«ՏՂԱՍ ԻՆՁ Է ՆՄԱՆ, ԱՂՋԻԿՍ՝ ԱՄՈՒՍՆՈՒՍ».ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
– Արդեն սկսվել են շոգ ամռան տոթ օրերը, հանգստի մեկնելո՞ւ եք:
– Դեռ չգիտեմ, որովհետեւ ինձ համար ավելի կարեւոր են երեխաներիս ծրագրերը՝ դասերը, պարապմունքները: Ամբողջ ամառ նաեւ գործելու է մանկապարտեզը, իսկ այնտեղ բալիկներին շատ հաճախ քաղաքից դուրս են տանում եւ հետաքրքիր միջոցառումներ են անցկացնում…Բացի այդ՝ իմ յոթ տարվա ընդմիջման պատճառով շատ եմ կարոտել բեմը, ստեղծագործելը, երաժշտությունը: Փառք Տիրոջը, դա ինձ մոտ արդեն ստացվում է, քանի որ երեխաներս մի քիչ մեծացան, արդեն մանկապարտեզ են հաճախում, եւ ես կարող եմ զբաղվել իմ սիրած գործով: Արդեն մեկ տարի է, ինչ ունեմ իմ անձնական նվագախումբը, եւ կենդանի նվագակցությամբ համերգներ ենք կազմակերպում Երեւանի տարբեր վայրերում, ակումբներում: Այնքան էի կարոտել բեմը, որ ինձ համար երգելը հանգստից վեր է: Անհագուրդ ցանկություն կա այդ տարիների լռությունը լցնելու, ավելացնելու, նոր երգերով, նոր նախագծերով եւ ստեղծագործություններով:
– Այդուհանդերձ, Դուք նախընտրում եք Հայաստանում, թե՞ երկրից դուրս հանգստանալու մեկնել:
– Հայաստանից դուրս եմ սիրում հանգստանալ: Սիրում եմ ծովային երկրներ մեկնել հանգստի:
– Կա՞ մի երկիր, որ կառանձնացնեի՞ք:
– Ես երբեք չեմ հոգնի Իսպանիայից, բայց նաեւ ինձ միշտ ձգել է Հունաստանը: Ինձ թվում է, որ ես այնտեղ էլ ինձ շատ լավ կզգամ, որովհետեւ հույները եւ հայերը իրար շատ են նման:
– Մենահամերգ ունենալո՞ւ եք:
– Այո, հուլիսի 3–ին իմ մենահամերգն է լինելու: Արդեն պատրաստվում եմ, սկսվել են փորձերը:
– Հուլիսի 4–ին էլ Ձեր ծննդյան օրն է: Այդ օրն ի՞նչ անակնալներ կուզենայիք, որ Ձեզ մատուցեն:
– Հուլիսի 3–ի՝ իմ ծննդյանս մեկ օր առաջվա մենահամերգն ինձ համար ամենալավագույն նվերն է, որ ինքս ինձ համար կարող էի անել:
– Երգացանկում ժանրային փոփոխություններ լինելո՞ւ են:
– Իմ ծրագրում ընդգրկել եմ քավր տարբերակով սիրված եւ ճանաչված միջազգային հիթեր: Եվ նաեւ մեր հայ էստրադայի երգիչ–երգչուհիների որոշ երգերից եմ երգում: Օրինակ` Էմմիի «Սիրելով հեռանում եմ» երգը շատ եմ սիրում եւ կատարում եմ: Ինքը դեմ չէ, որ ես կատարեմ իր երգն, ինչի համար շատ շնորհակալ եմ Էմմիից: Ժանրային փոփոխությունները պայմանավորված են միայն նրանով, որ իմ երգերը, որոնք արդեն մարդիկ լսել են՝ գործիքավորումների տարբերակներով, հիմա այլ ենք նվագում: Օրիգինալի նման չենք նվագում:
– Ձեր տղան եւ աղջիկն ո՞ւմ են նման:
– Երբ իմ մանկության նկարներն եմ նայում եւ Գրիգորիս նկարներն եմ նայում, ինձ շատ եմ նմանեցնում, բայց երբեմն էլ` հայրիկին: Իսկ աղջիկս հայրիկի քոփի փեյսթն է: Նա շատ–շատ նման է ամուսնուս: Իր գեներն է ամբոջությամբ վերցրել:
– Ձեր տղան երաժշտակա՞ն երեխա է:
– Այո, շատ երաժշտական է:Վեց ամսեկանից արդեն նկատել ենք, որ ունի շատ գերազանց լսողություն: Նույնիսկ կասկածում եմ, որ բացարձակ լսողություն ունի: Ժամանակը, իհարկե, ցույց կտա, բայց արդեն երգում է, լսում է ու միանգամից վերարտադրում: Նկատելի է, որ ակնհայտ երգելու գենետիկ տաղանդ կա:
– Եկեք հարցազրույցն ավարտենք Ձեր սրտի խոսքով…
– Դժվար ժամանակներում ենք ապրում: Ամբողջ աշխարհն է խառնվել իրար: Ես ուզում եմ, որ առողջ լինենք: Իմ հայ ազգին ցանկանում եմ առաջին հերթին համբերություն, արժանանա այն ամենին, ինչին արժանի է: Շատ շնորհակալ եմ իմ երկրպագուներիցս: Նրանք միշտ իմ կողքին են՝ անկախ ամեն ինչից՝ նոր երգ կլինի, թե՝ ոչ: Ուզում եմ, որ բարեկեցիկ կյանքով ապրենք բոլորս: Մեր թերությունները հասկանանք եւ ժամանակի ընթացքում շտկենք, սիրենք մեր հայրենիքը, եւ յուրաքանչյուրս անենք անհնարինը կամ հնարավորը, որպեսզի մեր գալիք սերունդներն ավելի լավ երկրում ապրեն, քան մենք ենք ապրում: Եվ ուզում եմ, որ սփյուռքահայությունը վերադառնա:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

