o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԼԵՖԸ ԵՎՍ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

20.09.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԼԵՖԸ ԵՎՍ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

Դեռ այս տարվա առաջին ամիսներից սկսած Փաշինյանն իր «ձեռքբերումների» ձայնապնակի հիթը դարձրեց հարկային գերակատարումների հարցը: Եվ ամենացնցողը, թեեւ այն ժամանակ դեռ տարին չէր էլ կիսվել, սակայն վարչապետը նաեւ կոնկրետ թվեր էր հայտարարում. «Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում...»:

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

Նկատենք, հարկային գերակատարումների, եւ, առհասարակ, տնտեսական իրողությունների մասին նման կոնկրետ գնահատականներ տալն ու հիմնավորելը ամենաքիչը Նոբելյան մրցանակի արժանի կլիներ: Իսկ ահա Փաշինյանը հիմնավորումներ չտվեց եւ զրկվեց մրցանակից, ինչը դեռ այն ժամանակ բազում հարցեր առաջ քաշեց: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերն առավել քան համեստ են, այսինքն՝ տնտեսական աճի հաշվին չէ, որ հարկային աճի թռիչքներ կարող են լինել: Ուրեմն, Փաշինյանի ասած այդ 62 հավելյալ միլիարդի էական մասը պետք է ապահովվեր ստվերի կրճատման հաշվին: Հակառակ դեպքում, պարզապես կառավարությունն ինքն իրեն ծիծաղելի վիճակի մեջ կդներ. եթե խոսում են ստվերի դեմ համատարած պայքարից, ապա ո՞ւր է դրա հարկային արդյունքը: Բայց ահա կոնկրետ թիվ ներկայացնելով, Փաշինյանն այն ժամանակ լուրջ սխալ թույլ տվեց. իսկ այդ ինչպե՞ս է որոշել, թե ստվերի դեմ պայքարն ինչ ծավալներ կունենա, որքան կկրճատվի այն, ու դա ինչ հարկային էֆեկտ կունենա: Բայց երբ ասում է՝ 62 միլիարդ, դա նշանակում էր, որ կոնկրետ գիտի, որ այս-այս ձեռնարկությունները ստվերում են, այսքան հարկեր են թաքցնում, եւ, կրճատելով, ուղիղ այսքան հավելյալ գումար կստացվի: Բայց ահա այս տարօրինակ պատկերը նաեւ երկրորդ սերիա ունեցավ: Այսպես, թեեւ վարչապետը մայիսի վերջերին էր խոսում տարեկան 62 միլիարդ հավելյալ գումարի մասին, բայց ահա օրերս իր 100 փաստերի մեջ նա ներկայացրեց. «2019 թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր»: Բայց այդ ինչպե՞ս, երբ այդ առաջին կիսամյակի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ նման ճշգրտությամբ խոսում էր միայն 62 միլիարդից: Բայց ամենամեծ հարցն այն է, թե որտեղի՞ց այդ կիսամյակային 152 միլիարդ աճը: Բանն այն է, որ ՊԵԿ-ին իր պաշտոնական կայքում ներկայացնելով օգոստոսի դրությամբ հարկահավաքման վիճակը, հունվար-հունիսի համար «Ընդամենը վճարված հարկային եկամուտներ եւ պետական տուրք» տողով ներկայացրել է 697.7 միլիարդ դրամ (տե՛ս աղյուսակը): Նույն ՊԵԿ-ի անցած տարվա տեղեկատվությամբ, 2018թ. նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր մոտ 602.1 միլիարդի փոխարեն: Եթե նոր իշխանությունների օրոք մաթեմատիկան էլ չի փոխվել, ապա ստանում ենք կիսամյակային 95.6 միլիարդ դրամ կամ 15.9 տոկոս աճ: Ասենք, թե որտեղից է Փաշինյանը գտել իր աննախադեպ 25 տոկոսանոց 152 միլիարդ դրամը, դա էլ ամենաէականը չէ: Կիսամյակային 95 միլիարդ դրամ աճն էլ տպավորիչ կլիներ, եթե միայն պարզ լիներ՝ ինչի հաշվին է այն եւ որքան ժամանակ կպահպանվի: Եվ այս տեսանկյունից վաղ վերադառնանք վարչապետի մայիսյան 62 միլիարդ գերակատարմանը, ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ ՊԵԿ նախագահ Անանյանի բավականին խճճված մեկնաբանությանը՝ կապահովենք-չենք ապահովի ոճի մեջ: Բայց ամենահետաքրքիրը, այդ մեկնաբանությամբ Անանյանը հերթական անգամ ակնարկեց հարկահավաքման հաշվարկի մեթոդաբանության փոխությանը, որի մասին խոսում է դեռ անցած տարվանից: Եվ իրոք, անցած տարի նման մեկ դրվագ արձանագրվեց, որն այնքան համեմված էր տնտեսագիտական խուճուճ բացատրություններով, որ հանրության համար աննկատ մնաց: Բայց իմաստը սա էր՝ հարկայիններն անցնում են հարկահավաքման հաշվարկի նոր մեթոդաբանության, որը նկատելիորեն տարբերվում էր մինչ այդ գործողից: Ընդ որում, դա այն փուլն էր, երբ սկսել էր նկատվել «նախկին ռեժիմի» հարկահավաքման նկատմամբ լուրջ տատանումներ, այսինքն՝ պետք էր մի բան անել՝ ցույց տալու համար, որ ահա պայքարում են կոռուպցիայի դեմ, եւ դրանից բյուջեն կտրուկ լցվում է: Միգուցեեւ տնտեսագիտորեն նոր մեթոդ է ճիշտ, դա նեղ մասնագիտական հարց է: Սակայն անկախ ճիշտ ու սխալի, այդ անցումը փոխում էր նախորդ ժամանակաշրջանների համեմատ համեմատությունները, այսինքն՝ սպասվում էին դրա հաշվին աճի հավելյալ ցուցանիշներ: Սակայն դա նախ՝ էֆեկտիվ աճ չէ, եւ երկրորդը, ունի ժամանակավոր բնույթ. գալու է պահը, երբ համեմատելու ես նույն մեթոդներով հաշվարկված մուտքերը, եւ վերջ թռիչքներին: Եվ պատահական չէր նաեւ պարոն Անանյանը դեռ մայիսին զգուշացնում, որ եթե անգամ առաջին կիսամյակում թռիչքներ լինեն, երկրորդ կիսամյակում նման սպասելիքները ռեալ չեն: Եվ ահա առաջին կիսամյակից հետո ունենք որոշակիորեն այլ պատկեր: Այսպես, նույն ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով, հուլիսին հավաքվել է 120.3 միլիարդ՝ անցած տարվա հուլիսի մոտ 106.9 միլիարդի դիմաց: Աճը 13.4 միլիարդ է, այն դեպքում, երբ 2017թ. հուլիսի 91.6 միլիարդ դրամի համեմատ անցած տարվա նույն ամսին ավել էր հավաքվեց 15.3 միլիարդ դրամ: Այսինքն, անցած տարվա հուլիսին ունեցել ենք նկատելիորեն ավելի բարձր աճ, որի ֆոնին Փաշինյանի աննախադեպ աճը լիովին կորցնում է հմայքը: Իսկ ահա այս օգոստոսին հավաքվել է 111.2 միլիարդ՝ անցած տարվա 103.6 եւ նախանցած տարվա՝ 94 միլիարդի դիմաց: Այսինքն, 2017թ. օգոստոսին ունեինք 9.6 միլիարդ աճ, այս տարի՝ 7.6: Իհարկե, անցած տարվա հարկային ավելացումները եւս «հեղափոխական» ՊԵԿ-ինն է, ինչպես այս տարվանը: Պարզապես նկատենք, որ էապես փոխվել է աճի դինամիկան, եւ կան բոլոր նախադրյալները, որ դա կշարունակվի: Ընդ որում, այս տարվա հուլիս-օգոստոսի այդ աճերը գոնե համապատասխանում են տնտեսական աճի մասին վիճակագրական ցուցանիշներին: Բայց այս դեպքում բոլորովին այլ հարց է առաջ գալիս. իսկ ո՞ւր մնացին ստվերի դեմ պայքարից առաջացող գումարները: Ինչ է, արդեն ողջ ստվերը, կոռուպցիան ու նման բաները վերացրեցի՞ն: Լավ, բայց չէ՞ որ վերջին ամիսներին 10 տոկոսից էլ պակաս աճի ցուցանիշներ ունեն, այսինքն՝ ողջ ստվերը դա՞ էր: Թե՞ պայքարում են, բայց տնտեսության անկումներն այնպիսին են, որ ստվերի կրճատումն արդեն էական դեր չունի: Ամեն դեպքում, սա այն պատկերն է, որը Փաշինյանին նաեւ հարկահավաքման մասով ռեկորդներից խոսելու առիթ չպետք է տար: Բայց խոսում է:

Ամենաշատն ո՞ւմ իշխանության օրոք եւ ինչքանով է բարձրացել ամսական միջին աշխատավարձը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА