o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՎԱՆԻՑ ԱՌՆՎԱԶՆ 100 ՄԼՆ ԽՄ ՋՈՒՐ Է «ԿՈՐԵԼ»

04.09.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԱՆԻՑ ԱՌՆՎԱԶՆ 100 ՄԼՆ ԽՄ ՋՈՒՐ Է «ԿՈՐԵԼ»

Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե՝ անցած տարվա համեմատ Սեւանից 51 մլն խ/մ-ով պակաս ջրառ է իրականացվել:

ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՍԵՎԱՆԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՈՒՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԻ ԼԻՆԻ

Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեեւ լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի վատացրեց վիճակը: Այսպես, կոմիտեն, չգիտես ինչու, «թյուր մեկնաբանություն» որակեց լճի մակարդակի 1 սմ-ով նվազելու տեղեկատվությունը, թեեւ իր հայտարարությունն   ըստ էության հաստատեց, որ սխալ չկա, օգոստոսի 29-ին նման անկում փաստացի եղել է. էլ ի՞նչ «թյուր մեկնաբանություն»: Բայց դա մի կողմ: Կոմիտեն փորձում է համոզել, որ օգոստոսի 29-ի պատկերը պատահականություն է, իսկ ահա սեպտեմբերի 1-ին ամեն ինչ տեղն է ընկել. «Ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը»: Բայց երեւի այդպես էլ չեն գիտակցել, որ ամբողջ խնդիրը ոչ թե 1 սմ բարձր կամ ցածրն է, այլ, որ լճի մակարդակը գրեթե անցած տարվա վիճակում է: Եվ հենց իր հայտարարությամբ էլ կոմիտեն օրակարգ է մղել այդ խիստ մտահոգիչ հարցը: Բացատրենք...

Ըստ կոմիտեի տվյալների. «Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանի մակարդակը 1900.63մ է, նույն ցուցանիշն է 2018թ. նույն օրվա դրությամբ»: Մինչդեռ. «Արփա-Սեւան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 148. 343մլն խ/մ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538մլն խ/մ էր»: Այսինքն, մուտք եղած ջուրը 16.805մլն խմ-ով այս տարի ավել է: Միեւնույն ժամանակ. «Նույն օրվա դրությամբ այս տարի Սեւանից բաց է թողնվել 129.044 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խմ էր»: Այսինքն, ջրթողը մոտ 46 մլն խմ-ով պակաս է եղել: Միայն այս երկու պարամետրերի հաշվին լճում այս տարի մոտ 63 մլն խմ-ով ջուրը պետք է ավելանարՄիաժամանակ կոմիտեն արդարացիորեն հիշեցնում է` սրանք ամենեւին էլ Սեւանի մակարդակի վրա ազդող միակ գործոնները չեն: Կա այլ ուղիներով (տեղումներ, ջրհավաք ավազան) ջրերի ներհոսք, եւ ելք՝ գոլորշիացման միջոցով (կա նաեւ ստորգետնյա հոսք, որը հիմնականում ստանդարտ ծավալներով է, եւ շրջանցենք): Բայց...

Կոմիտեն հիշեցնում է, որ անցած տարի լրացուցիչ ջրառի թույլտվություն եղավ, նախատեսված 170-ի փոխարեն վերցվեց մոտ 200 միլիոն խմ: Ինչո՞ւ: Պահանջարկ կար, այսինքն՝ եղանակային պայմանները երաշտային էին, հավելյալ ջուր էր պետք: «Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլեւ համակարգում կանխատեսում են եւս 5-10 մլն խմ ջրի խնայողություն»: Նշանակում է, որ եղանակային պայմանները շատ ավելի բարենպաստ են եղել: Իսկ դա պետք է բերեր նման արդյունքի. այլ ուղղություններով լիճ ջրի մուտքի ավելացում եւ ավելի քիչ գոլորշիացում, այսինքն՝ էլի լճի ջրերի ավելացում: Թե կոնկրետ ինչ ծավալով, դա մասնագիտական հաշվարկի խնդիր է: Բայց այդ թիվը պետք է էական լինի, հաշվի առնելով, որ Արփա-Սեւանով ավել մուտք գործած 16.8 մլն խմ-ն, ի վերջո, նույնպես համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանների հետեւանք է: Արդյունքում, եթե այլ մուտքերով եւ պակաս գոլորշիացման արդյունքում ջրերի ավելացման ցուցանիշն ավելացնենք մյուս երկու պարամետրերով 63 մլն խմ-ով ավելացմանը, պետք է ստանանք ամենաքիչը մի 100 մլն խմ-ով լճի ծավալի աճ: Այս իրավիճակում ոչ մի պարագայում Սեւանի մակարդակը չէր կարող հավասար լինել անցած տարվա ցուցանիշին. պետք է ունենայինք նկատելի աճ (թե ինչքան, դա կոնկրետ հաշվարկի խնդիր է): Բայց կոմիտեն էլ է խոստովանում, որ որեւէ աճ չկա: Արդյունքում մեկ պարզ հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞ւր է անհետացել ավելացման ենթակա այդ առնվազն 100 մլն խմ ջուրը: Ու մինչ կոմիտեն կմտածի այդ կապակցությամբ համոզիչ եւ հիմնավոր բացատրություն տալու մասին, ստիպված ենք մտածել, որ այն գնացել է «լեւի» ճանապարհներով:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА