Հայ անվանի ծանրամարտիկը կդառնար 34 տարեկան
ՍպորտԱյսօր, օգոստոսի 29-ը, հայ անվանի ծանրամարտիկ, ծանրամարտի համաշխարհային ուսանողական խաղերի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն ԱՂԱՍԻ ԿՈՐՅՈւՆԻ ԱՂԱՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 34 տարեկան։ Ծնվել է 1988 թվականի հենց այս օրը օգոստոսի 29-ին, Երևանում։ Աղասիի եղբայրը ԳՐԻՇԱՆ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «Եղբորս մասին կարելի է անվերջ խոսել, պատմել, բայց երկու բառով կասեմ, լավ մարդ, լավ եղբայր, լավ ընկեր, լավ, հոգատար ամուսին, լավ հայր, մի խոսքով շատ լավ մարդ, շատ լավ մարզիկ»։ Աղասի Աղասյանը մանկության տարիներից զբաղվել է ծանրամարտով։ Ծանրամարտում նրա առաջին լուրջ նվաճումը եղել է 2010 թվականի հուլիսին, երբ Աղասին մասնակցեց ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությանը ու դարձավ աշխարհի չեմպիոն։ 2010-ի նոյեմբերին Աղասին դարձել է Եվրոպայի երիտասարդական մինչև 23 տարեկանների տարիքային խմբի փոխչեմպիոն։ 2011֊ին ևս Աղասին դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ 2012֊ին, 24 տարեկանում, նա նվաճել է Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Հաջորդ տարի 2013 թվականին, նա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։
2014 թվականի ապրիլին Աղասին, մասնակցելով Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, 85կգ քաշային կարգի B ենթախմբում գրավել է առաջին տեղը։ 2014 թվականի նոյեմբերին Աղասին մասնակցել է Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը և B խմբում զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը։ 2016֊ին պետք է մասնակցեր «Fajr Cup», մրցաշարին, սակայն մասնակցեց միայն Առաքել Միրզոյանը։Ափսոս, բախվելով անարդարությունների, Աղասին չկարողացավ մասնակցել նաև Օլիմպիական խաղերին։ 2017 թվականին Աղասին հեռացել է մեծ սպորտից։ Նա հայ առաջին մարզիկն էր, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի համար։ Ցավոք, 2019 թվականի հուլիսի 8֊ին, հուլիսի 5֊ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, կյանքից անժամանակ հեռացավ հայազգի մարզիկը Աղասի Աղասյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

