«ՋՐԻ ԳՈՂ ԷԼ ԴԱՌԱՆՔ»
Արխիվ 12-16«ՋՐԻ ԳՈՂ ԷԼ ԴԱՌԱՆՔ»
Թե պարբերաբար ինչ խոսակցություններ են պտտվել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անվան շուրջ, երեւի նույնիսկ հիշեցնելու կարիք էլ չկա: Ամեն դեպքում, այդ խոսակցությունները սկսվել են նրանից, թե ինչ «տարօրինակ» վերահսկողություններ էր Ի. Զաքարյանն իրականացնում իր ղեկավարած կառույցով եւ ավարտվել նրա կառուցած տան, ավելի ճիշտ, պալատի դարպասների բախվելով: Ընդ որում, պարոն Զաքարյանն էլ իր հերթին է պարբերաբար «խայտաբղետ» պատասխաններ տվել այդ խոսակցություններին, որոնց թվում ամենահանճարեղը, թերեւս, տուն-պալատի կառուցման միջոցների մասին էր, թե իր փողերով չի արվում:
Ինչեւէ, ՎՊ-ի հետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարության հայտնի բախումներից հետո Ի. Զաքարյանն ակնհայտորեն փորձում է ստվերում մնալ: Բայց «չար լեզուները» շշնջում են, որ շինարարության նկատմամբ այդ բուռն տենչը նրա մոտ նույն չափով պահպանվում է: Ճիշտ է, արդեն պալատների փոխարեն, ըստ նույն աղբյուրների` ՎՊ նախագահն այգիներ հիմնելու եւ դեպի իր հողամասերը սարերով ու ձորերով ճանապարհներ սարքելու շատ ավելի ազնիվ գործով է զբաղված: Բայց այդ ազնվությունից հետք էլ չի մնում, երբ հաշվի ենք առնում, ասենք` Գառնիի բնակչության այն բողոքները, որ այդ այգիների տարածքները, Գառնիի ձորի երկայնքով ընկնող այլ հողամասեր (որտեղ հանգստյան գոտիներ ու այլ շինություններ են հիմնվում) պարոն Զաքարյանին է բաժին հասել, մեղմ ասած, տարօրինակ ճանապարհներով: Եվ ամենավատն այն է, որ ըստ մեր զրուցակից մի շարք գառնեցիների` այդ հողամասերի ոռոգման նպատակով ջուրը վերցվում է Գառնիից` Արտաշատի կողմերը գնացող խմելու ջրատարից: Իսկ թե ջուր վերցնող խողովակների վրա քանի տեղ է ջրաչափ «տեղադրված», երեւի ասել էլ իմաստ չունի:
Եվ վերջապես, նույն աղբյուրները նաեւ պատմում են, որ Ի. Զաքարյանն այդ գյուղատնտեսական նկրտումները թեեւ մինչեւիսկ տարածքի հարակից մեծ ու փոքր իշխանիկներին է զայրացնում, բայց նրանց մնացել է միայն զայրւյթը թաքցնել ու պետք եղած դեպքում լայնորեն ժպտալ. բա որ ՎՊ-ն մի ուսումնասիրություն էլ իրենց մոտ անի, ո՞նց են տակից դուրս գալու...
Սրանք դեռ նախնական տվյալներն են, եւ մանրամասներին առաջիկայում անդրադառնալու առիթներ կունենանք:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

