ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԵՂԱՆ ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉՈՂՋՈՒՆՎԵՑԻՆ
Արխիվ 12-16ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԵՂԱՆ ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉՈՂՋՈՒՆՎԵՑԻՆ
2015-ն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ մշակութային միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Տարվա ընթացքում կայացան նաեւ ֆիլմերի պրեմիերաներ` 100-րդ տարելիցին նվիրված, սակայն դրանց մի մասը բոյկոտվեցին, մի մասն էլ` ընդունվեցին հասարակության եւ կինոոլորտի ներկայացուցիչների կողմից:
«Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ համեմատական անցկացնելով անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ` նշեց, որ տարվա ընթացքում բավականին ֆիլմեր 100-րդ տարելիցի թեմայով նկարահանվել ու դեռ նկարահանման ընթացքի մեջ են. «Քանակային իմաստով պետությունը չմասնակցեց ֆիլմարտադրության պրոցեսին` հատուկ չֆինանսավորեց Ցեղասպանության թեմայով ֆիլմեր նկարահանելու: Մեկ տարի առաջ կարծում էինք, թե 100-րդ տարելիցից առաջ պետությունը մեծ գումարներ պետք է ներդնի` հզոր մի ֆիլմ նկարահանելու համար, բայց այլ քաղաքականություն իրականացրեց. աջակցեց այն նախագծերին, որոնք արդեն ընթացքի մեջ էին տարբեր կազմակերպությունների, ռեժիսորների ու պրոդյուսերների կողմից: Ստեղծված հատուկ հանձնաժողովը դիտեց ֆիլմերը, եւ պետությունը, որոնք գտավ ավելի նպատակահարմար, հովանավորների միջոցով աջակցություն ցուցաբերեց: Եղան նաեւ ֆիլմեր` առանց պետական աջակցության: Արդյունքում` բավականին շատ ֆիլմեր արտադրվեցին` այդ թվում նաեւ լիամետրաժ-դոկումենտալ` ե՛ւ հիմնադրամների, ե՛ւ պետական, ե՛ւ մեր ծրագրի աջակցությամբ` 12 ֆիլմ ենք արտադրել: Արդյունքում` այսօր բավականին շատ ֆիլմեր ունենք»,- թվարկեց կինոկենտրոնի տնօրենը եւ պետության քաղաքականությունը ճիշտ համարելով` նշեց. «Երեւի թե, ճիշտ էր այդ քաղաքականությունը, որպեսզի տարբեր մարդիկ, տարբեր ժանրերի ֆիլմեր նկարահանեին, ինչը հնարավորություն ընձեռեց, որպեսզի ամբողջ աշխարհով ցուցադրվի»:
Գ. Գեւորգյանը նաեւ առանձնացրեց Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված հաջողված ֆիլմերը. «Բավականին հաջողված ֆիլմեր կան, օրինակ` Ռոբեր Գետիկյանի «Մի խելագարի պատմություն» եւ Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» ֆիլմերը: Իհարկե, Ցեղասպանության թեմայով եղան ֆիլմեր, որոնք քննադատվեցին` չողջունվեցին: Ի վերջո, 100-րդ տարելիցով ամեն ինչ չավարտվեց, դեռ շատ ֆիլմարտադրողներ կանդրադառնան այդ թեմային, իսկ պետությունն էլ, ճիշտ է, մեծ ներդրում չի անում, բայց աջակցում է այն նախագծերին, որոնք գտնում է ավելի նպատակահարմար, եւ որոնք իսկապես արտահայտում են այն, ինչի մասին ուզում ենք բարձրաձայնել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

