Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ձգձգման խնդիրներն ու պատճառները
ՏնտեսությունԼոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի գուղամեջում եմ, նորակառույց կանգառում մի քանի տղամարդիկ են նստած: Կանգառը կա, բայց երթուղային տրասնպորտ չկա, ուստի այդ վայրը արևից պաշտպանվելու և գյուղին առնչվող կարևոր զրույցներ ունենալու համար վատ տարբերակ չէ, բայց գյուղացիների համար տրանսպորտ չունենալուց ավելի մեծ խնդիր էլ կա: Խոսքը Թումանյան համայնքի վեց բնակավայերը (Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր) միմյանց կապող և Վանաձոր–Ալավերդի միջպետական ավտոճանապարհին միացնող 27.5 կմ–անոց ճանապարհահատվածի մասին է:
Այս ճանապարհը գյուղացիների համոզմամբ վերջին անգամ ասֆալտապատվել է կառուցման ժամանակ 1978 թվականին, այն էլ ոչ ամբողջական՝ 9 կմ–ը:
Երբ սկսում ենք զրուցել ճանապարհի ասֆալտապատման մասին, սկսում են թերահավատորեն խոսել, թեպետ շատ լավ տեղյակ են, որ արդեն 2022 թվականի մարտի 31–ի կառավորության N 413 որոշման համաձայն Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 2.8 մլրդ դրամ (2 մլրդ 835 մլն 372 հազար դրամ), կա նաև սպասարկող շինարարական կազմակերպությունը ՝ «Լեոպոլդ և ընկերներ»–ը բաց սայլը տեղից չի շարժվում՝ չեն մեկնարկվում ալֆալտապատման աշխատանքները:
Զրույցը շարունակում ենք, ժողովրդական խոսքն են մեջբերում «Մինչև էրեխեն լաց չլինի, մայրը ծիծ չի տա», ուստի լցվել է համբերության բաժակը, մնում է իրենց բողոքն արտահայտեն բողոքի ակցիաներ կազմակերպելու միջոցով, թե չէ միայն գյուղամիջում բողոքելով հարցը չի լուծվի:
Մարցեցիները վստահ են, որ Մոտկորի ձորը զբոսաշրջության կենտրոնն է դառնալու, եթե ճանապարհը վերջապես ասֆալտապատեն տուրիստն էլ է շատանալու, կաթն էլ է թանկանալու, ձուն էլ, վարձով տունն էլ, բայց մինչև աչքները չտեսնի չեն հավատում, որ ճանապարհը կասֆալտապատվի:
Անբարեկարգ ճանապարհը խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը
«Մոտկորը Հայաստանի միակ ձորն է, որտեղ ամբողջ 6 գյուղ ասֆալտե ճանապարհ չունի. դա այսօրվա ասֆալտապատող կառավարության տեսանկյունից, որ նայում ենք անհասկանալի է»,–ասում է «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը:
Գեղամ Օհանյանը զբոսաշրջության փորձագետ է, երեք ամիս առաջ Մարց գյուղում հողատարածք է գնել, ընկերների, գյուղի վարպետների հետ վրանային ավան կառուցել, հստակ նպատակ են դրել զբոսաշրջությունը որպես ճյուղ զարգացնելու գյուղում, քանզի Մոտկորի ձորը Հայաստանում մնացած քիչ կուսական վայրերց է, ավանդական ու անտառամեջ: Այս ամենին զուգահեռ առնչվեցին տարածքի խնդիրներին, որոնցից առաջնայինը կոմունիկացիոն հարցերն էին՝ ճանապարհի անբարեկարգ լինելու խնդիրը,– «Ճանապարհը ահավոր վիճակում է: Այս 6 գյուղը ճանապարհ կոչվածից զրկված է, ավտոմեքենայի ճանապարհը հողային ահավոր վիճակում է, որն ամեն անգամ ջրափոսեր է առաջացնում ու ամեն անգամ այս ճանապարհն անցնելը փորձություն է»:
Գեղամ Օհանյանի խոսքով՝ զբոսաշրջությունը տարածքում մեծ պոտենցիալ ունի, որի մասին խոսում են հարակից համայնքները, օրինակ, Դսեղը, որը զբոսաշրջային մեծ հայտ է ներկայացրել, իսկ այս ձորը ոչնչով չի զիջում, բայց այստեղ զբոսաշրջությունը չի զարգանա քանի դեռ ճանապարհը չեն ասֆալտապատել:
«Մենք սիրով ենք եկել այստեղ, գյուղն էլ սիրով ընդունել է, իսկ հանրային դժվարություններից չեմ խուսափում: Շաբաթներ առաջ ժողովուրդը որոշել էր դուրս գալ փողոց, ճանապարհ փակել, որ իրենց ձայնն ավելի լսելի դարձնեին, կառավարությունից ազդակներ եկան, որ ճանապարհի կառուցումը կլինի, շուտով տեխնիկա են բերելու, բայց դեռևս ոչինչ չի արվել ու ես անկեղծ ասած չեմ հավատում էդ պրոցեսի ընթացքին»:
Գեղամ Օհանյանը նշում է, որ այստեղ տեղի է ունենում ժողովրդի համբերության շահագործում, չի կարելի ճանապարհի ասֆալտապատման հարցը շահարկեն այլ խնդիրներով,–«Հիմա խոտի սեզոն է, գյուղացիները զբաղված են այդ գործով, բայց այս ժամանակը մոտենում է ավարտին, գյուղացիները լինելու են գյուղում ու արդեն վճռական քայլերի կգնան, եթե իսկապես շարժ չեղավ»:
Տեղական ինքնակառավարման մարմինները ևս սպասում են ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին
570 բնակչություն ունեցող Մարց բնակավայրի վարչական ղեկավար Արեն Ղազարյանը շարունակում է քանդված ճանապարհի հետևանքով առաջացած խնդիրները թվարկել,– «Հիվանդին մինչև հիվանդանոց են հասցնում մահամերձ վիճակում է լինում, երեխաները ճանապարհին են ծնվում, տաքսիները բացարձակ չեն գալիս, ինչպես նաև տուրիզմի համար է մեծ խոչընդոտ դառնում, թեպետ լավ բնություն, պատմամշակութային տարածքներ ունենք»:
Ղազարյանի խոսքով՝ բնակիչները տրամադրված են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ձգձգման հետ կապված, քանի որ փաստացի դեռևս որևէ աշխատանք չի արվել,– «Մարցիգետ ՓՀԷԿ–2» հիդրոկայանի խողովակաշարն են պատճառ բերում, ճիշտ է տեղեր կան, որ խանգարում է, բայց 27.5 կմ–անոց ճանապարհ է, կարող են սկսել են այնտեղից, որտեղից չի խանգարում մինչև այդ հարցն էլ կարգավորվի: Պետք է 2023 թվականին ավարտեին, բայց դեռ չեն էլ սկսել: Բայց ինչ կարող ենք անել սպասում ենք»:
Իսկ առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաների մասին Մարցի վարչական ղեկավարը նշում է, որ հանդիպումներ ունենում է գյուղացիների հետ, բայց ժողովուրդն էլ արդեն անկառավարելի է դարձել,–«Հիմա էլ խոտհունձի շրջան է, դրա համար գյուղացիները քայլ չեն անում, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է. սա էլ է պետության մաս, էստեղ էլ են ժողովուրդ ապրում, բայց էսօր բացարձակ աչքաթող է արված, միգուցե հենց ժողովրդի լռելն է բարձիթողի իրավիճակի հանգեցրել»:
Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ձգձգման հետ կապված նշում է, որ հանդիպում է ունեցել շինարար կազմակերպության հետ, նախագծում որոշակի խնդիրներ են եղել, փոփոխություններ է արվում, նոր լուծումներ, որն ի սկզբանե չի եղել, բայց թե կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու համայնքապետը նշում է, որ մանրամասներից տեղյակ չէ,–«Քանի որ համայնքը ֆինանսական առումով ներգրավվածություն չունի, մենք վերահսկողական առումով լծակ չունենք այս գործում: Ես մեր ժողովրդին ասել եմ մինչև չավարտվի ճանապարհի շինարարությունը ես չեմ ասելու, որ սկսել ենք, որովհետև այս խմորը շատ ջուր է քաշելու»:
Արդյոք նոր նախագծային լուծումների մեջ է մտնում ճանապարհի ուղղությունը փոխել Դսեղ գյուղի հին ճանապարհով որպեսզի չառնչվի ՓՀԷԿ–ի հետ Սուրեն Թումանյանը պատասխանում է, որ նման խոսակցություն չկա, քանի որ շինարարը ասում էր, որ ասֆալտապատումը սկսելու են M 6 գլխավոր մայրուղուց:
Ասֆալտապատման աշխատանքների մեջ է մտնում նաև գյուղեր տանող ճանապարհները ըստ որի յուրաքանչյուր գյուղ ասֆալտապատվելու է մինչև գյուղամեջ տանող ճանապարհահատված՝ ինչը ևս ծրագրի մի մասն է:
Արդյոք «Մարցիգետ ՓՀԷԿ–2» հիդրոկայանը խոչընդոտ է ճանապարհի շինարարական աշխատանքների մեկնարկման համար
«Մարցիգետ ՓՀԷԿ–2» հիդրոկայանի սեփականատեր Յուրի Քոքոբելյանի հայրը՝ Վաչիկ Քոքոբելյանը նշում է, որ ՓՀԷԿ–ին պատկանող 5 կմ–անոց խողովակաշարը ճանապարհի ասֆալտապատման համար խոչընդոտ չէ, երբեք էլ չի եղել, որի պատճառով ասֆալտը կանգնի կամ ձգձգվի,– «Մենք հանդիպում ենք ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և տեղակալների հետ, քննարկում է եղել, որ կարող է նախագծային փոփոխություններ լինեն շինարարի ու նախագծողի մեջ: Քննարկել ենք խողովակաշարին առնչվող հարցը, եթե ինչ–որ մասով կպարզվի, որ խողովակաշարը պետք է տեղափոխվի կամ ցանկացած լուծման տարբերակի դեպքում մենք պատրաստ ենք դա անելու առանց որևիցե մեկի հետ վիճաբանելու»:
Վաչիկ Քոքոբելյանը նշում է, որ դեռևս նման առաջարկ իրենց չի արվել, իսկ առաջարկի դեպքում պատրաստ են ֆինանսական ներդրում անել, գումար տրամադրել,–«Մեր ունեցածը պաշտպանվում է սեփականության իրավունքով, իսկ խողովակաշարի հետ կապված ցանկացած խնդիր մենք պատրաստ ենք լուծել, որը ոչ թե մեր պարտավորությունն է, այլ աջակցություն լավ գործի համար»:
Նշենք նաև, որ «Մարցիգետ ՓՀԷԿ–2»–ի տնօրենը Նիկոլ Փաշինյանի եղբայրն է՝ Արմեն Փաշինյանը:
«Ճանապարհն էլ կկառուցվի մի օր». շինարարական կազմակերպության մեկնաբանությունը ասֆալտապատման աշխատանքների չմեկնարկման, ձգձգման հետ կապցված
«Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Արմեն Բադալյանը հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ իրենք շինարարական կազմակերպություն են, իրավասու չեն հարցերին պատասխանելու,– «Ամենայն հարգանքով թույլ տվեք չմեկնաբանել, ճիշտ կլինի, որ Ճանապարհային դեպարտամենտը պատասխանի հարցերին, որովհետև իրենք են պատվիրատուն, ծրագիր իրականացնող մարմինը: Ես վստահ եմ իրենք հարցերին կպատասխանեն և ճանապարհն էլ կկառուցվի մի օր»:
Նշենք նաև, որ Արմեն Բադալյանը Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է: «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը ստեղծվել է 2011–ին, 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է։
Հավելյալ ժամանակ կամ խնդրի վերաբերյալ տեղեկատվության բացակայություն. պետական համապատասխան կառույցների պատասխանները
Ինչու չի մեկնարկվում Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները, երբ կա շինարար կազմակերպությունը, ինչպես նաև պետական միջոցներից դուրս գրված ֆինանսական միջոցները «Ճանապարհային դեպարտամենտ»–ը մեր գրավոր հարցմա նը պատասխանել է, որ հավելյալ ժամանակ է անհրաժեշտ հարցմանը պատասխանելու համար, իսկ Լոռու մարզպետարանը դարձյալ գրավոր հարցման պատասխանում նշում է, որ չի տիրապետում առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվությանը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՍԿԱՐՅԱՆ

