Գնում եմ Ոսկե մեդալի հետեւից. Կամո Ունանյանը կմասնակցի WSF վարկածով աշխարհի առաջնությանը
ՍպորտՉեխիայի Պարդուբիցե քաղաքում սեպտեմբերի 9-11-ը տեղի կունենա WSF վարկածով աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ։ Նա արդեն մի քանի օր է Կամոն մրցաշարից առաջ մարզվում է Հունաստանի Աթենք քաղաքում:
«Մարզվում եմ Աթենքի Գիդակոս պրոֆեսիոնալ կարատեի ակումբում՝ երկու շատ պրոֆեսիոնալ մարզիչների մոտ, այդ թվում՝ Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սկարագյանիսիի անմիջական հսկողությամբ։ Գտնվում եմ բավականին լավ մարզավիճակում, քաշի հետ կապված խնդիր չունեմ, քանի որ մասնակցելու եմ իմ քաշային կարգում՝ -75 կգ»,- ասաց Կամո Ունանյանը։
Թեպետ, այս պահին Կամոն ունի ոտքի վնասվածք, բայց հույս հայտնեց, որ մինչեւ մրցաշարի մեկնարկը կվերագանգնվի։
Հարցին, թե ինչու է մրցաշարից առաջ նախընտրել մարզվել հենց Հունաստանում, Կամոն ասաց, որ առաջին անգամ չէ մարզվում այնտեղ. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, մրցաշարից առաջ պետք է մասնակցի ուսումնամարզական հավաքների, ես էլ նախընտրել եմ Հունաստանը՝ մի քանի պատճառներով։ Նախ, նախկինում շատ եմ մարզվել Հունաստանում, այնտեղ որոշ ժամանակ նույնիսկ ապրել եմ, բացի այդ Հունաստանի կարատեն Եվրոպայում ամենազարգացածներից մեկն է։ Հետո, այստեղ ես միայն մարզվում եմ, հանգստանում, վերականգնվում եւ կրկին մարզվում։ Այսինքն՝ միայն կենտրոնացած եմ իմ մարզվելու վրա»։
Այս պահի դրությամբ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել մոտավորապես 67 երկիր։ Իսկ թե ո՞ր երկրի ներկայացուցչի հետ կմենամարտի մեր հայրենակիցը, պարզ կլինի հենց սեպտեմբերի 8-ին՝ վիճակահանության միջոցով։
«Չեխիա կմեկնեմ սեպտեմբերի 8-ին, գրանցվելու եւ վիճակահանությանը մասնակցելու համար։ Հենց այդ օրն էլ կորոշվի, թե ովքեր կլինեն իմ մրցակիցները։ Այնուամենայնիվ, ինչպես միշտ, ես գնում եմ Ոսկե մեդալի հետեւից եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ»,- վստահորեն ասաց Կամոն։
Այն դիտարկմանը, թե եթե վիճակահանությամբ պարզվի, որ մրցակիցներից մեկը Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչ է, Կամոն առանց վարանելու տվեց հստակ պատասխան. «Շատ կուզենամ, որ փուլում էլ լինի, ռինգում հանդիպեմ Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցչի։ Իհարկե, յուրաքանչյուր մարտն ինձ համար պատասխանատու է, բայց ադրբեջանցի կամ թուրք մարզիկի հետ ռինգում հանդիպելիս ագրեսիվ եմ դառնում։ Ամեն ինչ անելու եմ, որ պատվով հաղթեմ, այնպես հաղթեմ, որ այդ մարզիկն ուզենա ավարտի իր սպորտային կարիերան»։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանը 1/4 եզրափակչում Կամո Ունանյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին, դարձել է աշխարհի չեմպիոն։





