ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԵՐԻ(ՈՒՀԻ)ՆԵՐԸ
Վերլուծություն«Երբ կինն իր առջև նպատակ է դնում պաշտոնից հեռացնել ամուսնուն և հավակնում է զբաղեցնել նրա պաշտոնը, գտնում է նրան խայտառակելու բոլոր հնարավոր հնարքները. պաղպաղակի գողության փաստի արձանագրում հատուկ տեսանյութով, մի խուրձ խոտը ձեռքը տալով` մարալների մեջ մտցնելը... հիմա էլ սա»,- գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ու շարունակում.- «Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը հղի է շատ ծանր հետևանքներով»:
ԻՆՉՈՎ Է ՀՂԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ
Պարոն Ղազարյանի հիշատակած «սա»-ն հրապարակված է նրա գրառմանը կից` դա Էրատոյի կողմից արված կապիտուլյանտի արձակուրդային լուսանկարն է Տավուշի լեռներում: Ո՛չ, նրա սիրտը լեռներում չէ, այլ այդ լուսանկարում բոմժ թափառաշրջիկի տեսք ունի, ու թերևս Ղազարյանի ենթադրությունն անհիմն չէ, որ Աննան հետևողականորեն գերագույն գլխավոր դավաճանին գլորում է ծայրահեղ վարկաբեկման անդունդը: Իսկ թե ինչպես է Էրատոն պատրաստվում զբաղեցնել Նիկոլի պաշտոնը...
...Ավելորդ չէ հիշեցնել 2021-ի սկզբի կուլիսային խոսակցությունները, որ Մեծ Բրիտանիայի թագուհու անվան Արմեն Սարգսյանը երեխաների հետ պաղպաղակ ուտելու սեզոնային ընդմիջման ժամանակ (ձմռանը հայ մանուկներն ու պաղպաղակասեր նախագահները պաղպաղակ չեն ուտում) վարում է գաղտնի բանակցություններ, որ Նիկոլը վարչապետի պաշտոնում փոխարինվի Աննայով: Թե ինչ լծակներով պիտի ՔՊ-ին ստիպեին գնալ այդ քայլին` թող ֆանտաստիկա չթվա, զի Բրիտանական թագի ռեսուրսներով օժտված լինելու դեպքում դա միանգամայն հնարավոր է:
Հիշում եք, չէ՞, Սերժ Սարգսյանի այն խոսքը, որ ինքը պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ շատ ավելի հզոր ուժերին: Խոսքը, բնականաբար, արտաքին ուժերի մասին է, և քաղաքական գրոսմայսթերի շուրթերում դա նշանակում էր մեկ բան` որ Հայաստանը հայտնվել է արտաքին կառավարման տակ, ենթարկվել է անաղմուկ օկուպացիայի... Իսկ դա ոչ միայն նշանակում է, որ այդ անարգ վիճակից հնարավոր է ազատվել միայն ազգային-ազատագրական պայքարի գործիքակազմով, այլև այն, որ Նիկոլն իր խղճուկ ուսապարկային թիմով առավելևս չի կարող դիմադրել, եթե այդ արտաքին կառավարիչները որոշեն փոխել նրան: Եթե հզոր քաղաքական շախմատիստը, թիկունքում ունենալով ուժային կառույցների հավատարմությունը, հաղթանակների փառքը, ՀՀԿ-ական կուռ կառույցը, միջազգային կայուն և ազդեցիկ կապերը, չկարողացավ դիմակայել, ապա Նիկոլն իր թափոնային թիմով ո՞վ է, որ դիմանա: Նա իր բոլուկով հանդերձ միայն մի բան ունի մտածելու` ինչպե՞ս անել, որ ուտիլիզացիայի ենթակա ապրանք չդառնան...
Պարզապես ի ծնե «աբիժնիկ» կապիտուլյանտն այնքան ներքին թույն ունի Հայաստանի ու հայի հանդեպ, որ պատրաստ է փորձել մինչև վերջին հայը և վերջին կտոր հողը կռվել իր աթոռի համար, եթե տեսնի, որ լրիվ անկյուն է քշված, որ անգլոսաքս տերերի ասած, exit (ելք) չունի, հո իզուր չէր «Ելք» կոչվում իր և «կլասիկ» հաճոյակատար Էդմոնի դաշինքը...
Իսկ թե ինչ է կատարվելու կապիտուլյանտի կարճատև արձակուրդից հետո` թերևս մինչև վերջ գիտի Էրատոն, որ մինչև վերջ փչացնում է իր ամուսնուն... Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր թիմի հետ այցելել է Կարս: «Gazetekars»-ի փոխանցմամբ՝ Քըլըչն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի ավերակներ, Կարսին հարակից Բողաթեֆե գյուղում գործող Պանրի թանգարան, Կարսում գտնվող Պատերազմի պատմության թանգարան, Ակյակա գյուղի չգործող անցակետ: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանը դառնալու է միջանք ցանկացած տեսակի թափթփուկների և ոճրագործ խմբերի համար: Այսինքն` դժոխք, ուր ապրել հնարավոր չէ: Ու այդ գործընթացին ընդառաջ էլ թերևս Օմեգա Արոն գնում է Չեխիա, երևի թե չգովազդվող հանդիպումներ կան: Կապիտուլյանտն էլ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, և կարճ մեջբերում անենք պաշտոնական հաղորդագրությունից. «Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր»: Կապիտուլյանտն էլ. «Վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»:
Հասկացա՞ք, ինչ «խաղաղության օրակարգի» մասին է խոսքը: Գերեզմանային խաղաղության, ուր հայերիս համար նախատեսված է մատաղացու կենդանու դերը... եթե ֆորսմաժորային ոչինչ չլինի:
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲԱՑԱԿԱ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ
Վարդավառի, այսինքն` մեր նախնյաց սիրո տոնի օրոք Գեղարքունիքի մարզպետ Կ. Սարգսյանը ղեկին եղել է ոչ սթափ (խմած) և Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել: Ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ. Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից է եղել, ով այնուհետև խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ:
Տոն օրով` այսպիսի լպիրշություն: Սա շատ խորհրդանշական է: Եվ նույն շղթայի մեջ է Արմեն Գրիգորյանին մահացու կալանքի ենթարկած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պահվածքի հետ: Մամուլը գրել է, որ Դատավորների միությունից դուրս է եկել, քանի որ նեղացել է կոլեգաներից ու վրդովվել: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանի մահից հետո ակտիվիստները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկար են հրապարակել ու կոպիտ վիրավորական քննադատության ենթարկել դատավորին այն բանի համար, որ նա է եղել այն դատավորը, որ կալանքի է տարել Գրիգորյանին: Դատավորը սրտնեղել է, թե միությունն իրեն որեւէ աջակցություն չի ցուցաբերել, ուստի իր մնալը միությունում անիմաստ է: Ուշագրավն այն է, որ դատական համակարգում էլ դատավորը Արմեն Գրիգորյանի կալանավորման եւ իր տված հարցազրույցի համար խիստ քննադատության էր արժանացել: Համակարգում խոսակցություններ են եղել, թե ավելի լավ էր լռեր, քան թե նման կարծիք հայտներ...
Դե ինչ, Հայոց աշխարհում վիշապային պղծության կրիտիկական զանգված է կուտակվել, որը կարող է լվացվել միայն համաշխարհային ջրհեհեղով, եթե որակյալ փոքրամասնությունը կտրուկ քայլերով, փաստացի` սխրանքով չշտկի վիճակը:
Արտակ Զաքարյանը իրավացիորեն նշում է. «Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել: Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամներ ասել են. «Հայերի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:
Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտությունների պատճառը եղել է ներքին պառակտվածությունը: Այսօր արդեն պետք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնություններին ու միավորվել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ: Որովհետև, ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթություններով է հնարավոր գտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, Արցախի Հանրապետության անվտանգությունն ու երկարակեցությունն ապահովելու, ինչպես նաև հայության գոյաբանական և ինքնության հարցերի լուծումը:
Սա հայտնություն չէ, այլ պատմական տխուր ճշմարտություն»:
Կգտնե՞նք մեր մեջ դրա ուժը, ընդունա՞կ ենք արդյոք այդպիսի ներքին ճիգի...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



