ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՄՈՍԿՎԱՅԻ՞Ն Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ՝ «ԱՇԽԱՐՀԸ ԿԻՍԵԼ»

Արխիվ 12-16

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՄՈՍԿՎԱՅԻ՞Ն Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ՝ «ԱՇԽԱՐՀԸ ԿԻՍԵԼ»

 

Այն, որ հենց Սիրիայում է ձեւավորվում այն հարցի պատասխանը, թե ինչ տեսք է ունենալու աշխարհն առաջիկայում, ենթադրելի էր դեռ մինչ Նյու Յորքում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի առանց չափազանցության՝ պատմական նշանակության հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը ենթադրելի էր նաեւ, որ Մերձավոր Արեւելքում քաղաքական փակուղում հայտնված ԱՄՆ-ը ստիպված էր արտաքուստ ընդունել ռուսների ակտիվությունը, բայց նաեւ, որ «տակից» փորձելու է բոլոր ջանքերով խանգարել կամ գոնե՝ հնարավորինս դանդաղեցնել ռուսական ռազմական գործողությունները:

ԱՄՆ-Ը ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ «ԿՌՎԵԼ»

Այդ կանխատեսումների իրականացմանը երկար սպասելու կարիք չեղավ. այն բանից հետո, երբ ռուսները սկսեցին ռազմական գործողությունները, անմիջապես էլ սկսեց թափ հավաքել դրանք տարբեր կողմերից դատապարտող արեւմտյան քարոզչական պատերազմը: Թե ինչու է Վաշինգտոնն այդքան մտահոգված ռուսների հնարավոր հաջողություններով ԻՊ-ի դեմ պայքարում, ամերիկյան քաղաքականության ստրատեգիայի «նահապետ»  Բժեզինսկին բացատրում է այսպես. «Խաղադրույքին է դրված Մերձավոր Արեւելքի երկրների մոտ ԱՄՆ-ի հեղինակության հարցը»: Այսինքն, եթե ռուսներին հաջողվի Սիրիան մաքրել ԻՊ-ից, ԱՄՆ-ի քաղաքական հեղինակությունը, անգամ տարածաշրջանի հին դաշնակիցների մոտ, կսկսի մոտենալ զրոյական մակարդակին՝ տեղը զիջելով ՌԴ-ին: Մի քիչ ավելի փոքր տրամաչափի ամերիկյան ստրատեգ՝ Միջազգային հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆի Մանկոֆը էլ ավելի է կոնկրետացնում այդ իրավիճակը. «Ռուսաստանն ավելի ու ավելի է կենտրոնանում Միջերկրական ծովի արեւելյան հատվածի վրա, որտեղ ունի ռազմավարական հնարավորություններ: Կա տպավորություն, որ ԱՄՆ-ը դուրս է մղվում այդ տարածաշրջանից, եւ Ռուսաստանը, հաշվի առնելով նրա ընթացիկ դիրքերը Սիրիայում, կարող է այնտեղ ընդլայնել իր ռազմական ներկայությունը»: Վերլուծաբանը նաեւ ակնարկում է, որ այս իրավիճակը փոխելու պոտենցիալ ԱՄՆ-ը, համենայնդեպս այս պահին, պարզապես չունի: Այսինքն՝ դեռ ամիսներ առաջ Վաշինգտոնը հայտարարեց իր հիմնական ռազմավարական ուշադրությունը արեւելաասիական-խաղաղօվկիանոսյան գոտում կենտրոնացնելու մասին:

Ի դեպ, ժամանակին անդրադառնալով այդ պատմությանը՝ առիթ ունեցել էինք նկատել, որ դա Վաշինգտոնի համար պարտադրված քայլ էր. այդ ժամանակահատվածում Չինաստանը ներկայացրել էր իր ռազմական դոկտրինան, որը ենթադրում էր նշված տարածաշրջաններում չինական ներկայության կտրուկ ակտիվացում: Չինաստանի հետագա գործնական քայլերն էլ հուշում էին, որ Պեկինը հավակնում է մինչեւ իսկ վերահսկել դեպի Եվրոպա տանող ծովային ուղիները, որոնք համարվում են ամերիկյան ազդեցության գոտիներ:
Մինչդեռ՝ Չինական ծովային ուժերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, եւ արեւելաասիական-խաղաղօվկիանոսյան գոտում դիրքերը պահելու համար Վաշինգտոնը պարզապես ստիպված էր այդ ուղղությամբ առավելագույն ուժեր պահել, ու երեւում է, որ նաեւ ի հաշիվ միջերկրածովյան տարածաշրջանի: Եվ ոչ միայն. օրերս տեղի ունեցավ Նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որից հետո վերլուծական հանրությունը հիմնականում այն կարծիքին է, որ «սառեցման» փուլ է մտնում նաեւ ուկրաինական հակամարտությունը: Դա էլ կարելի է հասկանալ. փախստականների եւ տարաբնույթ տնտեսաքաղաքական ճգնաժամերի ծանրության տակ գտնվող Եվրոպային Ուկրաինան արդեն ոչ միայն զզվեցրել է, այլ այդ հակամարտության սրացումը կարող է «դագաղի վերջին մեխի» էֆեկտ ունենալ: Իսկ ահա Կիեւը, ավելի կոնկրետ՝ նախագահ Պորոշենկոն, որ մի կողմից՝ արեւմտյան նախկին աջակցությունը չի զգում թիկունքին, մյուս կողմից, հաստատ Ուկրաինայի հետ համեմատականներ անցկացնելով, տեսնում է, որ Վաշինգտոնն այդպես էլ չկարողացավ կանխել ռուսական ինքնաթիռների մուտքը Սիրիա, եւ վերջապես, ունենալով իշխանությունը վերջնականապես ամրապնդելու խնդիր, թերեւս նույնիսկ երազում էր հակամարտության գոնե կարճաժամկետ «սառեցման» մասին: Ռուսներն էլ, որ արդեն կենտրոնացել են սիրիական ուղղության վրա, հազիվ թե ցանկանային նույն ձեռքում նաեւ «ուկրաինական պատերազմական ձմերուկը» պահել. ի վերջո սա Մոսկվայի համար ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին արտաքին ռազմական արշավն է, որի ելքից շատ բան է կախված, այդ թվում՝ նաեւ ուկրաինական քաղաքականությունը, եւ պետք է ողջ ուշադրությունը կենտրոնացնել հենց սիրիական ուղղության վրա: Իսկ ահա ԱՄՆ-ը, եթե չի փորձում օգտվել Սիրիայում ռուսների պատերազմի մեջ մտնելու հանգամանքից եւ նրա առաջ երկրորդ՝ ուկրաինական ռազմաճակատը բացել, դրանով իսկ ցույց է տալիս, որ ունի ռեսուրսների անբավարարություն, այսինքն՝ մտահոգություն, որ երկու ճակատում էլ կարող է զիջել ռուսներին:

ՆՈՐ «ԲԼԵՖ»

Կարճ ասած՝ Վաշինգտոնը ստիպված լինելով միաժամանակ պայքարել Մոսկվայի եւ Պեկինի դեմ ու չունենալով համապատասխան ստրատեգիական պոտենցիալ, ստիպված էր գնալ «չարյաց փոքրագույնի» տարբերակով՝ ռուսական ուղղությամբ դիրքերը թուլացնելու գնով փորձել պահել շատ ավելի կարեւորը՝ համաշխարհային ծովային առեւտրի առյուծի բաժինն ունեցող արեւելաասիական-խաղաղօվկիանոսյան ծովային գոտում վերահսկողությունը. հակառակ պարագայում Չինաստանը պարզապես կարող է արագորեն տնտեսապես անհուսալիորեն առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Փոխարենը ռուսները, որ տնտեսական վտանգ չեն ներկայացնում Վաշինգտոնի համար, աշխարհաքաղաքական առումով ուժեղանալու դեպքում կարող են չինացիներին կաշկանդող գործոնի վերածվել: Հաշվի առնելով նաեւ, որ ինչքան էլ Մոսկվան եւ Պեկինը ներկայանում են որպես սերտ ռազմավարական դաշնակիցներ, սակայն ռուս-չինական խորքային հակասություններ ինչքան ասեն՝ կան, եւ դեռ հարց է, թե այլ իրավիճակում Մոսկվայի համար անդրօվկիանոսյան Վաշինգտո՞նն է ավելի հարմար դաշնակից, թե իր հարեւան ու սեփական սահմանների մեջ նեղվող մեկուկես միլիարդանոց Չինաստանը: Ասել, թե այս նրբերանգն իր հաշվարկներում Վաշինգտոնը չի ներառել, միամտություն կլիներ: Եվ ավելին. այն տպավորությունն է, որ այս պահին ԱՄՆ-ը ռուսներին առաջարկում է հենց դա՝ աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդում: Բժեզինսկու շուրթերից դա հնչում է այսպես, թե ինչքան ճիշտ կլիներ, որ իրանական ճգնաժամի օրինակով ռուսներն ու ամերիկացիները սերտորեն համագործակցեին նաեւ Սիրիայում. «Եթե դա տեղի ունենա, ապա նույնիսկ ռուս-ամերիկյան սահմանափակ համագործակցությունը Մերձավոր Արեւելքում կբերի երկարատեւ դրական զարգացման»: Իհարկե «տարօրինակ» է, որ նույն Բժեզինսկին, որ տարիներ առաջ առաջարկում էր Ռուսաստանը մի քանի մասի բաժանել, հիմա նրան տեսնում է Սիրիայում ԱՄՆ-ի հետ հավասարազոր գործընկերոջ տեսքով: Իսկ դա արդեն սկսում է նմանվել Վաշինգտոնից Մոսկվային հղված նման առաջարկի՝ ձեզ կտանք գերտերության կարգավիճակ ու միասին էլ կորոշենք ձեր համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանների ճակատագիրը: Բայց. ամիսներ առաջ նման առաջարկներ Վաշինգտոնն անում էր Պեկինին, թե՝ արի երկուսով կառավարենք աշխարհը: Չինաստանը, անշուշտ, հստակ գիտակցեց, որ գործում է անգլոսաքսոնական քաղաքականության սիրված հին հնարքը՝ «Բաժանիր, որ տիրես»:
Եվ ահա այն տպավորությունն է, որ Չինաստանից համաձայնություն չստանալով՝ Վաշինգտոնն արդեն նույն առաջարկով դիմում է Մոսկվային: Ընդ որում՝ սիրիական ռազմական օպերացիայի հակաքարոզչությամբ, գնալով կոշտացող պաշտոնական ռեակցիայով, Սիրիայի «չափավոր ընդդիմությանը» հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու ակնարկներով եւ մինչեւ իսկ՝ ուկրաինական «սառեցումներով» փորձելով ռուսներին «համոզել». «Ընդունեք առաջարկս, թե չէ՝ այդքան էլ հեշտ Սիրիայում չեք հիմնավորվի»: Թերեւս էլի նույնն է՝ «բաժանիր, որ տիրեսի» ինչ-որ մոդեռնացված տարբերակը: Միայն թե ռուսների պարագայում եւս դժվար թե այն գործի: Նախ՝ ռուսական ավիացիան Սիրիա հասավ ամենեւին էլ ոչ Վաշինգտոնի թույլտվությամբ. ընդհակառակը՝ ԱՄՆ-ը փորձում էր ողջ Եվրոպայով մեկ արգելել ռուսական թռիչքները դեպի Սիրիա, սակայն Կասպից ծովով Իրան-Իրաք-Սիրիա ուղին կայուն ռուսական վերահսկողության տակ է: Երկրորդը. այս նախնական օրերին ռազմական գործողությունները բավականին հաջող են, սիրիական բանակը պատրաստվում է լայնամասշտաբ հարձակման, ԻՊ-ի շարքերում կան հազարավոր դասալիքներ: Առավել եւս, որ Իրաքը նույնպես պաշտոնապես առաջարկել է ռուսներին՝ իր տարածքում եւս ավիացիոն հարվածների դիմել, եւ այս ուղղությամբ «խաղի» մեջ կարող են դրվել նաեւ Իրանի «կամավորական» խմբերը:
Այսպիսով՝ ռուսներն ունեն արագ հաղթանակի հույս, որից հետո Վաշինգտոնի «լավությունները» հազիվ թե լուրջ հետաքրքրություն ներկայացնեն Մոսկվայի համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին