o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ

18.10.2019 20:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ

Դեռեւս 2017թ. նոյեմբերի 22-ին «Գոլոս Արմենի» թերթին տված հարցազրույցում` «Զվեզդա» հեռուստաալիքում Վ. Կռաշենիկովայի հաղորդման առթիվ, մանրամասն ներկայացրել եմ թեմայի էությունը եւ հույս հայտնել, որ դրանից հետո ռուսաստանյան ու հայկական շահագրգիրռ շրջանակներում հարցը վերջնական կփակվի: Սակայն, ցավոք, կրկին պետք է կարծիք ասեմ:

Նժդեհը մեր հերոսն է. Ակցիա ՌԴ Արմավիր քաղաքում (Լուսանկարներ)

 

Պարզվում է, որ պատմական բանավեճերով զբաղվում են լայն պրոֆիլի «մասնագետները»: Մի կողմ թողնելով ԱՊՀ գագաթաժողովում Ի. Ալիեւ-Ն. Փաշինյան «հակամարտության» հարցը (ինչի մասին շատ է խոսվել), անդրադառնամ երկու կերպարների կարծիքների. ռուսաստանյան մեդիադաշտի, այսպես կոչված, գուրու, REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի եւ shame.am կայքի Արտյոմ Խաչատրյանի: Կրկին ակնառու է ընթերցողի վրա գռեհիկ եւ սուբյեկտիվ ազդելու ագրեսիվ փորձը: Երկուսն էլ իրենց թույլ են տվել վրդովեցուցիչ եւ բացահայտ սադրիչ արտահայտություններ, նրանց հարցադրումները «փայլում են» առարկայականության, պրոֆեսիոնալիզմի ակնհայտ բացակայությամբ եւ պատմական փաստերի խեղաթյուրմամբ: Եվ այդ այն դեպքում, երբ երկուսի մոտ էլ գրվածքները կրում են ընդգծված սուբյեկտիվ-քաղաքականացված բնույթ: Մ. Կոլերովի` «Ի՞նչ է միավորում Ալիեւին, Փաշինյանին եւ Սարգսյանին: Հիտլերականները» (https://regnum.ru/news/ polit/2745799.html) հոդվածի խառնակիչ կեղծությունը վերնագրից արդեն իսկ ակնառու է: Պարզվում է, որ նշյալ գործիչները նույնպես... հիտլերականներ են: Ս. Սարգսյանին (ի դեպ, ում նախագահության օրոք ՀՀ-ն անդամակցել է ԵԱՏՄ-ին եւ խորացվել է համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում) վերագրվում է Երեւանի կենտրոնում Նժդեհի հուշարձանի բացման «մեղքը»: Եվ ո՞վ է Կոլերովին իրավունք տվել սրբապղծել` անվանարկելով Նժդեհին հիտլերական հանցակից: Կոլերովից, ում աշխարհայացքը Հայաստանի եւ Ադրբեջանի «օգտին» տատանվում է կոնյուկտուրային այլեւայլ նկատառումներից, որեւե այլ բան սպասել անիմաստ է: Որպես հանուն ճշմարտության «առաջամարտիկ»` նա ներկայացնում է Նժդեհի երկրպագու Ն. Փաշինյանի փաստարկները (Նժդեհի «սրբության» օգտին) իբր թե ժխտող Նժդեհի մեկ այլ երկրպագուի փաստաթղթերը: Խոսքը Վաչե Հովսեփյանի` «Գարեգին Նժդեհը եւ ՊԱԿ-ը. Հետախույզի հուշեր» գրքի մասին է, որ հրատարակել էր «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամը Երեւանում 2007թ. (http://www.hhk.am/files/library_pdfs/236.pdf): Հուշերի պատասխանատու խմբագիրը ես էի: Տեղին է հիշեցնել, որ դրա հեղինակը` ՊԱԿ-ի գնդապետ Վաչե Հովսեփյանը, 1968-1975թթ. եղել է 1-ին գվարդիական տանկային բանակի (Դեմոկրատական Գերմանիա), 1975-1985թթ.` 4-րդ բանակի (Ադրբեջան) ռազմական հակահետախուզության ղեկավարը: Իսկ խորհրդային ռազմական հակահետախույզին` ի տարբերություն Կոլերովի, կանխակալության մեջ մեղադրել չի կարելի: Եվ ահա Կոլերովն իր հայեցողությամբ հատվածներ է մեջբերում` հրապարակելով միայն այն մասը, որն իրեն ՁԵՌՆՏՈՒ է: Պարզվում է, որ նրա մոտ խոշոր հաշվով մանիպուլյացիայի ամերիկյան մեթոդը բավականին հարգի է: Մինչդեռ, Կոլերովը` որպես նվիրյալ ամերիկյան ծաղրածու (այս բառով է նա անվանարկում Նժդեհին) եւ մանիպուլյատիվ PR մեթոդի երկրպագու, «մոռացել է» Ի. Ստալինին եւ Կ. Վորոշիլովին ուղղված Գ. Նժդեհի նամակները, Ղրիմից Նժդեհի կողմից հայկական գումարտակի դուրսբերման փաստը եւ խորհրդային բանակի դեմ մարտական գործողություններին հայկական լեգեոնի ՉՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ վավերագրական ապացույցը, եւ ընդհակառակը` խորհրդային ու լեհ-հրեական խաղաղ բնակչության դեմ հենց ադրբեջանական լեգեոնի պատժիչ գործողությունները: Նույն Կոլերովի հարթակում հրապարակվող Մ. Հասանովային (https://regnum.ru/news/polit/2745722.html), որ իբր թե փաստում է, որ «նացիստների հետ Նժդեհի համագործակցությունը անհերքելի փաստ է, եւ Ալիեւն ամենեւին առաջինը չէ այդ մեղադրանքները հնչեցնողը», տեղին է հիշեցնել, թե ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին, հիվանդություն կեղծելով, դասալիք եղավ Հեյդար Ալիեւը, իսկ ԽՍՀՄ քայքայումից հետո անմիջապես ոչնչացրեց Չարդախլու գյուղում Խորհրդային Միության մարշալներ Հ. Բաղրամյանի եւ Հ. Բաբաջանյանի տուն-թանգարանը: Ավելին, հարկավոր է մտածել բուն Ադրբեջանում Ռասուլզադեի (ում ծննդյան 130-ամյակը պաշտոնապես նշեց Իլհամ Ալիեւը) եւ Երրորդ ռեյխի մնացած հանցակիցների արձանները: Կոլերովի հոդվածը նախանձելի օպերատիվությամբ իր կայքում հրապարակեց Արտյոմ Խաչատրյանը եւ թարգմանեց հայերեն (http://www.shame.am/news/view/ 67682.html, «Խայտառակություն առանց մեկնաբանության» խորագրով): Սակայն, մինչ կբնութագրենք Խաչատրյանի «մտքերը», հակիրճ ներկայացնենք Անդրեյ Կոլեսնիկովի հոդվածը (https://www.kommersant.ru/doc/4124372): Ընդհանուր առմամբ, հոդվածը չեզոք է: Նժդեհի մասին հեղինակն արտառոց վատ բան չի ասում` հեգնելով Ի. Ալիեւին եւ ինչպես հարկն է չգնահատելով Ն. Փաշինյանին: Խնդիրն այլ է: Կոլեսնիկովին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանը, ով փորձել է պաշտպանել Գ. Նժդեհին եւ Ն. Փաշինյանին: Մեզ հետաքրքրում է Խաչատրյանի արձագանքը այդ պատասխանին: Առաջին հայացքից նպատակը Մարուքյանին քննադատելն է: Սակայն, պարզվում է, որ նրա իրական նպատակը Նժդեհի կերպարի պղծումն է: (http://www.shame.am/news/view/67681.html, «Տիեզերական խայտառակություն» խորագրով): Խաչատրյանի հոդվածն ամբողջությամբ նպատակաուղղված է Նժդեհի դեմ: Ավելին, հոդվածը պատմականորեն անգրագետ է, իսկ քաղաքականապես եւ գաղափարապես` վտանգահարույց: Նման սարկազմով Նժդեհի մասին գրում են միայն ադրբեջանցի եւ թուրք հեղինակները: Մի քանի մեջբերումներ կատարենք. «Պորուչիկ Տեր-Հարությունյանը հետագայում դարձավ մտածող եւ ստեղծեց հայկական նացիզմը` ցեղակրոն բրենդի տակ: Նժդեհի Վահագն աստվածը եւ Հիտլերի գերմանական միֆոլոգիայի աստվածները նույն գաղափարին են ծառայում: Եվ Նժդեհը փորձել է համագործակցել Գերմանիայի հետ հենց գաղափարական հենքի վրա, այլ ոչ թե Հայաստանի փրկության, թեպետ դա էլ է ցանկացել, բայց գաղափարն է նրանց մերձեցրել, ոչ թե Հայաստանի ապագան: Նժդեհն ակտիվ մասնակցություն է ունեցել ՍՍ-ի հայկական լեգեոնի ստեղծման գործում, որը նույնպես անժխտելի փաստ է»: Եվ շարունակում է. «Լավ, որքա՞ն պիտի շարունակվեն հայ քաղաքական գործիչների անիմաստ եւ ապուշ արդարացումները Նժդեհի պատճառով: Նժդեհը կոլաբորացիոնիստ է, եւ դա դատապարտելի է: Նժդեհը նացիստական ուսմունքի հեղինակ է, իսկ դա արդեն աններելի է, եթե անգամ նախկինում նա ամենավեհ սխրանքները գործած լիներ: Վերջապես, Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերացնել աշխարհի երեսից Հայաստանն ու հայի ինքնությունը: Երբ ուկրաինացիները Ստեպան Բանդերա են քարոզում եւ հերոսացնում, ինչ-որ տեղ հասկանալի է, քանզի ուկրաինացիներն այլ հերոս չունեն, եւ Բանդերան նրանց արքետիպն է: Բայց մի՞թե հայերի պատմությունն այնքան ողորմելի է, որ մնացել են Նժդեհի հույսին», «Պետք է ասեմ, որ թե՛ Բանդերան, թե՛ Նժդեհը ամերիկյան գործիքներ են, քանզի նրանց հիմքում ընկած է ռուսատյացությունը, եթե այդ հանգամանքը չլիներ, ամերիկացիները վաղուց կպահանջեին ջնջել նրանց անունները Ուկրաինայի եւ Հայաստանի պատմությունից: Իսկ այդ վերլուծությունն ասում է, որ Գարեգին Նժդեհը պետք է մոռացության ենթարկվի Հայաստանում` որպես նացիզմի հիմնադիր եւ որպես կոլաբորացիոնիստ»:

«Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է». Զախարովա․

Պարոնայք կոլերովների եւ խաչատրյանների սադրանքների ակնհայտ քաղաքական սրացումը թողնենք մի կողմ: Դիմենք պատմությանը, այն ժամանակվա պատմական իրողություններին եւ Նժդեհի անհատականությանը: Ի վերջո, խեղաթյուրումներին եւ պարզապես տարրական տգիտությանը լավագույն հակադարձումը ճշմարտություն հնչեցնելն է: Ինչպե՞ս է ամեն ինչ եղել իրականում: Նախ, Հայաստանի եւ Ուկրաինայի նույնականացման մասին: Պարզապես կրկին հիշեցնեմ, որ ՀՀ-ն չի կռվում Դոնբասի հետ, եւ Ղրիմը ՀՀ կազմում չէր: Հակառակը, ՀՀ-ն եւ նրա Զինված ուժերը հավատարմորեն կատարում են իրենց դաշնակցային պարտքը` ե՛ւ հայ-ռուսական երկկողմ համաձայնագրերի, ե՛ւ ՀԱՊԿ-ի համակարգի շրջանակներում: Ի լրումն, հենց ՀՀ տարածքում է, այլ ոչ թե` Ուկրաինայի գտնվում ռուսական ռազմաբազան, որի դերակատարությունը մենք առարկայաբար շատ բարձր ենք գնահատում: ՀՀ-ում միշտ ամենից բարձր պետական մակարդակով եւ համաժողովրդական նշվում է Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Մեզ մոտ երբեք հուշարձանների եւ գերեզմանների պղծում, սափրագլուխների երթեր չեն եղել: Ակնհայտ նկատելի է պատմության չիմացություն, կամ ավելի ճիշտ` պատմական փաստերի բացահայտ կեղծում ու մանիպուլյացիա: Նժդեհն ամենեւին «հայկական բանդերա» չէ: Բոլոր հայերի համար Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, եւ մենք երախտապարտ ենք ՀՀ իշխանություններին, որ վերջապես Երեւանում մեր հերոսին արձան կանգնեցվեց: Ինչ վերաբերում է նացիզմի հանցակիցների հուշարձաններին, ապա դրա ցայտուն օրինակներից է հերոս-քաղաք Լենինգրադում Մաններհեյմի արձանի բացումը: Ի. Ալիեւը Նժդեհին անվանարկեց կոլաբորացիոնիստ եւ «Ով զոհվում է Գերմանիայի համար, նա զոհվում է Հայաստանի համար» լոզունգի հեղինակ: Երկար տարիներ լինելով նախկին Հայաստանի կոմկուսի կենտկոմի կուսակցական արխիվի եւ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն եւ որպես արխիվային փաստաթղթեր հետազոտած մասնագետ, ամենայն պատասխանատվությամբ պետք է վստահեցնեմ, որ Նժդեհը երբեք հայազգի լեգեոնականներին նման կոչով չի դիմել, չի ստեղծել նացիստական ՍՍ-ի հայկական լեգեոն: Նման տարրական բաներ կարելի է հեշտ ճշտել: Հիշեցնեմ նույնպես, որ հայկական լեգեոնի պատմության ընթացքում նրա կազմում, ի տարբերություն այլ արեւելյան լեգեոնների, ՍՍ-ի ստորաբաժանում չստեղծվեց, հայկական լեգեոնը ԽՍՀՄ տարածքում խորհրդային բանակի դեմ ակտիվ մարտերի չմասնակցեց (ի տարբերություն այլ ազգային ստորաբաժանումների): Կրկին այն լոզունգի մասին, որի հեղինակն իբր Նժդեհն է: Նման մանիպուլյատիվ հնարքներով արեւմտյան քարոզչությունն է հաճույք ստանում: Նժդեհի հուշարձանին քանդակված են հետեւյալ խոսքերը. «Չկա ավելի մեծ երջանկություն, քան ծառայել ազգին եւ Հայրենիքին»: Պատմական ճշմարտությունը հետեւյալն է. սկսած 1930-ական թվերից Գերմանիայում նացիստական իշխող վարչակարգը պնդում էր, որ հայերը ոչ թե արիական, այլ սեմիտական ժողովուրդ են: Այն ժամանակ Գերմանիայում եւ նրա իշխանության տակ գտնվող տարածքներում բնակվում էր մոտ 400 հազար հայ, եւ բոլորին սպառնում էր հրեաների ողբերգական ճակատագիրը: Նժդեհի միակ նպատակն այն ժամանակ այդ հարյուր հազարավոր հայերի փրկությունն էր ոչնչացումից` նացիստական վերին շրջանակներում հակահայկական հիստերիայի չեզոքացման ճանապարհով: Վերոնշյալ բնույթի հոդվածները ջուր են պղտորում, զայրացնում: Ինչ-որ առումով դրանք գուցե նպատակին հասնեն, սակայն, ըստ էության, ոչ մի երկար հեռանկար չեն կարող ունենալ: Դրանց գլխավոր նպատակը պատմական փաստերի տարրական խեղաթյուրումն է ու ապատեղեկատվության տարածումը: Ակնհայտ է ընթերցողի վրա ագրեսիվորեն անշնորհք ազդելու փորձը: Ըստ էության, նման ուղղվածությամբ հոդվածները ձեռնտու են հենց Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակից Թուրքիային: Վստահ ենք, որ հայ-ռուսական բարեկամությանը այլընտրանք չկա: Մինչդեռ, նման սադրանքները մեր ժողովուրդների եւ երկրների բարեկամության ամրապնդմանը չեն նպաստում: Ավելին, ուղղակի կամ անուղղակի արեւմտամետ տրամադրված ուժերի ու ադրբեջանական լոբբիի շահերից են բխում: Եվ օրինաչափ է, որ հենց ադրբեջանական ԶԼՄ-ները կրքոտ սկսեցին տարածել թեման: Պատմաբանները եւ գիտական-պետական հաստատությունները պետք է համապատասխան եզրակացություններ կատարեն: Պետք չէ սպասել հերթական սադրանքին, եւ հրատարակության պատրաստել գրքեր, տարաբնույթ նյութեր ռուսերեն լեզվով, քանզի արդեն պարզ է, որ մեր ռուսական գործընկերները, այդ թվում եւ առարկայական պատճառներով, բավականաչափ տեղեկացված չեն: Եվ վերջապես, բոլորիս ու առաջին հերթին պպ. Կոլերովին ու Խաչատրյանին կրկին հիշեցնեմ Գարեգին Նժդեհի հետեւյալ խոսքերը. «Ցեղակրոնի համար հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է: Նրա համար չկան հայաստաններ, այլ կա Հայաստան:Եթե այժմ Հայաստանը խորհրդային է, դա նշանակում է, որ պատմական զարգացման օրենքների համաձայն, նա կարող էր լինել միայն այդպիսին: Նույնքան տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի` Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին, իսկ նրա պաշտպանի` բարեկամը: Ցեղակրոնները բարյացակամ են իրենց թշնամու թշնամիների նկատմամբ եւ թշնամություն են տածում իրենց թշնամու բարեկամների հանդեպ» (Տես` Նժդեհ Գ., Հատընտիր, Ե., 2006, էջ 478):

«Մոսկվան զարմացած է Երևանում Նժդեհի արձանի տեղադրմամբ». Մարիա Զախարովա

ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА