ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԱԱԾ-Ի ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԼՌԻ՞
Արխիվ 12-16ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԱԱԾ-Ի ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԼՌԻ՞
Հաշվի առնելով, որ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից հասարակական մեծ հնչեղություն է ստացել, երեկ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Այս ձերբակալության, այնուհետեւ դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների:
Հարցը շատ նուրբ համարելով` ե՛ւ փորձագետները, ե՛ւ Վ. Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը: Այս համատեքստում բացառություն է Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը` «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»: Կարծում ենք` արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների եւ դրանց իսկ վրա կառուցված հետեւությունների վրա: Թերեւս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ եւ բոլոր իրավիճակներում` իրականացնելով ՀՀ եւ ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, եւ որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով»: Այս մասին «Իրավունքը» փորձեց ստանալ Ա. Մանուչարյանի մեկնաբանությունը, սակայն ապարդյուն: Մեզ հետ զրույցում 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու Մանուչարյանը, ով այս օրերին ջանասիրաբար պաշտպանում էր Վ. Շիրխանյանին, միայն ասաց հետեւյալը. «Ես չեմ կարող հիմա պատասխանել, գերեզմաններում եմ, կներեք, վաղը զանգահարեք խնդրում եմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

