«ՈՒՆԵԻՆՔ ՀԻՆ ՀԱԼԵՊ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է»

Արխիվ 12-16

«ՈՒՆԵԻՆՔ ՀԻՆ ՀԱԼԵՊ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է»

 

Սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ վերջին անգամ Հայաստան եկել է 2013-ին, ինչից հետո Հալեպ-Երեւան թռիչքը դադարեցվել է` ահաբեկչական ու պատերազմական իրավիճակում օդանավակայանն այդ ժամանակվանից մինչեւ օրս չի գործում: Այդ եւ Սիրիայում հայերի իրավիճակի ու հայկական հուշարձանների ոչնչացման մասին ծավալվեց «Իրավունքի» զրույցը սիրիահայ հայտնի լուսանկարչի հետ, ով այս անգամ Հայաստան է եկել երկու պատճառով:

 

 

«ՓԱԿՎԵՑ ՀԱԼԵՊԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ ՈՒ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ»

- Անձնագրումս մի սխալմունք կար` ես ծնվել եմ Վենեսուելայում, բայց անձնագրումս գրված է Սիրիա, ու այդ փոքրիկ սխալն ինձ խնդիրների առաջ կանգնեցրեց: Դրան գումարած, ընկերոջս` երգահան Կարեն Գրիգորյանի զանգը, թե ամուսնանում եմ եւ իր առաջարկը, որ հարսանիքի քավորը ես լինեմ: Այդ երկուսն արդեն կրկին Հայրենիք գալու լուրջ պատճառներ էին: Այժմ այդքան հեշտ չէ Հայաստան գալը, եթե նախկինում Հալեպից մեկ ժամ տասը րոպեից Հայաստանում էինք, հիմա 7-8 ժամ Հալեպից գնում ենք Բեյրութ, հետո Բեյրութից` Դուբայ, այնտեղից` Հայաստան, կարծես Ամերիկա ենք ճամփորդում: 2012 թվականի դեկտեմբերի 27-28-ից հետո փակվեց Հալեպի օդանավակայանն ու մինչեւ այսօր չի գործում:



«ՄԱՐԴԻԿ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ»


-Ստեղծված իրավիճակից շա՞տ սիրիահայեր հեռացան, իսկ ովքեր էլ որ մնացին, ի՞նչ պայմաններում են ապրում:
- Ընդհանրապես շատ հայեր թողեցին իրենց տունը: Շատերի բնակարանները վնասվեցին, թողեցին ու գնացին կա՛մ Բեյրութ, կա՛մ եկան Հայաստան: Շատ դեպքում էլ մարդիկ վախի մթնոլորտում ամենաթանկ իրերը` ոսկի, գումար վերցնելով, դռները փակեցին ու հեռացան, հուսալով, որ պիտի վերադառնան: Հիմա, երբ վիճակը օրեցօր վատանում է, այդ գումարները վերջացան ու սկսեցին զանգել Հալեպի առաջնորդարան, կամ տարբեր եկեղեցիներ ու միություններ, թե մենք ինչ անենք: Անշուշտ եղան մարդիկ, որ կորցրին ե՛ւ տները, ե՛ւ բիզնեսը: Իսկ 3-րդ տարբերակը, որ մարդիկ Սիրիայում դեռ գոյատեւում են ու ապրում: Կարող եմ ասել` ես էլ օրինակ եմ այդ 3-րդ խմբից, մենք էլ շատ բան կորցրինք: Բայց կորցրին ոչ միայն հայերը, այլեւ Սիրիայում ապրող տարբեր շերտերի մարդիկ: Դժվարություններ շատ կան կոնկրետ Հալեպում, հոսանքի, ջրի, ինտերնետի խնդիր ունենք: Մարտի 23-ից ընդհանրապես ինտերնետ կապ չունենք, բայց ասում են` նոր գծեր են բերում ու կվերականգնեն:



«ԱՄԵՆ ԸՆՏԱՆԻՔ ԻՐ ՈՐՈՇՄԱՄԲ ՄՆԱՑ ՍԻՐԻԱՅՈՒՄ»


- Իսկ ինչո՞ւ չտեղափոխվեցիք Հայաստան` այստեղ բնակվելու, չէ՞ որ ունեիք այդ հնարավորությունը:
- Միշտ ինձ այդ հարցը տալիս են, թե տարին երկու անգամ էիր գալիս Հայաստան, ու պետք է դու առաջինը լինեիր այստեղ: Ճիշտ է, որոշ բաներ այնտեղ կորցրինք, բայց բաներ կան, որ այնտեղ ինձ ստիպում են մնալ: Այնտեղ ունեմ իմ աշխատանքը, տունը, ընտանիքը, այո, մեր ընտանիքը մասնատվեց, քույրս գնաց ապրելու Վիեննայում, ընտանքիս մի մասը գնաց Բեյրութ, մի մասը` ԱՄՆ, մի մասն էլ` Հայաստանում է: Հալեպում մնացի մայրիկիս հետ: Այնտեղ շատ անելիքներ ունեմ: Այո, շատ հայեր գնացին Սիրիայից, բայց դրա կրկնապատիկը դեռ Հալեպում ապրում են: Թվում է, թե մեծ մասը թողեց Հալեպը, բայց երբ կիրակի օրերը գնում ես եկեղեցի կամ հայկական որեւէ միջոցառման, տեսնում ես, որ հայերը մեծամասնություն են կազմում: Ամեն ընտանիք իր որոշմամբ մնաց Սիրիայում: Ոչ մեղադրում եմ գնացողներին, թե ինչու գնացիր, ոչ էլ` մնացողին եմ ասում, ինչու մնացիր, ամեն մեկն ունի իր պատճառները: Իսկ ես, այո, դեռ ապրում եմ այնտեղ եւ մի քիչ հանգիստ եմ ինձ զգում, չեմ ասի, որ փայլուն վիճակ է, բայց մի քիչ խղճալի է: Այս թեման ինձ համար շատ նուրբ է:



«ՄԱՐԴԻԿ ԱՅՍ ԹԵՄԱՆ ԽԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ»


- Ինչո՞ւ եք թեման նուրբ համարում:
- Որովհետեւ մարդիկ այս թեման խառնում են հայրենասիրության հետ: Թե այսքան տարի գովում էիր Հայաստանը, երկու անգամ նույնիսկ ցուցահանդես ես ունեցել այստեղ ու առաջինը պիտի թողնեիր այնտեղ ամեն ինչ ու գայիր հայրենիք: Դա կապ չունի, չեմ ասի, որ հայրենիքիցս առավել եմ սիրում Սիրիան, ուղղակի, երբ ամբողջ կյանքդ այնտեղ ես ապրել ու վարժվել այդ ապրելակերպին, դժվար է այդ ամենը թողնել ու գալ այստեղ: Փառք Աստծո, գոյատեւում ենք: Այդ թեմայով շատ եմ վիճել, այո, Հայաստանն իմ հայրենիքն է ու շատ սիրում եմ, բայց չեմ ուզում երկուսն էլ նժարի վրա դնել: Աստված չանի, որ հասնենք այդ վիճակին` թողնենք ու գանք, բայց գալը միշտ էլ կա, նույնիսկ մտադիր եմ գարնանը կրկին գալ:



«...ՍԿՍԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՐԹԻՌՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ»


- Մեկ ամիս առաջ Ռուսաստանն աջակցություն ցուցաբերեց Սիրիային, որեւէ կերպ օգնե՞ց վիճակին:
- Այո, հոկտեմբերի սկզբից, երբ Ռուսաստանն իր զորքերը մտցրեց Սիրիա, զգացվեց աջակցությունը: Հիմա Բեյրութի ու Հալեպի ճանապարհը փակ է, բայց ռուսները եւ Սիրիայի բանակը միասին աշխատում են: Մի խոսքով` ամսվա սկզբից փոփոխություններն զգալի էին, այո` ընդդիմադիր կողմերն էլ էլի պատասխան տվեցին ու սկսեցին քաղաքի կենտրոնում հրթիռներ ուղարկել: Երկու ամիս անց կրկին ժողովուրդը վախի մեջ էր:



«ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԸ ԼՐԻՎ ԿՈՐԾԱՆՎԵՑ»


- Այս ընթացքում նաեւ վնասվեցին շատ հայկական հուշարձաններ:
- Այո, ոչ միայն հայկական, նաեւ քրիստոնեական, ինչու ոչ` մուսուլմանական: Քաղաքում ունեինք Հին Հալեպ, որն այլեւս անճանաչելի է: Հալեպի շրջանում ունենք Սուրբ Քառասուն Մանկաց եկեղեցի, որը, ճիշտ է, դրսից վատ վիճակի մեջ է, բայց ներսը պահպանված է, միայն կտուրից ինչ-որ մաս է վնասվել: Իսկ մեկ այլ եկեղեցի` Սուրբ Գեւորգ, որը գտնվում է Նոր գյուղ շրջանում` ավելի ճանաչված է Մեյդանի շրջան անունով, լրիվ կործանվեց: Նույն կերպ արաբական տարբեր եկեղեցիներ ու մզկիթներ  են ոչնչացվել: Այսինքն` իրենք ուղղակի կրակում են, մենք էլ այլեւս իրենց նպատակը չենք հասկանում: Գուցե նպատակ ունեն եղած մշակույթը ոչնչացնել, որ մարդիկ էլ վախենան ու թողնեն իրենց տները:



«2012-ԻՑ ՀԵՏՈ ՖՈՏՈԽՑԻԿՍ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼ ՁԵՌՔՍ»


- Այս ամենը լուսանկարչի աչքերով նայե՞լ եք եւ արդյո՞ք այն մի օր կարտահայտեք ցուցահանդեսի տեսքով:
- Ոչ, ընդհանրապես 2012-ից հետո ֆոտոխցիկս չեմ վերցրել ձեռքս: Ուղղակի ինձ համար թեման ոչ թե հետաքրքիր չէ, այլ ցավ է: Շատ մարդիկ արեցին դա եւ շատ լավ ձեւով: Բայց այդ թեմային անդրադառնալն ինձ համար ցավ է, չուզեցի կոմերցիոն բան անել: Եվ, հետո, հիմա տեսախցիկով, երբ պտտվում ես քաղաքում, պիտի նախ թույլտվություն ստանաս, դա էլ ուրիշ խնդիր է: Նոյեմբերի վերջին Բեյրութում ունեմ հավաքական ցուցահանդես, որից հետո մտածում եմ 2016-ի փետրվարին մեկ այլ ընկերոջս հետ համատեղ ցուցահանդես ունենան: Նա նկարիչ է, ես` լուսանկարիչ, միասին հետաքրքիր ցուցահանդես կունենանք, բայց ոչ այս թեմայով:
- Իսկ Հայաստանո՞ւմ երբ սպասենք Ձեր ցուցահանդեսին:
- Հայաստանում երկու անգամ հանդես եմ եկել ցուցահանդեսով, մեկը 2007-ին, մյուսը` 2011-ին: Միշտ ուզում եմ, որ այստեղ ցուցահանդես անելիս ավելի հետաքրքիր ու նոր ասելիքով հանդես գամ, որովհետեւ այստեղ ամեն ինչ կա, մարդկանց գոհացնելը մի քիչ դժվար է: Ուստի` անելիս պիտի լավ ու նորություն լինի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին