Փոքրիկ Մարկը իր հաղթանակը նվիրում է զոհված եղբորը Հարութ Ղարախանյանին
ՍպորտՀուլիսի 27-ին, Արցախում կայացել է «ԱՐՑԱԽԸ ԵՍ ԵՄ» խորագրով կարատեի մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են 130 մարզիկներ 9 մարզական ակումբներից։ Երիտասարդ մարզիչ, կյոկուշին կարատեի Աշխարհի քառակի չեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Արցախյան 44֊օրյա պատերազմի մասնակից, ծնունդով Արցախից ԱՐԹՈւՐ ԱՌՈւՇԱՆՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «Մեր մարզիկները ցուցաբերեցին այնքան բարձր կամային հատկություններ, որոնք անհրաժեշտ են բարձր հաղթանակների համար և մրցաշարում և դրանից դուրս։ Ուրախալին այն է, որ մարզիկները ցույց տալով բարձր մրցունակության տեխնիկական և ֆիզիկական աճը, խուսափեցին լուրջ վնասվածքներից։ «Արցախը ես եմ» և թող բոլորը իմանան, Արցախը եղել է, Արցախը կա ու կմնա Հայկական։
Իմ սաներից ՄԱՐԿ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ, ով հերոս եղբորը ՀԱՐՈւԹԻՆ խոստացել էր, որ անպայման կհաղթի կարատեի մրցաշարի ժամանակ ու կզբաղեցնի առաջին պատվավոր հորիզոնականը։ Ասեց ու հենց այդպես էլ արեց։ Նա իր հաղթանակը նվիրեց հերոս եղբորը ՀԱՐՈւԹԻՆ, Հարութը ևս իմ սանն էր, ցավոք անմահացավ Արցախյան 44֊օրյա պատերազմի ժամանակ։ «Արցախը ես եմ» այս խորագրով մրցաշարը կայացավ ապացուցելու, որ Արցախն ապրելու է, ապրելու է նաև սպորտով, գիտությամբ ու մշակույթով։
Ապրելու և ապրեցնելու է, որովհետև, երբ փոքրիկ Մարկը իր հաղթանակը նվիրում է զոհված եղբորը Հարութ Ղարախանյանին ու չի կարողանում զսպել արցունքները, բայց գլուխը բարձր է պահում, այդ պահին հասկանում ես, որ վճռական մարտը դեռ առջևում է։ Մարկի հայացքը մեծ ցավի, կարոտի, հպարտության, ինչպես նաև երբեք չհանձնվելու և հերոս նահատակների սխրանքին արժանի լինելու խորհրդանիշն է, թերևս ողջ մրցաշարի գաղափարախոսությունը։ Արցախը Մարկն է, ես եմ, դու ես։ Մնա Արցախում, ապրիր, ապրեցրու», ֊այսպես եզրափակեց մեզ հետ զրույցը Արթուր Առուշանյանը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



