Պոլիկլինիկաներում` կոլապս, փլուզումից հետո` «անդունդ». Մանրիկյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երեւանում բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա, որտեղ այցելում են տարեկան շուրջ 1 մլն 400 հազար քաղաքացի: Մինչդեռ Երեւանի ավագանու «թեթեւ ձեռքով» մի շարք պոլիկլինիկաներ կվերակազմավորվեն` միանալով մեկը մյուսին: Խնդրով մտահոգ կոնդեցիները շտապել էին քաղաքապետարան իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, բայց, միեւնույնն է, քաղաքային իշխանությունը մնաց անդրդվելի: Իսկ ավագանին ընդամենը 2 դեմ եւ 37 կողմ ձայներով ընդունեց այս նախագիծը, որն, ըստ էության, պոլիկլինիկաների օպտիմալացում է նշանակում, բայց իշխանությունն անվանում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «արդյունավետ կառավարում»: Ստեղծված իրավիճակի եւ քաղաքային այլ խնդիրների մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

«ԿՈՆԴԻ ՄԵՐ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԷՐ»

– Որքանո՞վ է պոլիկլինիկաների վերաբերյալ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն արդարացված, եւ ի՞նչ հետեւանքներ այն կունենա:

– Նախ ասեմ, որ Երեւանի ավագանու վերջին նիստին զուգահեռ տեղի ունեցած Կոնդի մեր հարգարժան բնակիչների բողոքի ակցիան արդարացված էր: Այս հարցում քաղաքապետարանն իսկապես, հապճեպ որոշում է կայացրել: Իրականում այս որոշումն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ասպեկտներ: Դրականն այն է, որ` այո՛, պետք է փոփոխություն կատարվի, եւ նոր թափ հաղորդվի պոլիկլինիկաների զարգացմանն ու հետագա աշխատանքներին, բայց միանգամից կոմպլեքսային նման փոփոխություն անելը, բնականաբար, սխալ է: Իհարկե, որոշ ժամանակ անց այս ամենն իր դրական արդյունքները ցույց կտա, բայց մինչ այդ` շատ մեծ բացասական էֆեկտ կունենա մեր ազգաբնակչության շրջանում: Այդ պատճառով առաջարկել էինք, որ նմանատիպ փոփոխության գնալու համար անցնենք պիլոտային պրոյեկտի: Կարելի էր փոքր վարչական շրջաններից մեկում նմանատիպ փոփոխություն անել, մեկ-երկու տարի մոնիթորինգ իրականացնել, հետո կամաց-կամաց հասնել նրան, ինչ հիմա քաղաքային գործադիր իշխանությունն ուզում է: 

– Կոնդի բնակիչները վրդովված էին, որ «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ները վերակազմակերպվելու են` միանալով «Թիվ 4 պոլիկլինիկային»: Ինչպե՞ս եք սա պատկերացնում գործնականում:

– Փաստացի ունենում ենք մի իրավիճակ, որ 50-60 հազարից ավել բնակչության սպասարկելու է «Թիվ 4 պոլիկլինիկան», եւ այստեղ հարց է ծագում` արդյոք այդքան մեծ բնակչության կարողանալու են ընդունել, բժիշկներն իրենց դրույքաչափերով պատրա՞ստ են` թե՛ որակապես, թե՛ քանակապես: Այս պահի դրությամբ` լիարժեք պատասխաններ չունենք, հետեւապես նախեւառաջ` որպես բժիշկ, ինձ մոտ կարծիք է ձեւավորվել, որ սա հապճեպ որոշում էր, եւ այս տեսակետի հետ համակարծիք էր մեր խմբակցությունը, ինչի համար էլ կողմ չքվեարկեցինք:

«ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ, ՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳԱՆՔԸ ԿՈՇՏ ՉԷՐ»

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ երեւանցու մտահոգություններին ու հորդորներին, պարզապես, քաղաքային իշխանությունը չցանկացավ ականջալուր լինել:

– Փաստ է, որ պատրաստ չեն լսել, ընդ որում` երբեմն նաեւ ընդդիմադիրների բարձրաձայնած դիտարկումները: Նիստի ժամանակ այս հարցը 6-րդն էր, բայց տեղափոխվեց ու դարձավ ամենավերջինը: Տվյալ ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը բացատրեց նրանով, որ տպավորիչ զեկույց է ներկայացնելու, որպեսզի ավագանու անդամների համար ավելի ընկալելի լինի: Սակայն, որպես բժիշկ, ամեն ինչ ինձ համար ի սկզբանե էլ պարզ էր: Այո՛, շատ ճիշտ քայլեր է անում պարոն Սիմոնյանը, բայց կոնկրետ թիվ 1 եւ թիվ 4-րդ պոլիկլինիկաների միավորումով ունենալու ենք խնդիր, եւ այս ամենը հանգեցնելու է կոլապսի: Հերթեր են առաջանալու եւ հնարավորություն չի լինելու լիարժեք կառավարում իրականացնել: Ի վերջո, մեծահասակները չեն օգտվում ինտերնետ հավելվածներից` նախապես գրանցվելու համար: Իսկ երբ զանգում ես պոլիկլինիկա, որպեսզի հերթագրվես, հեռախոսները չեն պատասխանում: Ի դեպ, մի քանի անգամ ես փորձել եմ եւ անպատասխան է մնացել զանգս: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի պոլիկլինիկաների միավորումից հետո: 

– Երեւանի ավագանին հավանություն տվեց նաեւ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկացնելուն: Դե ֆակտո մեկնարկած Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավո՞վ է սա պայմանավորված, որ իշխանությունը ակտիվորեն սկսել է խոսել նոր վերելակների ու մետրոյի նոր կայաններ կառուցելու մասին:

– Երբ իրենց ես հարցնում, մեկնաբանում են, թե իրենց ծրագրային դրույթներում եղել է, որ պետք է նոր վերելակներ տեղադրեն ու մետրոյի կայաններ կառուցեն, իրենք էլ հիմա իրենց նախընտրական խոստումների իրականացման փուլում են: Ի դեպ, մեր նախընտրական խոստումների մեջ էլ կար մետրոյի նոր կայան կառուցելը: Սակայն հիմա, երբ դրա համար հատկացվում է 554 մլն դրամ, առաջացնում է նոնսենսային իրավիճակ: Մի կողմից հասկանում ենք, որ մեր ազգաբնակչությանը մետրոյի այդ կայանն անհրաժեշտ է, բայց մյուս կողից էլ հատկացված գումարը շատ մեծ է, ինչի համար լիարժեք հիմանավորում չկա: Բայց ի՞նչ անես, դե՞մ գնաս քո բնակչությանը` այն դեպքում, երբ մրցույթով արդեն հաղթող կազմակերպություն կա, եւ ուզած-չուզած գումարը պետք է փոխանցել: Երբեմն մենք բախվում ենք այսպիսի նոնսեսային իրավիճակի, երբ պետք է ընտրես, թե ինչն է ավելի կարեւոր: Իսկ բոլորիս համար առավել կարեւոր պետք է լինի մեր ազաբնակչությունն ու մեր երկիրը, հետո նոր` կուսակցական շահերն ու քաղաքական դիրքորոշումները: 

– Օրերս Երեւանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում տեղի ունեցավ: Մեղավորության սլաքներն ուղղվեցին ճամփեզրին շինարարություն իրականացնող ընկերության ուղղությամբ: Իսկ այս հարցում քաղաքապետարանն իր մեղքի բաժինը չունի՞:

– Իհարկե` ունի: Նախ պետք է հասկանանք, թե այդ շինթույլտվությունը երբ է տրվել, եւ երկրորդ` ցանկացած շինարարություն կատարելու ժամանակ վերահսկողական մարմինը պետք է իրականացնի մոնիթորինգ, հատկապես, որ ունի իր ստորաբաժանումներում մասնագետներ: Թեպետ այս դեպքում, բնավ, նեղ մասնագետ պետք չէ լինել, հասկանալու համար, որ շինարարությունը երթեւեկելի ճանապարհին շատ մոտ հատվածում էր կատարվում, ինչի մասին բազմաթիվ շարքային քաղաքացիներ իրենց մտահոգությունն են հայտնել: Ի դեպ, շինարարական ընկերությունն էլ ինչ-որ դիտարկումներ է արել եւ պարզվել է, որ ճանապարհի ասֆալտային ծածկույթը անձրեւների պատճառով թրջվել եւ ծանրացել է եւ ճիշտ է գրունտով վերականգնել, ինչի հետ համաձայնել է քաղաքապետարանը: Սա արդեն իսկ նշանակում է, որ ինչ-որ մի կետում թերացում է եղել: Պետք է հասկանանք, ինչու են այսքան ուշացրել, ով է դրա համար մեղավորը: Սակայն ինձ համար եւս մեկ հարց մնում է անպատասխան: Իմ սուբյեկտիվ կարծիքով` տարօրինակ է, որ փլուզումը տեղի է ունեցել ժամը` 06:30-ին: Փառք Աստծո, որ զոհեր, վիրավորներ չեն եղել, բայց տարօրինակ միգուցե զուգադիպություն է, որ փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդ չի եղել: Ինչեւէ, իրավապահ մարմինները կքննեն, կհասկանանք, եւ հետեւողական կլինենք նաեւ, թե արդյոք կվերականգնվի ճանապարհը նույն տրամագծով, որը կար, որովհետեւ միգուցե շինարարության ինչ-որ հատված որոշել են տեղափոխել հենց ճանապարհի՞ վրա: Նույնքան տարօրինակ էր, որ քաղաքային իշխանության արձանագանքը բոլորովին էլ կոշտ չէր: Տպավորություն է, որ տեղի ունեցած փլուզումից հետո` ինչ-որ «անդունդ է», չկա այն մանրակրկիտ անդրադարձը, որը հասարակությունը կցանկանար տեսնել: Սա ինձ համար մի քիչ կասկածելի է:

«ՍԽԱԼ Է ԹՈՂՆԵԼ ՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԼՈՒԾՎԱԾ ՈՒ ՍԱԲՈՏԱԺ ԱՆԵԼ ՆԻՍՏԵՐԸ»

– Վերջերս Գյումրիի ավագանու ընդդիմադիր անդամները հրապարակել էին, որ իրենք անգամ ավագանու նիստերի օրակարգի ձեւավորմանը կողմ չեն քվեարկում` գտնելով, որ հիմա ամենակարեւոր օրակարգը ձեւավորված է Երեւանի Ֆրանսիայի հրապարակում: Մինչդեռ բոլորովին այլ իրողություն է Երեւանի ավագանու նիստերին: Ինչո՞ւ նիստերի հաստատված օրակարգը որեւէ աղերս չունի ստեղծված իրավիճակի հետ:

– Եկեք չմոռանանք, որ մայրաքաղաք Երեւանը մեկ միլիոնից ավել բնակչություն ունի, այն մեր երկրի այցեքարտն է, որտեղ կան տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ: Եվ թողնել քաղաքի խնդիրները չլուծված, սաբոտաժ անել նիստերը, կարծում եմ` ճիշտ չէ: Իհարկե, բոյկոտն էլ քաղաքական կամարտահայտման տեսակ է, բայց Երեւանի ավագանիում «Բարգավաճ Հայաստանն» ունի ընդամենը 5 հոգանոց խմբակցություն, իսկ «Իմ քայլը» բացարձակ մեծամասնություն է: Հետեւապես, այդ գործիքակազմից օգտվելը չպետք է լինի ինքնանպատակ: Մենք հնչեցնում ենք քննադատություն` հիմնավորված, բացի այդ` նաեւ առաջարկում ենք այլընտրանքային լուծման տարբերակ: Թողնել, գնալը սխալ է, պետք է  բարձրաձայնենք խնդիրները: Այլապես առանց մեզ էլ նիստ կանեն ու իրենք իրենցով որոշումներ կկայացնեն: Իսկ մեր ներկայությամբ գոնե մեր հայրենակիցները կիմանան, որ այս կամ այն խնդրի վերաբերյալ կարող էր լինել նաեւ այլ լուծում: Ի վերջո, բոլորս էլ պատասխան ենք տալու երեւանցիների առաջ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում