КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի երկրների և Ավստրալիայի ղեկավարները հրավերներ են ստացել՝ մասնակցելու Հոլոքոստի հիշատակին նվիրված Հինգերորդ համաշխարհային համաժողովին, որը կանցկացվի 2020-ի հունվարի 23-ին Իսրայելի «Յադ Վաշեմ» Հոլոքոստին նվիրված հուշարձանում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրոպական հրեական համաժողովին, միջոցառումը նվիրված կլինի Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին, ինչպես նաև հակասեմականության աճին ժամանակակից աշխարհում:
«Երբ ողջ աշխարհը պատրաստվում է նշել Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի 75-ամյակը, այդ միջոցառման ուղերձը բավականին պարզ է. ժամանակակից աշխարհում տեղ չկա հակասեմականության համար»,- ասվում է կառույցի մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրենց մասնակցությունը միջոցառումներին հաստատել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ավստրիայի նախագահներ Էմանուել Մակրոնը, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Սերջո Մատարելան և Ալեքսանդր Վան դեր Բելենը: