o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սփյուռքը Հայաստանի թոքերն է, ցավոք, այսօր այդ թոքերը միայն հոգոց եւ հեւոց են հանում»

06.10.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սփյուռքը Հայաստանի թոքերն է, ցավոք, այսօր այդ թոքերը միայն հոգոց եւ հեւոց են հանում»

ՀՀ սփյուռքի նախարարությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերին նշում էր նախարարության հիմնադրման օրը, սակայն նախարարության լուծարման պատճառով այս տարի նման նշանակալից օր չի լինի եւ չի նշվի: Այս եւ Սփյուռքի վերաբերյալ այլ կարեւոր հարցեր քննարկեցինք ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադիր Հրանուշ Հակոբյանի 2013-14 թվականներին մամլո խոսնակ աշխատած ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

- Պարոն Խուրշուդյան, որպես ոլորտին քաջածանոթ մարդ, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա Սփյուռքի հանձնակատարի աշխատանքը:

- Ես Զարեհ Սինանյանին երկու, երեք անգամ եմ տեսել, երբ Հայաստանում էր եւ, որպես Գլենդելի քաղաքապետ, պետք է հանդիպեր տիկին Հակոբյանի հետ: Հանդիպումներից մեկում անձամբ ներկա եմ եղել, սակայն որեւէ շփում չեմ ունեցել, այսինքն՝ որպես մարդ ես նրան չեմ ճանաչում, իսկ որպես հանձնակատարի պաշտոնը զբաղեցրած անձ՝ նրա աշխատանքը, մեղմ ասած, բացասական է:

Հանուն արդարության պետք է փաստենք, որ Հրանուշ Հակոբյանից հետո շատ դժվար է աշխատել եւ զբաղեցնել Սփյուռքի հարցերով պատասխանատուի դերը, քանի որ Հրանուշ Հակոբյանի աշխատասիրությունն ու գործին քաջածանոթ լինելը հեշտացնում էր բոլորի աշխատանքը: Լինում էին իրավիճակներ, որ նախարարի իմացության շնորհիվ աշխատակիցները միայն տեխնիկական հարցերն էին լուծում, իսկ գաղափարական հատվածը արդեն համարվում էր իրագործված:

- Խոսենք օրինակներով. ի՞նչ խնդիրներ կան, որոնք այսօր չեն արծարծվում:

- Նախեւառաջ հանձնակատարի գրասենյակի գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ռուսական համայնքներում՝ հայապահպանությանն առնչվող հարցերից սկսած, հայ ընտանիքների ուծացման խնդիրներից վերջացրած:

Սփյուռքը Հայաստանի թոքերն է, որոնք պետք է ներդաշնակ շնչեն, շատ աշխատելու շնորհիվ կարող ենք բացել նրա երկրորդ շունչը, արագացնենք նրա ռիթմը, սակայն, ցավոք, այսօր այդ թոքերը միայն հոգոց եւ հեւոց են հանում:

Սփյուռքի կարեւորագույն խնդիրներից մեկն այսօր սփյուռքահայերի համար լուրջ ներդրումային քաղաքականություն ստեղծելն է, որը պետք է լինի ոչ թե ելույթների տեսքով, այլ հստակ ներդրումային ծրագրերով ու նախագծերով: Սփյուռքում վստահում են տեսական, թղթի վրա, կանոնավոր գրված ծրագրերին, եւ դրանց իրագործման համար, կասկած չունեմ, որ ներդրողներն ու հայրենասեր հայորդիները կհամախմբվեն ու կցուցաբերեն կուռ միասնականություն:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կարեւորագույն խնդիրներից է նաեւ տեղի կուսակցությունների հետ համագործակցությունը, եւ պետք է նրանց հետ հարաբերությունները դնել վերկուսակցական հարթության վրա: Օրինակ՝ Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմինը որոշեց դուրս գալ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից, սակայն ՀՅԴ-ն Սփյուռքի համայնքներում ունեցած իր ակտիվ գործունեությունն ու գործակցությունը չէր դադարեցնում ՀՀ սփյուռքի նախարարության հետ, ավելին, անգամ բացասական տարրեր նկատելի չեն եղել: Այսպիսի հարցերում այսօրվա հանձնակատարի գրասենյակն, իրոք, շատ անելիքներ ունի:

- Ձեր թվարկածներից բացի, գոյություն ունե՞ն նաեւ այլ հարցեր, որոնք Ձեզ շատ են անհանգստացնում:

- Այո՛, ցավոք սրտի կան այդպիսի հարցեր: Գիտեք ՀՀ սփյուռքի նախարարությունը լոկ կառավարության կազմում ընդգրկված կառույց չէր, այն տիկին Հրանուշ Հակոբյանի հասարակական-քաղաքական, գիտամանկավարժական երկար տարիների ունեցած փորձի շնորհիվ դրվեց նաեւ ակադեմիական մակարդակի վրա: Հենց նախարարության հիմնադրման օրվանից 2008-ի աշնանը Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցության շնորհիվ համալսարանում բացվեց Սփյուռքագիտության ամբիոնը, որն ավարտած ուսանողներից շատերը համալրում էին Սփյուռքի նախարարության աշխատակիցների շարքերը:

Տպագրվում էին այնպիսի հրատարակություններ, որոնք իրենցով արդեն մեծ արժեք էին ներկայացնում, դառնում գիտական ուսումնասիրության առարկա, ծանոթացնում սփյուռքյան համայնքների գործունեությանը (Հայկական Սփյուռք տարեգրքերի թողարկում, արեւմտահայ եւ սփյուռքահայ գրողների աշխատանքների հրատարակում եւ այլն): Սրանք թերթոններ չէին, սրանք լուրջ գործեր էին, որոնցով երիտասարդներին ու գիտությամբ զբաղվող մարդկանց ուշադրությանն էր հրավիրվում դեպի անսահման ու անեզր Սփյուռք, դեպի մեր պատմության եւ ազգի պահպանության խորքեր: Սրանք աշխատանքներ էին, որոնցով մեր մատները մշտապես պահում էինք Սփյուռքի զարկերակին եւ նոր սանդղակի վրա դնում Հայաստան-Սփյուռք-Արցախ գործակցությունը: Այդ գործակցության ցցուն փաստերն են լրագրողների, իրավաբանների, ոսկերիչների եւ այլ մասնագիտական համաժողովների կազմակերպումը, այդ ոլորտների մարդկանց համախմբումն ու միմյանց ճանաչելի դարձնելը: Ահա թե ինչու եմ ասում, որ այսօրվա ՀՀ սփյուռքի հանձնակատարի աշխատանքները հապաղում են, որովհետեւ ես կարող եմ անվերջ թվարկել աշխատանքներ, որոնք ակտիվ են եղել միշտ, ընթացքից հետ չեն ընկել եւ հարյուրավոր սփյուռքահայերի հավերժ կապերով ամրացրել են իրենց Հայրենիքին:

- Ձեզ անհանգստացնող այս խնդիրների լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

- Կարծում եմ, որ այսօրվա ոլորտի պատասխանատուները ուղղակի չեն պատկերացնում աշխատանքների բնույթն ու դրանց կարեւորության հեռանկարները: Ես ունեմ ընդամենը մեկ ցանկություն՝ այս եւ այլ խնդիրները վեր հանել, ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ ասել, որ Սփյուռքի հետ գործելիս պետք է ոչ թե գործենք՝ հիմքում դնելով քաղաքական ասպեկտը, այլ ռազմավարական, որն էլ ներդրումային քաղաքականության եւ ծավալի առումով կարող է հանդիսանալ ե՛ւ խթանող ուժ, ե՛ւ տնտեսության զարգացման կարեւոր բաղադրիչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА