Անդրանիկ Միհրանյանը քանդեց մի շարք միֆեր
ՎերլուծությունԿրեմլամերձ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին հնարավոր է սիրել կամ ատել, հարգել կամ զզվել նրանից, բայց մի բան անվիճելի է` նա քաջատեղյակ անձ է և օժտված է անալիտիկ սուր մտքով:
Բավականին շատերի համար նրա վերջին հարցազրույցը արևոտ օրով որոտացող ամպրոպի տպավորություն թողեց: Ոմանց համար շոկը սկսվեց հարցազրույցի վերնագրից` «Հայ հանրությունը մինչ օրս արժանին չի մատուցել Սարգսյան–Նալբանդյան արտաքին քաղաքականությանը»: Չէ՞ որ քաղաքականամերձ շրջանակներում և անգամ որոշ քաղաքական գործիչների մոտ առկա է այն միֆը, իբր Մոսկվայում բացասաբար են վերաբերվում Սերժ Սարգսյանի արտաքին ուղեգծին, և քաղաքագետը, ում բոլորը կրեմլամերձ են համարում, հանկարծ այդ ուղեգիծը գնահատում է առավել քան պոզիտիվ:
Հարցազրույցի այս հատվածը թեև հանրահայտ ճշմարտություն է, սակայն ուշագրավ է դրա հնչեցնելը հենց Միհրանյանի պես գործչի շուրթերով.
— Ձախողումնե՞ր... Ներկայացրեք ինձ գոնե մեկ ձախողում: Ժամանակին ես հպարտանում էի Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի տանդեմի արտաքին քաղաքականությունը պարզապես փայլուն էր: Սա հայկական քաղաքականության իսկական մարգարիտ է` հասունության, մտածվածության, ամեն ինչի հետեւողականության առումով: Բավական է ասել, որ այդ 10 տարիների ընթացքում Ադրբեջանը երբեք հնարավորություն չի ունեցել հայկական կողմին բարդ վիճակի մատնել միջազգային հարթակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գրեթե միշտ աջակցում էին Հայաստանին, քանի որ հայկական դիրքը շատ ամուր հիմքեր ուներ: Միջնորդները բազմիցս ճնշում էինն գործադրում Ադրբեջանի վրա ՝ լուրջ զիջումներ պահանջելու համար, եւ Իլհամ Ալիեւը ինքը հրապարակավ ասաց, որ իրեն ստիպում էին հրաժարվել Ղարաբաղից եւ վերջնական համաձայնագիր կնքել, գոնե ԼՂՀ-ի միջանկյալ կարգավիճակի ճանաչումով` Մադրիդյան սկզբունքներին համապատասխան: Փայլուն էր այն արտաքին քաղաքականության գիծը, որը հանգեցրեց Կազանին: Եթե Ալիեւը այնտեղ վերջին պահին չներկայացներ 10 ինչ–որ պայմաններ, ապա ստորագրումը կավարտվեր, 12 հազար քառակուսի կիլոմետր էր հաստատելու ամբողջ Արցախի տարածքում՝ ազատագրված տարածքների, միջազգային երաշխիքների հետ միասին, եւ Ղարաբաղը կզարգանար: Ճիշտ է, ժամանակի ընթացքում 5 շրջան վերադարձվելու էր, բայց լիակատար վերահսկողություն կլիներ Լաչինի միջանցքի, Քելբաջարի նկատմամբ եւ այլն:
Եվ հիշենք, թե քանի անգամ Ադրբեջանը փորձեց Ղարաբաղի հարցի քննարկումը տեղափոխել այլ մակարդակի, այն դուրս բերել երեք համանախագահների նախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբից` այլ հարթակներ, ներգրավել Թուրքիային: Այս ամենը կասեցվեց բնում, ինչը պահանջում էր շատ լուրջ, ոսկերչական դիվանագիտական աշխատանք: Ես չեմ խոսում «ֆուտբոլային դիվանագիտության» մասին: Հաճախ լսում ես, որ թուրքական դիվանագիտությունն ամենախորամանկ, ամենախելացի, ամենահմուտն է, և այլն: Սակայն հայ-թուրքական արձանագրություններով, նրանք ընկան ծուղակի մեջ, երբ միայն վերջին րոպեին Թուրքիայի արտգործնախարարը հասկացավ, որ եթե նրանք ստորագրում են արձանագրությունները՝ առանց որեւէ հայտարարության Ադրբեջանի մասին, Բաքվում այն կվերածվի սուգի, եւ թուրք ազգայնականները նրանց նույնպես օրուարև չեն տա:
Անդրանիկ Միհրանյանը նաև հիմնահատակ ջախջախեց որոշ շրջանակների ամենասիրելի միֆը` իբր մեր ռազմավարական դաշնակցի համար բավականին անընդունելի էր Սերժ Սարգսյանի «ե՛ւ–ե՛ւ» արաքին քաղաքական ուղեգիծը: Ընդհակառակը, նա կարողացավ ստիպել Արևմուտքին հրաժարվել «կա՛մ–կա՛մ» իմպերատիվ պահանջից: Դատեք ինքներդ.
— Չեմ կարող չնշել, որ հայկական մանեւրող դիվանագիտությունը բացարձակապես փայլուն էր այն իրավիճակում, երբ Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել քան սերտ էին, բայց միեւնույն ժամանակ փորձեցին չխորտակել հարաբերությունները ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ Վաշինգտոնի հետ: Եվ դա ստացվեց: Երբ Հայաստանը պատրաստվում էր համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության վերաբերյալ, վերջինս պայման դրեց հայերի առջև, ինչպես դա արել էր Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում. կա՛մ մեզ հետ եք, կա՛մ Ռուսաստանի հետ եք: Պատասխանը շատ պարզ էր` «կա՛մ–կա՛մ» տարբերակով մենք ընտրում ենք Ռուսաստանը: Եվ դա չստեղծեց Ռուսաստանի հետ կոնֆլիկտային իրավիճակ, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում, որոնք վերջնականապես որդեգրեցին պաթոլոգիական հակառուսական դիրքորոշում: Եվ անշուշտ, հենց հայկական կողմի սկզբունքային դիրքորոշման պատճառով, Եվրամիությունը զիջումներ արեց Հայաստանին՝ ասելով. Եթե պահպանում եք ձեր պարտականությունները ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի, Ռուսաստանի նկատմամբ, մենք համաձայն ենք դրա հետ, դուք կարող եք համաձայնագիր ստորագրել մեզ հետ, եւ այս համատեքստում ԵՄ-ից Հայաստանին որոշակի առավելություններ, աջակցություն եւ արտոնություններ տրամադրելու հնարավորությունները պահպանվում են:
Այսինքն ՝ հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ Հայաստանը ոչ մի բան չի կորցրել ռուսական ուղղությամբ եւ այլ բաներ է շահել եվրոպականում: Կրկնում եմ, որ ոսկերչական դիվանագիտական աշխատանքը ճանաչում է պահանջում, հայ հասարակությունը դեռ չի պատշաճ չի գնահատել Սարգսյան-Նալբանդյան արտաքին քաղաքականությունը: Բայց ինչը շատ է, դա անհիմն քննադատությունն է տարբեր տեսակի հիմարների եւ տգետների կողմից…
Անշուշտ, «հիմարների և տգետների» քննադատության պակաս չկար և մինչև 2018–ի աղետալի իշխանազավթումը: Պարզապես «նոր Հայաստանում» դա հասավ այնպիսի պաթոլոգիայի, որ ոչ այնքան քաղաքագետների, որքան հոգեբույժների վերլուծության առարկա պետք է լինի: Եվ կապիտուլյանտի մեծագույն ոճիրների թվին պատկանում է ոչ միայն հողատվությունը և Հայաստանի շահերը չուլ սարքելը, այլև հակապետական մտածողություն ունեցողներին ինքնադրսևորման անսահման ազատություն շնորհելը: Հենց սրանց գործունեության արդյունքում հայ լինելը ի ծնե առկա իրողությունից դարձավ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ասած, «քաղաքական ընտրության» առարկը: Զի հայությունն ուրանալը դարձավ անպատժելի արարք` դրանից ածանցվող բոլոր աղետաբեր բաղադրիչներով հանդերձ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

