ԵՐԲ «ՁԵՌՆԱՍՈՒՆ ԱՌՆԵՏԸ» ԱՆԿՅՈՒՆ Է ՔՇՎԱԾ
ՎերլուծությունԵվ այսպես, հենց կապիտուլյանտը հրապարակեց իր «խաղաղության բանաձևը»` Արցախն Ադրբեջանի կազմում և Տավուշի ու Արարատի «անկլավների» հանձնում Ադրբեջանին` ըստ «Սովետական Հայաստանի քարտեզի», հանրությունը զայրացավ: Եվ բավարար եղավ ընդամենը մեկ-երկու կոչ համացանցում, որպեսզի բազմահազարանոց զանգվածը դուրս գա փողոց: Սա այն դեպքն է, երբ հավաքն իրոք ինքնաբուխ է, ինչքան էլ ՔՊ-ական կերպարանքները ցինիկ քմծիծաղ տան: Իսկ քմծիծաղը պայմանավորված է նրանով, որ այդ անսուրբ արարածները որևէ բան անում են միայն փողով կամ հրամանով:
ԲՈՒՆԿԵՐՆ ՈՒ ԶՈԴՈՂ ԱՊԱՐԱՏԸ ՉԵՆ ՕԳՆԻ
Հանրությունն է՛լ ավելի գազազեց, երբ Նիկոլը դուրս եկավ Ֆեյսբուք` հայտարարելու, որ ոչինչ էլ չի ստորագրելու, քանզի դա անսխալական ձևով նրա ստախոսության վկայությունն է: Նաև որոշեց չմեկնել Սամարղանդ: Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը չմեկնելու ամենահավանական պատճառ համարեց երկյուղը, որ կապիտուլյանտը բացակայության ընթացքում կիշխանազրկվի: Իսկ իշխանություն պահելը նրա համար գոյաբանական խնդիր է, քանզի գիտի, որ, ի տարբերություն ՀՀ պաշտոնաթող օրինական ղեկավարների, հանգիստ ապրելը, մեղմ ասած, չի ստացվի անգամ փախուստի դեպքում:
Այլ կարծիք ունի, սակայն, ազդեցիկ ռուսաստանաբնակ գործիչ, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, ով կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ. «Կրկին պետք է հիշեցնեմ, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում այս իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը ճգնաժամային կառավարչի ներգրավումն է: Չերչիլը Մեծ Բրիտանիայում՝ ծայրահեղ ծանր վիճակում, Էյզենհաուերը՝ Գերմանիայի ամոթալի պարտությունից հետո, Գոլդա Մայերը՝ Իսրայելում, Ռուզվելտը՝ ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի ժամանակ, Դը Գոլը՝ Ֆրանսիայի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, Ֆորդը, Կորոլեւը, Սթիվ Ջոբսը, Իլոն Մասկը եւ մյուսները. պատմության մեջ նման օրինակները շատ են: Ուշադրություն դարձրեք, որ նրանք բոլորը հաղթող են, դուք՝ պարտվողը: Ճգնաժամային կառավարիչների հաջողության բանաձեւը բացարձակ կոմպետենտությունն է: Ես միանգամայն վստահ եմ, որ Դուք՝ հեղափոխության արդյունքում իշխանություն ստանալով, վստահ էիք, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու: Սակայն պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխության արդյունքում ոչ մի ժողովուրդ ավելի երջանիկ չի դարձել, եւ դուք պետք է դա իմանայիք: Ցավոք, Ձեր թեթեւ ձեռքով Հայաստանը նույնպես քաղում է հեղափոխության նման դժբախտության պտուղները»:
Համբարձումյանի խոսքով. «Դուք ունեք հիանալի հնարավորություն եւ բազմաթիվ պատճառներ հրաժարվելու Ձեր աշխատանքից եւ զբաղվելու այլ գործով: Հայ ժողովրդի մեջ կան շատ կրթված, կոմպետենտ եւ հաջողակ մարդիկ: Եթե հիմա հրաժարական չտաք, ապա Ձեր հրաժարականի պահին, որը վաղ թե ուշ կլինի, իրավիճակն էլ ավելի կրիտիկական կլինի»: Ո՛չ, «այլ գործով զբաղվելու» հնարավորությունն իսպառ բացակայում է, և այդ պատճառով է, որ Նիկոլն իրեն պահում է անկյուն քշված առնետի պես: Թուրքի «ձեռնասուն առնետի»: Նա ամբողջովին թուրքական վանդակում է, և այդտեղից չի կարող դուրս պրծնել:
Ի դեպ, քաղաքացիներին կասկածելի թվաց «հումանիտար զինադադարը», այն էլ` Ադրբեջանի առաջարկությամբ: Միանգամից դրանում ստույգ նշան տեսան, որ ամեն ինչ արդեն ստորագրված է, և Ջերմուկը «մեծահոգաբար» ՀՀ կազմում թողնելու դիմաց թուրքը ստանալու է Արցախն իր կազմում: Եվ պատահական չէ, որ Երևանի ցույցերին զուգահեռ ծավալուն ցույցեր սկսվեցին նաև Ստեփանակերտում: Ոմանք, զորօրինակ ԱԺԲ-ականները, սկսեցին պնդել, թե «ԱՄՆ-ն փրկեց Հայաստանը, ներառյալ Արցախը»` նկատի ունենալով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների դիրքորոշումը և դիվանագիտական ջանքերը: Բայց պետք է հիասթափեցնենք «ծռաշեղվածներին»` մեզ փրկեց ոչ թե Ամերիկան կամ այլ գերտերություն, այլ հայ զինվորի բացառիկ քաջությունը, որ թիկունքում պետության փոխարեն պետական դավաճան ունենալու պայմաններում փառավոր ջարդ տվեցին թուրքին Ջերմուկի և Վարդենիսի մատույցներում ու այլ վայրերում: Եթե դա չլիներ, ոչ մի օտար ուժի հայտարարություններն ու քայլերը չէին օգնելու:
Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ հայությունն ըմբռնի «փրկիչ» բառի իրական նշանակությունը` այդ բառի հետևում մշտապես թաքնված է շահամոլ կեղտոտ մանիպուլյատոր, լինի դա անհատ, թե` որևէ կառույց:
Սակայն վերադառնանք ինքնաբուխ ցույցերին: Հարկ է նշել, որ առայժմ դրանց վիթխարի ներուժն օգտագործվել է ոչ այնքան արդյունավետորեն:
ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՏԱՊԱԼՎԵԼՈՒ Է
Աչքի զարնեց հետևյալը` եթե սեպտեմբերի 14-ին բարձրախոսին տիրացած անձինք պահանջում էին ընդդիմադիր պատգամավորներին սկսել իմպիչմենթի գործընթացը, խոստանալով վզակոթից բռնած բերել 18 ՔՊ-ական պատգամավոր, ապա սեպտեմբերի 15-ի ցերեկը, երբ ամբողջ ՔՊ-ն ԱԺ-ում էր, ոչ ոք կոչ չարեց ժողովրդին գալ ԱԺ և հարկադրանք կիրառել դրանց նկատմամբ: Ավելին` տխրահռչակ Ալեն Սիմոնյանը նույնիսկ հնարավորություն ունեցավ երեսպաշտորեն դատապարտել ՔՊ-ականների հասցեների հրապարակումը, վկայակոչելով երեխաների առկայությունը, «մոռանալով», որ հենց իր սրիկա թիմի կոչով ՀՀԿ-ականների տների մոտ դագաղներ էին բերել: Եվ ընդհարապես, ՔՊ-ականները միանգամից առիթից օգտվեցին և, երևանցու խոսքով ասած, հաբռգեցին:
Տեսնենք, թե ինչ է գրում «վաստակավոր ցուցարար», Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանը. «Կարին Տոնոյան, նորից եմ կրկնում, որ խոնարհումս ձեր հերոս որդու շիրիմին, բայց ես թույլ չեմ տա, որ դուք և ձեր նմանները հիմարացնեք այն քաղաքացիներին, որոնք հույսները չկորցրած, ձեզ վստահելով հավաքվել էին ԱԺ-ի դիմաց: Երեկ հավաքեցիք ժողովրդին ու ձեր արևին փորձեցիք փչացնել ընդդիմությանը, որը չստացվեց: Պատգամավորները ապահովեցին իրենց ստորագրությունը, որից հետո ձեր թիմակիցները այդպես էլ չգնացին ՔՊ-ականների տներ: Չգիտեմ` ով էր այն ալեհեր տղամարդը, որը կոտրում էր ԱԺ-ի ճաղավանդակը ու պատգամավորներին, որոնք ունեն օրինական իրավունք մուտքից մտնել իրենց աշխատավայր, ուզում էր կոտրած ճաղավանդակից ներս մցներ, և լավ էր այդ պահին Հայկ Մամիջանյանը վերցրեց բարձրախոսն ու ասաց իր ասելիքը: Այսօր մարդիկ նորից հավաքվեցին ու դուք նկատեցիք, որ երեկվա քանակի կեսի կեսն էր: Այսինքն 20% վստահություն ձեր թիմի և ձեր հանդեպ, որն էլ դառավ 10%՝ ձեր պաթոս ու անբովանդակ ելույթից հետո: Այն, ինչ որ ասացիք, դա կարելի էր ստատուս գրել կամ ուղիղ կապով ասել, ոչ թե ժողովրդին հավաքել, կես ժամ խոսել ոչնչի մասին ու ասել ցտեսություն: Ասեմ, որ «հիացած» եմ ձեր տաղանդով՝ դուք պրոֆեսիոնալ միտինգ ցրող եք»:
Դե, իսկ շարունակությունը` ցույցով բան պահանջել տիտղոսային ընդդիմությունից, մի տեսակ սյուռեալիզմ էր... Չնայած արձանագրենք նաև այդ «տարերայնության» օգտակար կողմը` պարզ դարձավ, որ եթե անգամ հրաշքով «գոլորշիանան» «Հայաստան» դաշինքն ու ՀՀԿ-ն, միևնույնն է` զայրացած և գործողությունների պատրաստ զանգվածն այնքան մեծ է, որ անպայման ինչ-որ մեկը կգլխավորի Չարենցի ասած «ամբոխները խելագարված», պարզապես ռիսկեր կան, որ դա կլինի ինչ-որ պոպուլիստ, «Նիկոլ 2.0»:
Բայց բոլոր դեպքերում, Նիկոլի հեռացումն այլընտրանք չունի: ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իրավացիորեն շեշտում է, որ Նիկոլից պետք է օր առաջ ազատվել՝ անկախ նրանից նրա տերերը ցանկանո՞ւմ են ազատման դիմումը մակագրել, թե` ոչ. «Պատահական չէ, որ այսօր կոչ են անում ընդդիմադիր քաղաքացիներին առանց զենքի ուղարկեն պատերազմ, շարունակ վախեցնում են ԱԱԾ-ով, պառլամենտում հիստերիա են բարձրացնում, ուրախանում են, որ ոստիկանները ծեծում են միտինգավոր քաղաքացիներին և այլն: Ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը մտքում անիծում են այն օրը, երբ դժբախտություն ունեցան մտնել Նիկոլի թիմ: Իսկ Նիկոլն անխնա օգտագործում է նրանց և խոսքը մեր մեջ՝ շատ էլ ճիշտ է անում:
Իշխանափոխություն մի օր լինելու է, դա անխուսափելի է: Իսկ ՔՊ-ականներից շատերը երիտասարդ տարիքում են և դեռ շատ անելիքներ ունեն իրենց կյանքում: Նրանք իհարկե չեն ցանկանա, որ այդ տխուր հեռանկարն իրենց սպառնա: Վստահ եմ նաև, որ իշխանափոխության հաջորդ օրվանից սկսած, նրանցից շատերը բազմաթիվ հանցանքների կենդանի և կամավոր վկաներն են դառնալու՝ հանուն իրենց նկատմամբ վերաբերմունքի ինչ-որ չափով մեղմացման: Նիկոլն էլ լավ գիտի, որ շրջապատված է պատեհապաշտներով, ուստի նրանց նկտմամբ կիրառում է շանտաժի և հասարակության աչքերում մինչև վերջ փչացնելու սխեման:
...Սակայն Արցախն ու Հայաստանը կործանելու պատճառ հանդիսացող հասարակական ցասումը չպետք է տարածվի բոլորի վրա և տարերային բնույթ ստանա: Այլապես կհայտնվենք նոր քաոսի մեջ, որը նույնքան վտանգավոր է, որքան ներկայիս իրավիճակն է»:
Բայց, անշուշտ, գործ ունենք նաև Նիկոլից ոչ պակաս նենգամիտ, ավելի հին ու փորձառու չարագործների հետ: Զօրօրինակ, տխրախռչակ Անդրանիկ Քոչարյանը փաստորեն, իր ու իր նմանների դավադրությունը ձախողել փորձող քաղաքացիներին տեռորիզմի մեջ է մեղադրել՝ հստակ զուգահեռներ անցկացնելով գիշերային դեպքերի ու 1999-ի հոկտեմբերին տեղի ունեցածի միջև: ՔՊ-ականը, որ հայտնի է, թե ինչով է զբաղված եղել հոկտեմների 27-ի տեռորիստական ակտից անմիջապես հետո, փաստորեն, ձևացրել է, թե իբր մեծապես ափսոսում ու սգում է 1999-ին կատարվածի համար այն դեպքում, երբ տեռորից անմիջապես հետո իր պեսերի հետ միասին մի ցուցակ էր կազմել ու դրել նախագահի սեղանին՝ պահանջելով իրենց պաշտոնի նշանակել: Այսինքն՝ դարձել էր Նաիրի Հունանյանի հաճախորդը...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


