«ԱՄԵՆ ՕՐ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ԻՆՉ-ՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ»
Արխիվ 16-20Ի՞նչ սպասել 2020 թվականից` Սպիտակ առնետի տարուց: Հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻՑ:
- Բարեհաճ կգտնվի՞ արդյոք Առնետը Հայաստանի նկատմամբ:
- Այսպես ասեմ, պետք է պատրաստ լինել ամեն վայրկյան բացասական զարգացումների, բայց խուճապի մատնվել էլ պետք չի: Պարզապես ամեն օր պետք է պատրաստ լինենք ինչ-որ անակնկալների, որովհետեւ ակնհայտ զգում եմ ծանրության էներգետիկայի ուժը մեր երկրի վրա:
- Ինչո՞վ է տարբերվելու այն նախորդ տարիներից:
- Մեր երկիրը ինչ-որ առումներով գնում է առաջ, բայց գլոբալ, մասնավորապես՝ միջազգային ասպարեզներում ունենալու ենք բավականաչափ խնդիրներ: Կան կոնկրետ մեր երկրի վրա ազդող արտաքին ուժեր, որոնք ստեղծում են խանգարող մի շարք հանգամանքներ:
- Խանգարող՝ արտաքին ուժերի կողմի՞ց են, պարոն Ափոյան:
- Թե՛ արտաքին, թե՛ ներքին: Մենք հիմա պահանջատիրոջ դերում ենք, միայն պահանջում ենք: Բայց, կրկնում եմ, լավ բաների հույսեր, հատկապես՝ դրսից, չպետք է ունենանք: Մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր երազած Հայաստանին հասնելու համար: Քայլեր հիմա արվում են այդ ուղղությամբ, բայց դրանք դեռ շատ փոքր քայլեր են` լի բազում խոչընդոտներով:
- Արտաքին ուժեր ասելով` նկատի ունեք տարաբնույթ սորոսների՞ն:
- Ես զգում եմ, որ արտաքին ուժերի մեջ կան Սորոսից առավել վտանգավորները: Սորոսը շատ փոքր է դրանց համեմատ, կան այլ ուժեր, որոնք քիչ-քիչ ի հայտ կգան:
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը գնալով ավելի է քչանալու
- Պարոն Ափոյան, շատ պայծառատեսներ կանխատեսում են, որ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:
- Ես նման բան չեմ զգում. կոնկրետ հրաժարական տալու մասին այս պահին դեռ չեմ զգում, բայց խժդժություններ հնարավոր են:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Նկատի ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե սխալ թիմ է հավաքել: 2020 թվականին այդ սխալ թիմից բան չի մնա, մաղվելու է եւ գա ինչ-որ մի կորիզի: Կան ներքին խժդժություններ, դա ես զգում եմ, եւ նաեւ սպասվում է, որ նոր թափ կհավաքեն այդ խժդժությունները:
- Խժդժությունները կառավարական կաբինետո՞ւմ են, թիմի ներսո՞ւմ, թե՝ դրսում:
- Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը գնալով ավելի է քչանալու, ցեխ են շպրտելու միմյանց վրա: Դժգոհության մեծ ալիքներ են սպասվում, բողոքներ, ակցիաներ: Ունենալու ենք գյուղատնտեսության ոլորտում բավականին դժվարություններ, մեղմ ասած, բարենպաստ տարի չի սպասվում: Ավելին ասեմ, մեր Ազգային ժողովի տարածքը չափազանց սխալ տարածքում է, եւ այդտեղ գտնվող էներգետիկան չի կարող լուրջ որոշումների բերել խորհրդարանականներին: Պետք է անհապաղ մաքրել այդ տարածքի էներգետիկան, թե չէ այն գնալով առավել կործանարար որոշումների կհանգեցնի: Ի վերջո, այդտեղ մի նորմալ որոշում չի ընդունվի՝ ի օգուտ մեր ժողովրդի:
- Ինչո՞ւ եք այդպես զգում:
- Պատճառն այն է, որ ժամանակին այնտեղ եղել է գերեզման, որտեղ թաղված անձինք իրենց էներգետիկայով նպաստում եւ շարունակելու են նպաստել ոչ բարենպաստ որոշումների կայացմանը մեր երկրիր համար:
Շատ կարեւոր է տարին մուտք գործել հանգիստ խղճով
- Լավ, ինչպե՞ս դիմավորել Առնետի տարին ընտանիքներում, որ այն բարեհաճ գտնվի:
- Առնետի տարին պետք է դիմավորել լավատեսական զգացումներով, պետք է հնարավորինս աշխատասեր լինել, այսպես ասած, առնետի նման պրպտացող պետք է լինել: Շատ կարեւոր է, որ Առնետի տարուն ընդառաջ՝ հաշտվեք հին ընկերների, բարեկամների հետ, ամեն դեպքում՝ փորձեք հաշտվել: Շատ կարեւոր է տարին մուտք գործել հանգիստ խղճով, առանց սրտի վրա ավելորդ ծանրություն պահելուց:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

