o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ ՌՈՒՍՆԵՐԻՆ «ԳՑԵԼՈՒ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

18.09.2019 14:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ ՌՈՒՍՆԵՐԻՆ «ԳՑԵԼՈՒ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Վանեցյանի եւ Օսիպյանի հրաժարականի դեռ «շատ ջուր վերցնելու ունակ» պատմությունը մեկ միանգամայն ուշագրավ երանգ եւս ուներ: Այն զգացվեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ռեակցիայից՝ կապված Վանեցյանի հրաժարականի հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

Այսպես, վարչապետի ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ խոսնակն անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարության տեքստին, նման մեկնաբանություն տվեց. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն...»:

Այսպիսով, ո՞վ է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը: Մի կողմից` հասկանալի է, եթե չունենար անվտանգության երաշխիք, Վանեցյանը հազիվ թե նման սկանդալի գնար: Ու Կարապետյանն էլ դա է ակնարկում, թե Վանեցյանը համապատասխան «թիկունք»: Ճիշտ է, նա անմիջապես էլ մեղքը բարդում է ինչ-որ կոռուպցիոներների PR-շիկների վրա, սակայն դա բավականին անլուրջ է. հայաստանյան այդ ո՞ր «չպատժված կոռուպցիոները» կարող է վարչապետի հովանու տակ գտնվող հզոր ԱԱԾ պետին ոչ միայն հրաժարականի դրդել, այլ այսպիսի սկանդալային հրաժարականի: Ինչ է, Վանեցյանին կաշառե՞լ են, վախեցրե՞լ կամ ի սկզբանե նրչանց վրա՞ էր աշխատում: Բայց եթե Վանեցյանն այլ «տեր» ուներ, ինչո՞ւ ժամանակին Նիկոլը նրան նման կարեւոր պաշտոն տվեց: Բացի այդ, եթե Հայաստանում կա նման զորեղ «կոռուպցիոներ», ով կարողանում է «հեղափոխական» ԱԱԾ պետին վախեցնել կամ կաշառել, ուրեմն նա կարող է շատ ավելի փոքր ջանքերով նույնը պարտադրել մնացած բոլոր չինովնիկներին:

Չնայած, հարցին այլ կողմից մոտենանք: Այն, որ հայաստանյան ԱԱԾ-ի հետ միշտ էլ սերտ կապեր է ունեցել եւ ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, հասկանում են բոլորը: Նաեւ ասել, թե ԱԱԾ պետն առանց ռուսների համաձայնության կփոխվի, էլի միամտություն կլիներ: Այ, ռուսները կարող էին լինել այն «թիկունքը», որը Վանեցյանին հանդգնության հասնող նման համարձակություն կներշնչեր: Իսկ ինչո՞ւ ոչ ամերիկացիները. վստահեցնում ենք, այդ դեպքում արդեն լեւոնական Կարապետյանը տեքստ գրողների մասին բառ անգամ չէր արտաբերի:

Սակայն եթե առաջնորդվենք այս վարկածով, դա կնշանակի մեկ բան՝ Փաշինյանին ուղղված այս հարվածը գալիս է Մոսկվայից: Կամ հակառակը. Փաշինյանը հեռացնելով լավ թե վատ, ռուսների հետ հարմարված Վանեցյանին, առաջին հարվածը հասցրեց, եւ Վանեցյանի հրաժարականի տեքստն էլ պատասխանն էր: Առավել եւս, որ երբ Վանեցյանը խոսում է «որոշումների տարերայնությունից» եւ «առաջնայինը երկրորդականից չտարբերելուց», նման երանգ ունի. ի վերջո, հենց արտաքին քաղաքականության մեջ է, որ Փաշինյանն արդեն այնքան է այս ու այն կողմ ընկել, որ արդեն կարծես Մոսկվայում էլ լավ չեն պատկերացնում՝ նրան գովեն Լեհաստան չգնալո՞ւ, թե՞ հայհոյեն, օրինակ, սորոսականների հետ հանդիպումների համար: Իսկ հանուն անձնական քինախնդրության Քոչարյանին կալանքի տակ պահելով՝ հայ-ռուսական հարաբերություններին նման վնաս հասցնելն արդյոք «առաջնայինը երկրորդականից չտարբերելու» ակնառու օրինակ չէ՞:

Ամեն դեպքում, եթե անգամ Վանեցյանի հետ ռուսները որեւէ կապ չունեն, մեկ է, այս օրերին Փաշինյանին ուղղված ճնշումների նոր դրվագներ եւս սկսում են ի հայտ գալ: Այդ թվում, հերթական անգամ շրջանառության մեջ հայտնվեց գազի գնի թեման: Եվ նկատենք. արդեն մոտենում է ժամանակը, երբ ռուսները գալիք տարվա գազի գին կսահմանեն, որը, ըստ շրջանառվող խոսակցությունների, կարող է 25-30 տոկոսով բարձր լինել ներկայիս գներից: Ու թե առանց այն էլ այս խառը օրերին նման թանկացման հեռանկարը ինչ նոր սրացումներ է խոստանում, դժվար չէ պատկերացնելը:

Թե Մոսկվայի ինչին էր պետք այս պահին մեծացնել ճնշումները, կամ առնվազն հասկացնել տալ այդ մասին, կարելի է կռահել Վանեցյանի հրաժարականի հետ կապված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այս կարծիքից. «Կա նաեւ աշխարհաքաղաքական մեծ գործոն, եւ իմ կանխազգացումներով, արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի ուղեղում եւ կաբինետում եփվում է աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների որոշման նախագիծ: Վանեցյանի հրաժարականը ես կապում եմ այդ խլվլոցների, այդ դավադիր պրոցեսի նախապատրաստման հետ»: Իսկ թե որն է «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունը», դա էլ է հասկանալի. ռւոսական վեկտորից հրաժարվելը:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Ասվածում, իհարկե, լուրջ տրամաբանություն կա: Նկատի ունենք, որ վերջին ժամանակներս գնալով ակնհայտ են դառնում այն սրացումները, որոնք կան հայ-ռուսական, ավելի ճիշտ՝ ՀՀ գործող իշխանությունների ու Մոսկվայի միջեւ: Թե ինչու, դրա հիմքերն էլ են հասկանալի եւ, թերեւս, կապված ընդհանուր տարածաշրջանային իրողությունների հետ: Այսպես, նախ ֆիքսենք, որ չնայած ընդհանուր սուր իրողություններին, սակայն կապված Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանման ուղղությամբ հանտնի հարձակման հետ, ինչպես որ ենթադրել էինք, Թրամփին կարծես թե այդպես էլ չեն կարողանում ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ: Մի խոսքով, այս ուղղությամբ իրավիճակը կանխատեսելի հունից դուրս գալու հակումնե չի ցուցաբերում: Նույնը ցույց տվեց նաեւ Անկարայում կայացած Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը: Այն է, Սիրիայի հետ կապված նրանց պայմանավորվածությունները պահպանվում են եւ մտել են եզրափակիչ՝ հակամարտության քաղաքական կարգավորման փուլ: Երկկողմ հարաբերություններն էլ ընթանում են փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հարթությունում:

Կարճ ասած, այս իրավիճակը հերթական ակնարկն է Պուտին-Թրամփ առնվազն համաձայնեցված քայլերի, դրանով էլ պայմանավորված, նաեւ այն մասին, որ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակը մտնում է վերջնական բալանսավորման փուլ: Իսկ դրա դետալներից մեկն էլ կարող է դառնալ արցախյան բանակցային գործընթացն ու դրա շրջանակներում ՄԽ-ի առաջարկած հայտնի կարգավորման մեխանիզմը: Ընդգծենք, դրանց թվում տարածաշրջանային նշանակության առանցքային դետալ է հայ-ադրբեջանական շփման գծում, այսինքն՝ նաեւ Իրանի սահմանին ռուսական խաղաղարարների տեղակայման դրույթը, ինչը կարող է դառնալ այդ տարածաշրջանային բալանսը պահպանող առաջնային գործիքներից մեկը:

Բայց ահա Փաշինյանն այդպես էլ որեւէ հստակեցում չի մտցնում ՄԽ-ի այդ առաջարկն ընդունել-չընդունելու հարցում: Ավելին, վերջին ասուլիսում կրկնեց` «Արցախը Հայաստանն է» Ստեփանակերտում հնչեցրած հայտնի միտքը, որը բավականին բուռն արձագանքներ էր ստացել նաեւ արտաքին հարթակներում: Իհարկե, Փաշինյանը լավ հասկանում է, որ ՄԽ այդ առաջարկին ընդառաջ գնալը կդառնա իր պաշտոնավարման վերջին քայլը: Բայց ահա առանձնապես դիմադրելու քայլեր էլ չկան, եւ կարելի է ենթադրել, որ նա կփորձի ելքը գտնել Աշոտյանի ասած` «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» մեջ, այն զուգորդելով ներքին բռնապետական ռեժիմ հաստատելու հետ: Եթե գործում է այս վարկածը, ապա «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» հնարավոր լինել-չլինելը Փաշինյանի համար վերջնականապես պարզ կդառնա սեպտեմբերի 21-ին մեկնարկող ԱՄՆ այցի շրջանակներում: Այն, որ նման ինչ-որ փորձ Փաշինյանից այդ այցի ընթացքում սպասելի է, առիթ ունեցել ենք ենթադրություն հայտնել՝ ելնելով նաեւ մի շարք այլ ազդակներից: Բայց կա՞ն այդ այցից ինչ-որ սպասելիքներ: Մինչ այս էլ նման ազդակներ չկային, եւ այն այցի օրակարգն էլ էլի ինչ-որ արտառոց տեղաշարժեր չի ենթադրում:

Ի վերջո  Իրանի հետ կապված հիշատակված պատմությունը եկավ հուշելու, որ կան Պուտին-Թրամփ որոշակի խաղի կանոններ, որոնք պահպանվում են: Իսկ որ այդ տրամաբանության մեջ է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանն ու, մասնավորապես՝ արցախյան թեման եւ այդ ուղղությամբ տարվող գործընթացը, դա էլ է կռահել: Մի խոսքով, այս տրամաբանությունը եւս հուշում է, որ Փաշինյանի ամերիկյան այցը հազիվ թե ինչ-որ տեղաշարժերի բերի, ինչքան էլ որ նա ցանկանա կամ չցանկանա «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА