ՀԲՃ ԱՆԴԱՄ. «ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2500 ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԱԾ ԾԱՌ ԵՆՔ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ՍԱԿԱՅՆ…»
Արխիվ 12-16ՀԲՃ ԱՆԴԱՄ. «ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2500
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԱԾ ԾԱՌ ԵՆՔ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ,
ՍԱԿԱՅՆ…»
Հայաստանի բնության պետական թանգարանում հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում առկա խնդիրներն ու առավելությունները, եթե կան իհարկե առավելություններ:
«Իրավունք»-ը Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանից պարզեց` ինչպես կգնահատի նախարար Արամայիս Գրիգորյանի աշխատանքը եւ արդյոք պաշտոնյայի ներկայացրած թվային տվյալներն իրական են: Հայտնի է, որ հաճախ մեր պաշտոնյաներն իրենց ղեկավարած ոլորտի խնդիրները լուծելու համար թվանկարչությամբ են զբաղվում:
«Չեմ հետեւել նախարարի ասուլիսին, միայն տարբեր հոդվածներ եմ ընթերցել: Բայց որպես բնապահպանության ոլորտի քիչ թե շատ քաջատեղյակ կարող եմ ասել`բնապահպանության նախարարությունը եւ ինչպես մյուս բոլոր նախարարությունները անում են այն, ինչ թույլատրված է «վերեւ»-ից: Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ»,- ասաց պրն Գալստյանը:
ՀԲՃ-ի անդամի խոսքով` հանքարդյունաբերողները շարունակում են աղտոտել մեր գետերը, շարունակվում են կտրվել ծառերը: «Մենք ո՛չ նախորդ տարի, ո՛չ էլ այս տարի բնապահպանության ոլորտում լուրջ արդյունք չենք տեսել: Միայն երկու ամսվա ընթացքում 2500 ապօրինի հատված ծառ ենք հայտնաբերել, սակայն լուրջ արձագանք չի եղել: Լուծվել են փոքր, էպիզոդիկ խնդիրները, բայց ոչ հիմնականները»,- կարծում է բնապահպանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

