«Հիշո՞ւմ եք` «Մեր բակի» մեջ ասում էի` թանկ նվեր շատ եմ սիրում, բայց իրականում...».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

Մայիսի 15-ին սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

– Պարոն Ղազարյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում, որպեսզի շրջապատված լինեք սիրելի մարդկանցով, առողջ լինեք եւ միշտ ժպտաք:

– Շնորհակալություն…

– Սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան օրը:

– Այդքան էլ չեմ սիրում… Երբ փոքր էի, ծննդյանս օրն ինձ համար տոն էր: Աշխարհի ամենալավ օրն էր` նվերներ էի ստանում: Բայց քանի մեծանում ես, արդեն մի քիչ ուրիշ կերպ ես մոտենում դրան, որովհետեւ ասում ես` մի տարով էլ մեծացա: Ես չեմ էլ նշում ծննդյանս օրը: Քանի որ մի Աշոտ Ղազարյան էլ ունենք` թոռնիկս, ինքն էլ նույն օրն է ծնվել` իր ծնունդն ենք նշում: Իմն այնքան ենք նշել…Եթե կլոր ամյակ է, դա ուրիշ բան: Այն էլ ես չէ` ինչ-որ կազմակերպիչներ իմ թույլտվությունը վերցնում ու նշում են:

– Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:

– Հիշո՞ւմ եք` «Մեր բակի» մեջ ասում էի` թանկ նվեր շատ եմ սիրում, չէ՜, թանկ չէ` նայած ոնց են տվել, ու ով է տվել այդ նվերը: Մի ժամանակ բլոկնոտներ էի շատ սիրում: Տասնյակներով բլոկնոտներ ունեմ, որ չեմ էլ օգտագործել ու երեւի չեմ էլ օգտագործի, բայց սիրում եմ:

– Երբ ողջ էր Ձեր մայրը, այդ օրն ինչպե՞ս էիք նշում:

– Մենք նշում էինք` մամայիս ուրախություն պատճառելու համար, որ ինքը բոլորին միանգամից տեսնելու էր` իրար գլխի հավաքված: Շատը մամայի համար էինք անում: Տանն էինք նշում: Ով գիտեր, գալիս էր: Իսկ եղբայրներս ու քույրս պետք է պարտադիր ներկա լինեին: Մաման ուրախանում էր դրանով:

– Ձեր մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստը ո՞րն էր:

– Խաղողի տերեւով տոլման եւ սպասը, ու ես կնոջս ասացի` ինչ ուզում ես սովորի, բայց մամայիս պատրաստած տոլման մեկ էլ սպասը սովորի: Ու կինս երկուսն էլ ճիշտ մամայիս նման պատրաստում է:

– Երբ հանդիպեցիք Ձեր կնոջը …

– Մենք իրար ճանաչել ենք` քրոջս հարեւանուհին էր: Ու միշտ, երբ քրոջս տուն գնում էի, տեսնում էի նրան: Անցան տարիներ, էլ չտեսա իրեն: Քույրս տեղափոխվեց ուրիշ տեղ ապրելու, իրենք` ուրիշ տեղ: Հետո` գնացի բանակ, եկա եւ որոշեցի, որ պետք է ամուսնանամ: Հարմար թեկնածու չէի գտնում: Մի օր էլ քույրս ասաց. «Հիշում եմ, որ դու գալիս-գնում էիր, Մելանյային նայում էիր` ոնց որ դուրդ գալիս էր: Իր հետ էլ ամուսնացիր, շատ լավ աղջիկ է": Եվ ես նորից իրեն գտա, հանդիպեցինք, սիրեցինք ու ամուսնացանք:

– Ձեր թոռները տաղանդավոր են, հաղթել են մրցույթներում: Ինչ- որ տեղ գենով Ձեր տաղանդը նաեւ նրանց է փոխանցվել:

– Դա այդպես է…

– Ինչպիսի՞ պապիկ եք:

– Յուրաքանչյուր պապի համար թոռը ամենաքաղցրն է: Այն ժամանակ, որ ջահել էինք, ասում էին` թոռից քաղցր բան չկա, ու ես ինչքան մեծանում եմ, հասկանում եմ, որ իրենք դեռ մի բան էլ քիչ էին ասում: Իրոք, թոռն աննկարագրելի երեւույթ է:

– Երբ առաջին անգամ Ձեր թոռները` Անահիտ եւ Բորիս Ադամյանները, հաղթեցին, ամբողջ համացանցը խոսում էր նրանց տաղանդից: Դո՞ւք ինչ զգացիք այդ պահին:

– Շատ հուզվել էի ու այնպես էի անում, որ կինս չնկատի, որ աչքերս լցվել են: Երբ որ պտուղիդ պտուղը քեզ այդպիսի պահեր է պարգեւում, դրանից թանկ բան չկա:

– Ձեր թոռն էլ է Աշոտ Ղազարյան: Կպատմե՞ք փոքրիկ Աշոտիկից:

– Նա շատ լավ տղա է: Հետաքրքիր է մտածում ու շատ ճիշտ է մեծանում: Մենք իրեն` այս մի արա, այս արա այդպիսի բան չենք ասում, ոնց որ մեր երեխաներին չենք այդպես ասել:

Իմ թոռները տեսնում են մեր շփումները մարդկանց հետ` նիստ ու կացը, վերաբերմունքը, եւ արդեն իրենք են զգում, որն է ճիշտը, որը` սխալ: Եվ այդպես ճիշտ էլ մեծանում են: Համարյա դիտողություն անելու կարիք չկա: Իմ ծննդյանս օրվան նվիրված հաղորդման ընթացքում Աշոտիկն ասաց` «Ես էլ եմ Աշոտ Ղազարյան, եւ այդ անունը պետք է բարձր պահեմ»: Այդ ոչ ոք իրեն չէր սովորեցրել: Յոթ տարեկան է, բայց կարողացավ ճիշտ մտածել եւ արտահայտվել:

– Աշոտիկը բնավորությամբ ո՞ւմ է նման:

– Բոլորիցս էլ նմանություն կա: Կարեւորը` բարի, ազնիվ, մաքուր ու տաղանդավոր է: Լավ նկարում է, լավ նվագում է` դաշնամուրի է գնում, լավ լեզուներ գիտի` անգլերեն, ռուսերեն: Բարի, լավ մարդ է մեծանում:

– Տարիների ընթացքում բախտ եք ունեցել խաղալ եւ շփվել շատ մեծությունների հետ: Այդ ամենն ո՞ւմ եք փոխանցելու:

– Կարեւորն այն է, որ ես նրանցից շատ-շատ բաներ սովորեցի: Հիմա էլ, որ դպրոցս բացել եմ, աշխատում եմ իրենցից ստացած գիտելիքներն ու փորձը, լավ ավանդույթները, դերասանական վարպետությունը փոխանցեմ երեխաներին, որ դրանք չգնան ու կորեն: Ես հպարտ եմ, որ այնպիսի մարդկանց հետ եմ Սունդուկյանի անվան ակադեմիական պետական թատրոնում բեմ բարձրացել` Ավետ Ավետիսյան, Արուս Ասրյան, Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Վերջալույս Միրիջանյան, Մուրադ Կոստանյան, Արմեն Խոստիկյան, որոնք իմ ամենամոտ ընկերներն էին: Ամենամեծ աստղերի հետ ես բեմ եմ դուրս եկել ու ամեն մեկից մի բան սովորել եմ:

– Ովքե՞ր կարող են ընդունվել Ձեր դպրոց: Լինո՞ւմ է, որ անտաղանդ երեխային ընդունելու բերեն Ձեր դպրոց միայն նրա համար, որ ծնողն ուզում է, որ իր երեխան դառնա Աշոտ Ղազարյանի նման:

– Մեզ մոտ ընդունվում են 9-16 տարեկանները: Հումորը սովորելով չի: Ի ծնե պետք է ունենաս հումորի զգացում, իսկ տաղանդն էլ Աստված է տալիս: Մեր դպրոցի լավն այն է, որ ծնողներն էլ են համոզվում` մեկ-երկու տեսնում են, որ չէ, իր տղայի կամ աղջկա տեղը չի…Կարող է ինքը լավ մանկավարժ, ֆիզիկոս դառնա, բայց դերասան չի կարող դառնալ: Ճիշտ կողմնորոշվում են: Ում մեջ էլ, որ նկատում ենք դերասանական շնորհք կա` աշխատում ենք նրանց վրա: Մենք լավ մասնագետներ ունենք: Ես էլ եմ դասավանդում: Նկարահանումներ ենք անում: Այս վերջերս ահագին նկարահանումներ ավարտեցինք:

– Հիմա մրցակցությունը շատ-շատ է: Ինչո՞վ է Ձեր դպրոցն առանձնահատուկ մյուսներից:

– Աշոտ Ղազարյանով…..

– Երեւանի պատվավոր քաղաքացի եք, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր եւ էլի շատ կոչումներ ունեք: Ձեզ բոլորը սիրում են, ո՞րն է սիրված մնալու գաղտնիքը:

– Ժողովուրդը զգում է, որ ես երբեք դերասանություն չեմ անում, հատուկ խոսքեր չեմ ասում, որ ինձ սիրեն: Իր արվեստագետին ժողովուրդն է ընտրում: Եվ հեռուստատեսությամբ աչքերից զգացվում է, որ այդ մարդը մաքուր է, թե կեղծ է: Նայում են ընտանիքը` տեսնում են նորմալ ամուսիններ ենք: Քառասունվեց տարի իրար հետ ապրում ենք ու քառասունվեց տարին էլ ոնց որ նոր երեկ իրար սեր բացատրած լինենք: Տեսնում են քո դաստիարակած երեխաներին: Հետո տարբեր առիթներով քո վարվելաձեւը` նստելը, վեր կենալը, խոսելը, ժողովրդին նվիրվելը: Դրանք ժողովուրդը հասկանում է: Եվ ինչքան դերասանություն անես, մեկ է, քո արած դերասանությունը կերեւա: Ժողովուրդն է ընտրում իր կողմից սիրված արտիստին, որն էլ` Ղազարյան Աշոտին դարձնում է Աշոտ Ղազարյան:

– Ժողովուրդը Ձեզ սովոր է տեսնել հումորային կերպարների մեջ: Ձեր կողմից համարձակ քայլ չէ՞ր դրամատիկ դերով հանդես գալը:

– Ես միշտ էլ ե՛ւ հումորայինն եմ սիրում, ե՛ւ` դրամատիկը: Ու երբ ներկայացման մեջ կա դրամատիկ պահեր, ես դրանով ավելի լավ զգում եւ անհամբեր սպասում եմ, երբ պետք է այդ ներկայացման տեսարանը գա, որ այդ կտորը խաղամ: Եթե սիրում ես ու վստահ ես քո վրա, պետք է խաղաս:

– Եկեք մեր հարցազրույցն ավարտենք սիրո խոստովանությամբ:

– Արգենտինահայ բանաստեղծուհի կարª Ալիսա Կիրակոսյան, ինքն ասում էր`

Սերը գոյության հանճարն է միակ,

Սիրո հակառակը ամենեւին էլ չսիրելը չէ...

Եվ որպեսզի գոյատեւեն եւ ճիշտ ապրեն, պետք է սիրեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում