ՍԱՏԱՆԻՍՏԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ ԲԶԿՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎերլուծությունԱսում են, որ թյուրիմացաբար կառավարություն կոչվող գաղութատիրական-օկուպացիոն ադմինիստրացիան որոշել է պայքարել ՀՀ տարբեր տեղանքներում և ճամփեզրերի մոտակայքում տեղադրված և տեղադրվելիք խաչերի դեմ: Խաչերի դեմ չեն պայքարում ոչ որևէ կրոնի/հավատքի ներկայացուցիչները, խաչերի դեմ չեն պայքարում նաև աթեիստները: Խաչերի դեմ պայքարը ստույգ նշան է, որ իշխանության ղեկին սատանիստներ են: Ի դեպ, մեկ դար առաջ էլ, երբ բոլշևիկները հավասարության նշան էին դրել պաշտոնապես դավանվող աթեիզմի և անաստվածության միջև, իրենք իրենց հպարտորեն կոչում էին «կարմիր սատանայի ճտեր»:
ՄԱՀՈՎ ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ՀՐՃՎՈՂՆԵՐԸ
Թե ինչ գույնի են ՔՊ-ական «սատանի ճտերը»` միանգամից ասել չի լինի: Միգուցե ծիածանագույն, միգուցե` ինչ-որ չտեսնված զզվելի գույնի: Բայց մի բան ակնհայտ է` նրանք սոցցանցերում, այդ թվում և քչից-շատից հայտնիները, ցուցադրաբար հրճվում են պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահով: Եվ երբ ընդդիմադիր գործիչներն ու մտավորականներն ասում են, որ Արմեն Գրիգորյանը ոչ թե մահացել է, այլ նրան սպանեցին, այդտեղ չափազանցություն չկա: Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը մեջբերում է Մխիթար Գոշի Դատաստանագրքից, որը մինչ օրս ունի կատարյալ իրավական մտքի կարգավիճակ. «…Իսկ թէ ակամայ եւ թշնամի պատահի սպանեալն, յորոյ վերայ խնդայ, իբր զկամաւոր դատեսցի…» («…եթե կատարվածն այն անձի ակամա սպանություն է, որի նկատմամբ սպանողը թշնամանք է ունեցել, և դա ուրախություն է նրան պարգևել, ապա թող դատվի՝ որպես դիտավորյալ սպանություն կատարած…»):
Այսինքն` այն բոլոր թափթփուկները, որ ցինիկաբար չարախնդում են ընդդիմադիր գործչի մահվան կապակցությամբ, անթաքույց և ցուցադրաբար հրճվում են նրա մահով, հին Հայաստանում ռեալ դատվելու էին որպես մարդասպաններ: Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն էլ փաստում է. «Արմեն Գրիգորյանը ճիշտ էր. դուք ձեր էությամբ թուրք եք»: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ է հիմնավորում, որ կատարվածը քաղաքական սպանություն էր. «Այո՛, Գրիգորյան Արմենին այսօր սպանել են, քանի որ, երբ 4000-ից ավել տղու մատաղ արեց նիկոլը, հետո էլ ասեց, թե բա կարող էի չանել, բայց էդպես էր պետք, մենք ոչինչ չարեցինք ստատուս գրելուց բացի: Արմենի կալանքի ռեժիմը նրա առողջական վիճակի պայմաններում տրամաբանորեն հանգեցնելու էր մահվան, քանի որ էդպես էր պետք կոնկրետ մեկին»: Ի դեպ, դա կալանքը որպես դանդաղ մահապատիժ գործադրելու ամենևին էլ առաջին դեպքը չէ: Կալանավայրում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը, կալանքը դարձավ բազում անբուժելի հիվանդություններով տառապող գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան պատճառ, իսկ հիմա մահը սպառնում է քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին: Սակայն Ալեն Ղևոնդյանը նաև մատնանշում է այնպիսի հանցակցի, ինչպիսին է հանրային անտարբերությունը և պայքարի վճռականության պակասը. «Երբ խաչատրյան վիգենի նման ոչնչությունը ասեց այո՛ Արցախը Ադրբեջանի կազում ինքը տեսնում է, դա որևէ արձագանքի չհանգեցրեց, որ հետո ծպտուն չհաներ սույն միաբջիջը: Երբ նմանօրինակ միտք հնչեցրեց երկրի գործող վարչապետը, դա աղմուկից ավել որևէ իրական արձագանքի չբերեց... Էս է իրականությունը, Արմենին սպանեցին, քանի որ մինչ Արմենը սպանել էին մեր ինքնասիրությունը, մեր տեսակի համար պայքարելու կամքը, մեր տղամարդ տեսակի լինելիությունը, մեր միջի ԵՍ-ին: Արմենն էլ իր՝ շատ կոլորիտային ու հակասական տեսակով իր պայքարն էր տանում, բաց, առանց կեղծավորության, առանց կոմպրոմիս, շիտակ... Իսկ հիմա հիմնական հարցը. արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր խիզախության ու սկզբունքայնության պակասով, մեր քայլ չանելու վարքով»:
Քաղաքագետը 100 տոկոս իրավացի է, սպանություններ էլի են լինելու, քանի որ «կամ դու ես խնդրին լուծում, կամ՝ խնդիրը քեզ»:
ՍԱՏԱՆԻՍՏԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Իսկ 2018-ից սկսած ինչպես է սպանվել հանրային ինքնասիրությունն ու արժանապատվությունը, ինչպես են բուծվել ստվարաթիվ զոմբիներ` դա էլ հստակ գործադրվող տեխնոլոգիաների հարց է: Տեխնոլոգիաներ, որոնք մշակվել են սատանիստների կողմից, քանզի միայն սատանիստը հոգեբանական-քարոզչական մարտական տեխնոլոգիաները, որ կիրառվում են արտաքին թշնամու դեմ, բերեցին ներքին կիրառման դաշտ, այն էլ` հասցնելով կատարելության: Եվ այն, որ Նիկոլը հանրությանը ներկայանում է որպես սակավամիտ, նույնիսկ գիժ ծաղրածու, նույնպես սատանայական, նենգամիտ տեխնոլոգիա է: Վենեսուելայի մահացած բռնապետ Ուգո Չավեսի մասին պատմել է իր հին բանակային ընկերը, և այդ նյութը մամուլում հրապարակվել է դեռ 2006-ին. «Չավեսն առաջնակարգ ստրատեգ է: Երբ մենք բանակում էինք, նա Սալվադորում հոգեբանական պատերազմի դասընթաց անցավ: Նա մեծ ջատագով դարձավ «հակադարձ հոգեբանության». երբ հակառակորդներիդ կտում ես, որ թերագնահատեն քո ուժը: Չավեսն անընդհատ է այդպես անում: Հեռուստահաղորդման ժամանակ] կարող է գազարը վերցնել և ասել, որ բազուկ է: Իր հակառակորդները կսկսեն ծաղրել իրեն. «Ինչ ապուշ է, նա նույնիսկ չի կարողանում գազարը բազուկից տարբերել»: Բայց ես երաշխավորում եմ, որ հաղորդումից հետո Չավեսն է լինելու ծիծաղողը: Նա մտքում ասելու է. «Անհավատալի է, որ ես ֆռացրի սրանց, որ ամբողջ շաբաթ խոսեն բազուկից ու գազարից»:
Անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ փաստում է. «Մի քանի ամիս համապատասխան գրականություն ուսումնասիրելուց հետո տեսնում եմ, որ Նիկոլի բոլոր «կախարդական տեխնոլոգիաները», մարտավարական հնարքները մանրամասն նկարագրված են: Ոչ մի միստիկ, խորհրդավոր կամ գաղտնի բան չկա: Ընդհանրապես այն, ինչ կատարարվում է հիմա մեր երկրում, բազմիցս անցել է այլ ժողովուրդների գլուխներով ու բավականին լավ նկարագրված է վերջին 60 տարվա գիտական աշխատություններում: Քաղաքագիտություն, պատմագիտություն, սոցիոլոգիա, communication theory, սոցիալական հոգեբանություն... Կան որոշ թեթև առանձնահատկություններ այլ օրինակներից տարբերող, բայց հաստատ արտասովոր ու գերբնական չեն այդ տարբերությունները»:
60 տարվա հոգեբանական պատերազմների գիտական փորձ` ահա՜ ինչ է կիրառում կապիտուլյանտը հայ ժողովրդի դեմ, կիրառում սատանիստին բնորոշ ցինիզմով ու սառնասրտությամբ: Եվ, ի դեպ, խունտայի քարոզչամեքենան հիմա էլ Արմեն Գրիգորյանի մահն ուզում է գցել ընդդիմության գրպանը, տարածելով այն հրեշավոր սուտը, իբր լրագրող Անժելա Թովմասյանն ինչ-որ դեղ էր խառնել թեյին կամ հյութին, որպեսզի Արմեն Գրիգորյանը եթերում ասի այնպիսի բաներ, ինչի պատրվակով հետո կալանավորեցին: Եվ նույնիսկ լուրեր են տիրաժավորում, իբր Արմեն Գրիգորյանը ցուցմունք է տվել, իբր Անժելա Թովմասյանն իրեն թունավորել է: Ցուցմունքների մասին մանիպուլյատիվ կամ կեղծ լուրեր տարածելով հիշենք, թե ով էր 1999-2000 թվականներին քաղաքական խնդիրներ լուծում «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչական ակտից հետո` Գագիկ Ջհանգիրյանն իր ամբողջ կոդլով և սպասարկող քարոզչամեքենայով, որի հմուտ ուղղորդողներից մեկը հենց տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն էր, գործընթացին այնքան էլ անմասն չէր և Գռզոյի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, պեղելու դեպքում այն ժամանակվա դավադիրների մեջ ներկայիս խունտայի գործող անձինք էլի կհայտնաբերվեն: Եվ պատահական չէ, որ հենց հիմա 1999-ի դավադիրների «գորշ կարդինալ» և Նիկոլի հոգևոր-գաղափարական պապա Լևոն Տեր-Պետրոսյանի «սև դղյակում» տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ ծլեց:
Հոգեզավակը հո չի խորշի իր հոգեհայրիկի անունն օգտագործել, անգամ եթե վերջինս դեմ լինի: Չէ՞ որ սատանիստը ամեն ինչի վրայով տրորելով կանցնի, և չզարմանաք, եթե մի օր սեփական ընտանիքի և զավակների վրայով անցնի: Ի դեպ, հո պատահական չէ, որ Հին կտակարանում կա հոր կողմից սեփական զավակի ծիսական զոհաբերության տեսարան... Կապիտուլյանտը գրեթե բաց տեքստով խոստովանել է, որ 2020-ի 5000 զոհերը յուրահատուկ ծիսական զոհեր էին վասն «խաղաղության օրակարգի», և սրանց ի՞նչը պետք է կանգնեցնի, որ մի օր էլ մանկանց չզոհաբերեն:
Եթե իհարկե մեր մեջ ուժ չգտնենք կանգնեցնել սրանց:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



