ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ. «Անձնական ցավ է այն ամենը, ինչը վնասում է Հայաստանի անվտանգությանն ու առաջընթացին»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք թատերագետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հայցորդ, թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի   անդամ ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆԻ հետ: 

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

- Սկսեմ մասնագիտության ընտրությունից: Ի սկզբանե որոշել էի մասնագիտանալ լրագրության ոլորտում և լրջորեն պատրաստվել էի Երևանի պետական համալսարանի Լրագրության բաժնի ընդունելության քննություններին: Սակայն, անսպասել հանդիպեցի իմ վաղեմի ընկերներից մեկին՝ Արթուր Մանուկյանին, ով այժմ Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է, իսկ այն ժամանակ սովորում էր ԵԹԿՊԻ-ի Կինոռեժիսուրայի բաժնում: Նա ինձ խորհուրդ տվեց ընտրել թատերագետի մասնագիտությունը, որն ըստ նրա, ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ ուսումնասիրությունների էր միտված: Առանց երկար բարակ մտածելու համաձայնեցի, չնայած գիտեի, որ ընտանիքս կարող է չընդունել իմ որոշումը… համաձայնեցի և չսխալվեցի: Իսկ արդեն մասնագիտական ուղին սկսվեց անվանի կինոգետ Սուրեն Հասմիկյանի արվեստանոցից: Նրա յուրահատուկ և, չեմ վախենա այդ բառն օգտագործել, փառահեղ դասախոսությունները ձևավորեցին իմ մեջ թատերական արվեստի գաղտնիքներին մոտենալու և դուռը ճիշտ կողմից բացելու կարողությունները, որոնք ես ամեն օր հղկում և ավելացնում եմ: 

- Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից: 

-Իմ և իմ թատերագետ ընկերների համար ամենամեծ ձեռքբերումը 2020 թվականին թատերագիտական կայքի ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հայաստանի Թատերական գործիչների միությունը, հիմնելով «Թատերակետեր» կայքը, թատերագետների համար պաշտոնական հարթակ ստեղծեց, ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ մշակույթի ռազմավարական տեսանկյունից կարևոր կառույց ունենալու փաստով: Մեր երկիրն այս հարցում իրոք հպարտանալու տեղ ունի: Այսինքն, արվեստի փորձագիտական ոլորտը պետականորեն արժևորվող ենթակառուցվածք է դարձել:
Առհասարակ ինձ համար գլխավոր ձեռքբերումը որակյալ և անընդհատ կրթությունն է: Համարում եմ, որ մարդը, առավել ևս կինը, 21-րդ դարում պիտի անընդհատ ինքնակրթվի: 
 
- Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Իմ գլխավոր առաքելությունն այս կյանքում մայր լինելու առաքելությունն է: 2020 թվականից հետո ես իմ կյանքը բաժանում  եմ երկու մասի. մինչև պատերազմ և պատերազմից հետո: Չեմ սիրում շահարկել այդ թեման, հայրենիքը լուռ են սիրում և  ծառայում նրան անմնացորդ, բայց պատերազմից հետո ես ինքս ինձ համար որոշել եմ՝ ավելի մեծ խստությամբ պետք է վերաբերվեմ երեխաներիս հայրենաճանաչ քաղաքացիներ դաստիարակելու գործին: Ազգային արժեքների, մայրենի լեզվի գերազանց իմացությամբ պետք է կյանք մտնեն: Ինքս այդպիսի ընտանիքում եմ մեծացել: Իմ պապրեը գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից, հպարտ եմ, որ նրանց ժառանգն եմ և կրում եմ իմ մեջ այդ հզոր մարդկանց գենետիկ կոդը: Միևնույն ժամանակ դա շատ պարտավորեցնող է: Որպես մասնագետ, ինքս իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ: Գտնում եմ, որ ցանկացած ոլորտում պետք է ազնիվ աշխատել: Թատերագիտական հոդվածները, որոնք ես հեղինակում եմ, գրվում են այդ սկզբունքով, անկախ նրանցում եղած քննադատական խոսքից: Որովհետև հստակ գիտակցում եմ, որ ըստ էության մենք գրում ենք հայ թատրոնի ապագա պատմությունը և հաշվետու ենք լինելու գալիք սերունդների առջև:  

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը: 

-Միջնադարյան հայկական իրավական մտքի ամենահայտնի աշխատությունում` Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագրքում» ընդգրկված այս միտքը, թերևս ամենաընդգրկուն և արժեքավոր պատգամն է կանանց դերի, կրթություն ստանալու կարևորության վերաբերյալ: Դեռևս 12-րդ դարում  անվանի գիտնականը դեմ է արտահայտվում բռնի ամուսնություններին, առաջ է քաշում սեփականության հավասար բաժանման, կանանց դեմ բռնություն գործադրողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ցավոք, մեր իրականությունում մինչ օրս առկա են նման արատավոր բարքերը, որն ըստ իս կրթության պակասի, տգիտության հետևանք է: Չնայած հայկական ընտանիքի մոդելը տղամարդակենտրոն է, բայց դա չի նշանակում, որ կինը անտեսված կամ թերարժեք պետք է լինի: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ երեխաների դաստիարակության և կայացման հարցում մոր դերն առաջնային է: Չէ՞ որ տղաները հետագայում իրենց երկրորդ կեսի մտատիպարին մոր կերպարից, նրա բարոյահոգեբանական նկարագրից ելնելով են ձևավորում: Հետևաբար որակյալ սերունդ ունենալու համար կրթված կնոջ դերը շատ կարևոր է, ինչպես առողջ բերք ստանալու համար՝ պարատ և մշակված հողը: Ես ունեմ մեծ ընտանիք, որը ենթադրում է ոչ աննշան խնդիրներ և հոգսեր, սակայն իմ կրթության և մասնագիտական կայացման հարցն ինձ համար պակաս կարևոր և առաջնային  հարց չէ: Ընտանիքիս անդամներն էլ, բնականաբար, գիտակցված և ոչ թե պարտադրված ըմբռնումով են մոտենում այդ հարցին: 

- Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:  
 
-Ամբողջ աշխարհը, որպես քաղաքակրթության օրրան ընդունում է Հունաստանը, իսկ մնացած բոլոր ասույթները ցածր էմոցիոնալ ինտելեկտի տեր զանգվածի ազգային սնապարծությունը խթանող ռոմանտիկ զեղումներ ու մտորումներ են: Հենրիխ Շլիմանի այս բնորոշումը, որպես հայի շոյում է մեր ազգային ինքնասիրությունը: Սակայն չեմ կարծում, որ մեզ կարող է ինչ որ բան տալ: Բայրոնն էլ հայերենը բարձրյալի հետ խոսելու լեզու էր որակում, բայց այսօր մեր մեծամասնություն ինչպե՞ս է վարվում մայրենիի հետ: Ժարգոնային ոճին ժողովրդախոսակցական լեզվամտածողության անցաթուղթ տալո՞վ: Կամ էլ քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած լինելով ենք ինքնագոհ հպարտանում: Ե՞վ… որքանո՞վ ենք մենք աստվածահաճո կյանքով ապրում, թե՞ դրանից առավել էական է խաչի ոսկյա ձուլածոն կրելը: Ստացվում է, որ ինքնախաբեությանը հարիր արժեկարգ ու դրանից ինդուլգենցիա ենք մեզ համար սահմանել: Այնինչ կարող ենք ավելի խոհեմ լինել. դադարենք ուրիշների գաղափարներով, առավելևս նրանց հովանավորության վրա հույսներս դնելով ապրել: 

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը: 

-Երբեք չկորցնել մարդ մնալու հատկանիշը, որովհետև դիմացինդ էլ քեզ նման մարդ է:

- Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

- Թատերախոսականների և գիտական հոդվածների տեսքով: Յուրաքանչյուր բեմադրության մասին գրելիս՝ առաջնահերթություն եմ համարում դրա արդիականությունը: Այն, թե  որքանով է տվյալ ստեղծագործությունը, դերասանի մասնագիտական պատրաստվածությունը, ռեժիսորական մեկնաբանությունը բռնում ժամանակի զարկերակը: Գրիգոր Արծրունին համարում էր, որ թատրոնը ժամանակի բարոմետրն է: Ավելի դիպուկ ձևակերպում դժվար թե գտնենք: 

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Թատերագետին, որպես թատրոնի մարդու և ոչ երբեք խորթ զավակի տեղ ընդունելու մշակույթի բացակայությունը: Այսօր թատերագետները ներկայացում դիտելու համար չունեն ի պաշտոնե հրավիրյալի կարգավիճակ: Ստիպված ենք լինում կամ ընկեր-ծանոթին դիմելով, կամ համառությամբ մտնել թատրոն: Ժամանակն է, որ մեր թատրոնի ղեկավարները մտահոգվեն այս հարցով, ոչ թե բավարարվեն այս կամ այն լրագրողի մի քանի տողով տրված տեղեկատվությամբ: Ցավալին այն է, որ բացի թատերագետներից, հատուկենտ մարդկանց է անհանգստացնում այն փաստը, որ մի քանի տասնամյակ հետո այսօրվա թատրոններում խաղացվող ներկայացումների մասին մասնագիտական վերլուծություն չի լինելու և դրա հետևանքով մեծ խզվածք է լինելու պատմության և իրականության միջև: 
  
- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

- Դեռևս հետպատերազմական ապատիկ է վերբերմունքս: Անձնական ցավ է ինձ համար այն ամենը, ինչը վնասում է Հայաստանի անվտանգությանն ու առաջընթացին:
բայց միևնույն ժամանակ էլ  անձնական ցավ է դառնում այն, ինչը վնասում է մեր հայրենիքի առաջընթացին: 

- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

- Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ստիպված ենք ատամներով պահել այն, ինչ ունենք: Ուստի սերունդներին արժեհամակարգային գիտակացման հիմքի վրա ներքուստ վերակառուցված հայրենիք կուզենայի թողնել: Այլապես նրանք ինչպե՞ս պետք է մեզնից ժառանգած բարոյահոգեբանական ավերակների վրա կառավարեն:

Ք. Աբրահամյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում