ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՔՆՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՈՒՆ ԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Արխիվ 12-16ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՔՆՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՈՒՆ ԵՆ
ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա փոքրիկի մահվանից հետո բուժհաստատությունը հայտնվեց մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը: Հարազատները, սակայն, պնդում են, որ եթե Մերի Մարգարյանի բուժող բժիշկը ժամանակին քայլեր ձեռնարկեր, հնարավոր կլիներ փրկել թե՛ մոր, թե՛ երեխայի կյանքը:
«Իրավունք»-ը առողջապահության նախկին նախարար, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից պարզեց` նման դեպքերում ինչ մեխանիզմով պետք է պարզել`ծննդկանի մահը բժշկի անփութության հետեւանք է, թե՞ ոչ:
Բաբլոյանը Մերի Մարգարյանի մահվան դեպքի մասին գնահատական չտվեց, քանի որ գործն իրավապահների ուշադրության կենտրոնում է: Բայց բժշկական սպասարկման օրենքի մեջ փոփոխություն անելուց հետո, ըստ նախկին նախարարի, հնարավոր կլինի մահացության դեպքերին օբյեկտիվ գնահատական տալ. «Մինչեւ հիմա մահացության դեպքերը քննելու համար ձեւավորվում էր բժշկական հանձնաժողով, որի անդամները կամ մեղադրվող բժշկի ընկերներն են կամ հակառակորդներ: Այսինքն` հանձնաժողովը կարող է դրսեւորել սույեկտիվություն: Իսկ հիմա մասնագետին ասում ենք` դու անընդհատ պետք է զարգանաս, ծանոթ լինես համապատասխան կլինիկական ուղեցույցներին, առաջնորդվես դրանցով: Եթե դու կլինիկական ուղեցույցներում ամրագրված չափորոշիչներին հետեւել ես, արել ես ամեն ինչ, բայց հիվանդի կյանքը չի փրկվել, ապա քեզ կարդարացնեն, իսկ եթե չես արել, կկրես պատասխանատվություն»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

