Սպերցյանը` Կապառոսի հետ վիճաբանության և ազգային հավաքականում չխաղալու լուրերի մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստան – Շոտլանդիա խաղի մասին, երբ վերջինս փոխարինվել էր մարզչի որոշմամբ, ինչից հետո լրատվամիջոցները ֆուտբոլիստի դժգոհության հիմքով Կապառոս-Սպերցյան վիճաբանություն «ստեղծեցին» ու նաեւ գրեցին, որ Սպերցյանն այլեւս չի ուզում խաղալ Հայաստանի հավաքականում.
«Լավ սկսեցինք այդ խաղն ու բացեցինք հաշիվը։ Հետո դեղին քարտ ստացա, դրա պատճառով բաց էի թողնելու հաջորդ խաղը։ Փոքր ինչ տաքացա էմոցիաների պատճառով։ Պետք է աշխատեմ ինձ վրա այդ առումով, կողքից այդքան էլ գեղեցիկ չէ նման պահվածքը։
Եվ այդ պահին մարզիչը փոխարինում է ինձ։ Մինչ այդ նա ասել էր․ «10 օրում 4 խաղը ծանր գրաֆիկ է, եթե կան ուժեր, ասեք, գուցե չփոխարինեմ, դա կօգնի մյուսներին»։ Ես էլ ցույց տվեցի, որ ուժերս դեռ չեն սպառվել, բայց գուցե ձեռքերի շարժումը սխալ արեցի։ Փոխարինեցին և ես հեռացա հանդերձարան։
Սխալ եմ թույլ տվել, չի կարելի այդպես վարվել։ Հետո ես ամաչում էի, մի քանի անգամ ներողություն եմ խնդրել։ Ոմանք մտածեցին, որ մենք վիճել ենք, բայց նման բան չի եղել։ Մարզիչն ասեց․ «Սպասում էի այդպիսի արձագանքի»։ Ամեն դեպքում, ես չպետք է նման կերպ վարվեի։ Մարզչի որոշումը պետք է հարգել»։

