքական կյանքի վրա, եւ դա գնալով ավելի տեսանելի ու առարկայական է դառնում: Մենք չենք կարող պատահականություն համարել տարբեր կոչերը, որոնք հնչեցին Վերածննդի հրապարակում՝ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ: Կամ այն, որ Փաշինյանը շեշտեց Արմեն Գրիգորյանի` Արցախում գրանցված լինելը: Հիշեցնեմ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ամուր լինելն ուղղակի կապված էր այդ ազդեցություններին չտրվելու հետ, եւ ես կարծում եմ, որ դա ամենաողջամիտ կոչն էր, որն այսօր կարող էր լինել:
– Այնուամենայնիվ, Արցախի ներքին իրավիճակը, այն էլ այս ծանրագույն փուլում մի բան չէ: Բաբայանի թեւն իրենն է առաջ տանում, Արայիկ Հարությունյանինը՝ իրենը: Բակո Սահակյանը հեռացող ֆիգուր է, սակայն զգացվում է, որ նա հույսերը կապել է հին գեներալիտետի կամ գոնե դրա մի զգալի մասի հետ, որն էլ հաջորդ առանցքային թեւն է: Ունենք առնվազն երեք հակադիր ուժեղ խմբակցություն, եւ կա մտավախություն, որ կարող ենք կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությունը ստանալ:
– Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ մենք պարզապես պետք է դիտորդի կարգավիճակում լինենք: Ես չեմ կասկածում, որ արցախցիներն իրենց ներքին հարցերն իրար մեջ կկարգավորեն, կգան որոշակի համաձայնությունների: Առավել եւս, որ իմ տպավորությամբ, Արցախի ներքաղաքական պայքարում ոչ մի կամուրջ դեռ այրված չէ: Այսինքն, ՀՀ-ից հնչող միջամտություններով մենք ավելի շատ կարող ենք խանգարել:

«Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ»

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ, ՈՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ՔԱՅԼԻ ՊԱՏՐԱՍՏ Է»

– Գանք Քոչարյանի գործին: Երկրորդ նախագահին երկրորդ անգամ բանտից ազատող դատավորը հայտնվեց աննախադեպ պատմության կիզակետում: Նա դարձավ քրգործով անցնող, նրա աշխատասենյանը առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ խուզարկեցին, առգրավեցին, սակայն բոլորովին այլ՝ Քոչարյանի գործի հետ առնչվող նյութերը: Եվ ահա երկրորդ ատյանի դատարանը այդ խուզարկությունն ապօրինի հռչակեց: Այս ի՞նչ է կատարվում:
– Քոչարյանի գործի հետ կապված մեկ տարվա արդյունքներն ամփոփելիս` ասելու առիթ ունեցել եմ՝ հիմա դժվար է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ Քոչարյանը մարտի 1-ին ինչ-որ հանցանք է կատարել: Ու ոչ միայն ողջ գործն է քանդվել, այլեւ չկա որեւէ օրինական հիմք՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Եվ բոլորն են արդեն պարզ տեսնում, թե ինչ կարգի են բռնաբարում դատական համակարգը՝ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար: Մինչդեռ եթե Քոչարյանին կալանքի տակ պահելու եւ քրեական հետապնդումը շարունակելու հիմքերը բավարար լինեին, ինչների՞ն էր պետք, ասենք, հետապնդել դատավորներին, մյուսին զանգել, ստիպել, թե ուզես-չուզես պետք է կալանքի տակ առնես: Ու Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածն էլ նույն սերիայից է: Նաեւ հիշեցնեմ, որ մենք վերջերս հրապարակեցինք 29 կետանոց խախտումների ցանկը, որոնք թույլ են տրվել Քոչարյանի իրավունքների նկատմամբ, եւ դրանց անգամ տաս տոկոսն է բավական՝ ցանկացած դատարանում գործը հաղթելու համար: Այսինքն, մենք հիմա ապօրինության դաշտում ենք՝ փորձելով օրինական ճանապարհներով պայքարել դրա դեմ: Բայց նաեւ չենք էլ կասկածում, որ հաջողության հասնելու ենք:
– Կարծես թե այն ամենը, ինչի մասին խոսեցինք՝ Քոչարյանի գործից սկսած մինչեւ ներքին իրավիճակ եւ Արցախ, մի ընդհանուր կաթսայի մեջ է: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, ո՞ւր ենք հասնելու:
– Մենք պետք է առաջին հերթին, որպես միասնական հասարակություն, հայ ժողովուրդ, արձանագրենք մեկ բան: Հեղափոխությունը տեղի է ունեցել դժգոհության հողի վրա, բայց հեղափոխության հեղինակները պարզապես խաբել, մոլորեցրել են մարդկանց՝ իրենց իրական նպատակների վերաբերյալ: Ստեփանակերտում եւ դրանից առաջ, այսպես կոչված, գաղտնի թղթից խոսելով, Փաշինյանը պարզապես ապացուցեց պետական կառավարման հարցում իր ոչ ունակ, ներկայացրած գաղափարների սին լինելը: Ապացուցեց, որ պարզապես խաբել է մարդկանց՝ ասելով, թե ինքը կգա, ու ամեն ինչ լավ կլինի: Այսինքն, նախ պետք է այս վիճակը արձանագրենք, տանք ճիշտ ախտորոշումը: Հաջորդ քայլով պետք է, պատկերավոր ասած, ազգովի նստենք կլոր սեղանի շուրջ եւ հասկանանք, թե հետո ինչ ենք անելու: Պետք է մշակել պետական զարգացման նոր օրակարգ, եւ ցավոք, դա արվելու է իշխանության փոխարեն, քանի որ իշխանությունը նման օրակարգ պարզապես չունի: Եվ վերադառնալով նախագահ Քոչարյանի հիմնական գաղափարներից մեկին, նշեմ. այո, մենք պետք է գնանք «կոնցենսուս մինուս 1» ճանապարհով, որովհետեւ իշխանությունը պարզապես ինքն իրեն դուրս է դնում համազգային կոնցենսուսից, չկա մի որեւէ դրվագ, որտեղ կփորձի իրեն կոնստրուկտիվ դաշտում դրսեւորել, ոչ թե կենացային, այլ իրական գործընթաց սկսի՝ համազգային համերաշխության հասնելու համար: Ընդունի իր սխալները, որ մոլորվել է: Բայց ես չեմ տեսնում, որ իշխանությունն այս արդարության, ազնվության ճանապարհով շարժվում է:
– Դրանից ելնելո՞վ է, որ աշնանը Քոչարյանը կանխատեսեց սրացումներ:
– Բնականաբար: Աշնանը կարող է որեւէ գործընթաց չլինել երկու պարագայում: Եթե իշխանությունը հանկարծ արթնանա ու սկսի շարժվել արդարության ճանապարհով եւ փորձի ինքը կոնսոլիդացնի քաղաքական ուժերին՝ ազգային փրկության գաղափարի շուրջ: Սակայն դրա նախադրյալները չեմ տեսնում: Եվ երկրորդը, եթե ինչ-որ դժբախտ հրաշքով Հայաստանի քաղաքական ուժերը դադարեն մտահոգված լինել երկրի ապագայով եւ որոշեն, որ մեր պետությունը նվիրում են մեկ մարդու քմահաճույքներին: Մնացած բոլոր պարագաներում ես որեւէ կասկած չունեմ, որ քաղաքական ուժերի շարժի միտումները լինելու են դեպի միավորում, դեպի կառուցողական օրակարգերի ձեւակերպում:
– Կա նաեւ դա թույլ չտալու երրորդ ճանապարհը՝ պատերին ծեփելն ու ասֆալտին փռելը:
– Դիկտատուրայի ճանապարհը միշտ էլ կա, դրա հնարավորությունը ցանկացած իշխանություն էլ ունի: Պարզ է նաեւ, որ դա մի քանի օր է տեւելու կամ մի քանի շաբաթ: Պարզապես այդ ընթացքում շատ բան կկորցնենք, այդ թվում՝ միջազգային ժողովրդավարական վարկի մնացորդները, այն առավելությունը, որն այդ առումով ունենք Ադրբեջանի նկատմամբ եւ այլն: Դա ճանապարհ է, որը տանում է անդունդ ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ մեզ բոլորիս: Չնայած, իշխանությունը եւ նրա ղեկավարը ցույց Է տվել, որ ցանկացած էքսցենտրիկ քայլի պատրաստ Է: Դատարանների շրջապատումից հետո ցանկացած բանի պետք է պատրաստ լինել:

«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА