o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր տեխնոլոգիական կառուցակարգը և գունավոր հեղափոխությունները

16.11.2019 14:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նոր տեխնոլոգիական կառուցակարգը և գունավոր հեղափոխությունները

18-րդ դարի վերջից սկսած աշխարհի գերտերությունները ստացան մրցակցության նոր թատերաբեմ, այն է՝ գիտատեխնիկական զարգացումը և արդյունաբերական առաջընթացը: Այս երևույթն էական է այնքանով, որ խորքով փոխեց պետությունների մրցակցության հիմնական ձևաչափը: Պատերազմների վարման տրամաբանությունը դարձավ ոչ թե ուղղակի սահմանների ընդլայնումը, այլ տեխնիկական առաջընթացի համար անհրաժեշտ հումքային ռեսուրսների տիրապետումը, հասարակության կրթական ցենզը, գիտական հիմնարկների առկայությունը:

​​​​​​​Ինչ է իրականում թաքնված ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումների ավելացման տակ

Ընդունված է ասել, որ տեխնոկրատական աշխարհի զարգացման պատմությունը արտահայտված է, այսպես կոչված, «տեխնոլոգիական կառուցակարգերում», որից 5-ը մարդկությունն արդեն յուրացրել է և անցում է կատարել 6-րդ տեխնոլոգիական կառուցակարգին:

1971թ.-ից աշխարհը թևակոխեց 5-րդ տեխնոլոգիական շրջափուլ կամ հեռահաղորդակցության ժամանակաշրջան: Այս էտապի սկիզբը համարվում է «Intel 4004» միկրոպրոցեսորի ստեղծումը, որին հաջորդում է աշխարհի համակարգչայնացումը: Տրամաբանական էր, որ Խորհրդային Միությունը, որը դոմինանտ էր 4-րդ տեխնոլոգիական շրջափուլում, արագ կարողանալու էր շրջանցել մրցակիցներին և դառնալ աշխարհի հեգեմոն դերակատարը: Սակայն ԽՍՀՄ փլուզումով Ռուսաստանը և նրա մերձավոր ու հեռակա դաշնակիցները դուրս մնացին գործընթացից:

Սառը պատերազմի ավարտից հետո, սակայն, հակամարտությունը չթուլացավ դիմակայող ճամբարների միջև, քանի որ Արևմուտքը խնդիր դրեց փոշիացնել ռուսական գիտատեխնիկական հզոր ներուժը, կտրել հանքահումքային ռեսուրսներից, իջեցնել հասարակության բարոյական և կրթական մակարդակը: Խնդիր դրվեց շեղել Ռուսաստանի ուշադրությունը՝ նրա սահմանների մոտ անընդհատ լարվածություններ ստեղծելով և նրա դաշնակիցներին կոնֆլիկտների մեջ ներքաշելով: Որպես հիմնական մարտավարություն՝ սկսվեց գունավոր հեղափոխությունների արշավը: Այսպես՝ 2000թ. Հարավսլավիայում իրականացվեց, այսպես կոչված, «Բուլդոզերային հեղափոխությունը», 2003թ.-ին Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխությունը», 2004թ.-ին՝ «Նարնջագույն հեղափոխությունն» Ուկրաինայում, 2005թ.-ին՝ «Կակաչների հեղափոխությունը» Ղրղըզստանում, 2013թ.-ին՝ ուկրաինական «Մայդանը»։

90-ականների Ռուսաստանի մասնատման քաղաքականության տապալումից հետո, Արևմուտքի կողմից սնուցվող գունավոր հեղափոխությունների նպատակը ՌԴ-ին դաշնակից կամ նրա ազդեցության ծիրում գտնվող երկրների վարչակազմերի հեռացումն էր զանգվածային անհնազանդությունների միջոցով և խամաճիկ, արևմտամետ դրածոներին իշխանության բերելը: Որպես ազդեցության գործիք՝ օգտագործվում են թիրախ երկրների հասարակությունները, խաղարկվում են առկա օբյեկտիվ խնդիրները: Որպես կանոն՝ դրանք մեծամասամբ կապված են մարդու իրավունքների կամ ընտրական գործընթացների հետ։

Վերը նշված իրադարձությունները կարելի է ընկալել՝ որպես գունավոր հեղափոխությունների առաջին ալիք, ինչը նպատակ ուներ խոչընդոտել ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հնարավոր վերակազմակերպումը՝ որպես գերտերություն և տեխնոլոգիական համաշխարհային գործոն: Ինչպես տեսանք, սակայն, ՌԴ-ն այնուհանդերձ վերագտավ իր համաշխարհային դիրքերը և Կասպից ծովից 2015թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված  հարվածները՝ տեխնոլոգիապես նոր հրթիռներով, ստեղծեց նոր համաշխարհային իրադրություն: Ձևավորվեց Արևմուտքի հետ դիմակայության նոր ճակատ:

Զուգահեռաբար՝ սրընթաց վերելք ապրեց Չինաստանը, որի դաշնակցությունը Ռուսաստանի հետ հավակնում է աշխարհում ձևավորել 2-րդ աշխարհաքաղաքական բևեռը: Կարևոր է այն փաստը, որ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին կարող են անցնել արդեն 6-րդ տեխնոլոգիական շրջափուլին՝ հայտնի որպես նանոտեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այս գործընթացում Չինաստանը կարող է տրամադրել անհրաժեշտ կառուցակարգերը, որից զրկվել է Ռուսաստանը քաղաքական հայտնի պատճառներով, իսկ ՌԴ-ն կապահովի ռեսուրսային հումքը և անվտանգային հովանոցը: Գործընթացը նոր թափ կարող է ստանալ՝ իր մեջ ներգրավելով եվրասիական այլ հսկաների, օրինակ՝ Հնդկաստանին ու Իրանին: Աճող գլոբալիզացիոն նոր պրոյեկտին կարող են միանալ նաև եվրոպական երկրներ:

Կանխատեսելի զարգացումներից զերծ մնալու համար Արևմուտքը նախաձեռնել է գունավոր հեղափոխությունների արդեն երկրորդ ալիքը՝ ավելի լայն աշխարհագրությամբ: Նպատակն է՝ հեղաշրջումների նոր շղթայով ստեղծել տարածաշրջանային անկայունության գոտի Ռուսաստանի, Չինաստանի, թերևս, նաև Գերմանիայի շուրջ: Նման գործողությունների վառ օրինակ է մեզ ծանոթ արաբական գարունների շարքը Մեծ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում: Նպատակն էր, թերևս, վերահսկել նավթի արդյունահանումը, թուլացնել Ռուսաստանի ավանդական և Չինաստանի աճող ազդեցությունն արաբական երկրների վրա ու գործընթացներն արտահանել հակառակորդ երկրներ: Հնարավոր եղավ նաև միգրանտների հոսքի միջոցով զսպել Գերմանիայի աճող հավակնությունները:

Ումից եւ ինչու են վրեժ փորձում լուծել արեւմտյան ուժային կենտրոնների հատուկ ծառայությունները (Բացահայտում)

Ներկայիս 6-րդ տեխնոլոգիական շրջափուլում էական է «Li» քիմիական տարրի նշանակությունը: Այն լայնորեն կիրառվում է ժամանակակից էլեկտրոնիկայում և անփոխարինելի է նանոսարքերի կիրառությունում մոտ ապագայում: Li-ի 50-70%-ը գտնվում է Բոլիվիայում: Հարավ-ամերիկյան այդ երկրի նախագահ Էվո Մորալեսը, ամերիկյան Պետդեպի ճնշումների և ԵՄ կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու սպառնալիքի ֆոնին, հեռացվեց իշխանությունից: Մորալեսն իր հանդեպ այդ վերաբերմունքը շահեց, երբ «Li»-ի հանքերը հայտարարեց ազգային հարստություն և սահմանափակեց օտարերկրյա ներդրողների մուտքն այդ երկիր:

Գունավոր հեղափոխությունների արտահանման կարևորագույն ուղղություն է Չինաստանը: 2011թ.-ին, Շանհայում, այսպես կոչված, «Հասմիկների հեղափոխության» ժամանակ ցուցարարները նույնիսկ կարողացան ժամանակավորապես գրավել հեռուստաաշտարակը և ուղիղ եթերով ներկայացնել իրենց նպատակները։ Անհաջողությունից 8 տարի անց, արդեն Հոնկոնգում, այս տարի կրկնվեց երկրորդ փորձը: Հոնկոնգի օրենսդիր մարմինը հունիսին քննարկել էր օրինագիծ, որի ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչները կարող էին արտաքսվել Չինաստան՝ դատական պատասխանատվության ենթարկվելու: Օրինագիծը բողոքի հզոր ալիք էր բարձրացրել հսկա քաղաքում ու դրա սահմաններից դուրս: Հետաքրքրական է պարզել, թե ինչ ուժեր էին Հոնկոնգի օրենսդիր մարմնին դրդել նման օրինագծի քննարկմանը: Էական է այն փաստը, որ չնայած քննարկումների հետաձգմանը՝ ցույցերը չդադարեցին, գրանցվեցին բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև:

Մյուս կարևորագույն տարածաշրջանը Մերձավոր Արևելքն է: Սիրիական սցենարի տապալումը և ռուսական ռազմական ներկայությունը դրդում են Արևմուտքին նոր օջախներ փնտրել այստեղ: Արդեն սույն թվականի հոկտեմբերին  բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Լիբանանում, ինչպես՝ մայրաքաղաք Բեյրութում, այնպես էլ՝ այլ քաղաքներում: Քաղաքացիներին զայրացրել էր WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգը 20 սենթով հարկելու որոշումը: Կրկին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ուժեր են դրդել կառավարությանը նման քայլի: Արդյունքում՝ ցուցարարները փակեցին փողոցներ և անվադողեր այրեցին, ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ: Հետզհետե ցուցարարները հարկերի ավելացման որոշումը չեղարկելու փոխարեն՝ պահանջեցին կառավարության հրաժարականը: Հետաքրքրական է, որ Բեյրութում ցուցարարներն օգտագործեցին 2018թ.-ին Երևանում լավագույնս փորձարկված փողոցներ փակելու մեթոդիկան:

Ընդհանրապես Հայաստանն էական դեր ունի այս գործընթացներում: Նախ Հայաստանը ԽՍՀՄ գիտատեխնիկական առաջընթացի միջնաբերդն էր, և Ռուսաստանը հետագա տեխնիկական շրջափուլից դուրս թողնելու համար ոչ պատահաբար 90-ականներին մահացու հարված հասցվեց հայաստանյան գիտական և արտադրական կենտրոններին: Հայաստանն ավանդաբար հանդիսացել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը, որը, պետք է ընդգծել, պայմանավորված է եղել ներհասարակական պահանջարկով, Հայաստանում առկա է ռուսական ռազմական ներկայություն, որը տարածաշրջանային արգելակի դեր է խաղում:

Գունավոր հեղափոխությունների համատեքստում մեր ժողովրդի գրավչության հաջորդ գրավականը նրա ցանցային, գլոբալ բնույթն է: 2018թ.-ին Երևանում կատարված «թավշյա» գործընթացներն ավելի դյուրին կլինի Մերձավոր Արևելք  և Ռուսաստան տեղափոխել հենց հայկական սփյուռքի ձեռքերով: Պատահական չէ, որ ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը /ամերիկահայ/  հայկական ցանցի մայր հանգույց հռչակեց Գլենդելը:

Վահե Հայկունի

 Հ.Գ. Ի դեպ, ըստ որոշ հետազոտողների՝ գունավոր հեղափոխությունների երկրորդ ալիքի հաջող մեկնարկը տրվեց անցյալ տարի Հայաստանում…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА