«Այնքան ենք հույսներս դրել փրկիչների վրա, որ դարձել ենք իմպոտենտ եւ կորցրել մեր ինքնապաշտպանության բնազդը». ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Սունդուկյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆԻ հետ:

Պարոն Բաղինյան, այս պահին թատրոնում, ո՞ր ներկայացումներում եք ներգրավված:

— Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջերս կայացավ  Բերթոլթ Բրեխթի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը: Շատ բարդ եւ հետաքրքիր ներկայացում էր, որը բեմադրել է Արմեն Էլբակյանը: Գլխավոր դերում Տիգրան Ներսիսյանն է: Ես մարմնավորել եմ քննիչ Օ'Քեյսի դերը: Բրեխթն ընդհանրապես բարդ է բեմադրելը: Զուգահեռաբար ինձ հրավիրեցին Արտաշատի թատրոնում մասնակցելու Զորյանի պատմվածքների հիման վրա մի շատ հետաքրքիր բեմադրության, որը կոչվում է «Մեր բակը», (բեմադրիչ` Արմեն Մարգարյան), բայց սա կապ չունի այն հայտնի «Մեր բակի» հետ:  Եվ նաեւ Զորյանի պատմվածքներից ընդգրկված է նրա «Ջրհորի մոտ»  հայտնի պատմվածքը, որտեղ խաղում եմ Բաղդասարի կերպարը:  Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ այս ներկայացման առաջնախաղը:

Վերջերս Լեհաստանում մասնակցում էիք փառատոնի, կմանրամասնե՞ք:

— Այո, մի քանի օր առաջ վերադարձանք Լեհաստանից: Բելաստոպ քաղաքում մասնակցեցինք ամենամյա թատերական փառատոնին, որին Սունդուկյանի անվան թատրոնին արդեն երկու անգամ է, ինչ հրավիրում են մասնակցելու: Անցյալ տարի ներկայացանք «Դեկամերոն» ներկայացումով` Լիլի Էլբակյանի բեմադրությամբ, որը շատ լավ ընդունվեց եւ արժանացավ լավագույնի պատվին: Իսկ այս տարի խաղացել ենք «Էվրիդիկե» պիեսը, որը շատ լավ ընդունելության արժանացավ: Պիեսը բեմադրել էր ԱՄՆ-ից եկած մի շատ հայասեր ռեժիսոր` Ջոն Դուգլաս Բլոնդելլը, որը նաեւ հատուկ ԱՄՆ-ից Լեհաստան էր եկել մասնակցելու փառատոնին: Պիեսը բեմադրվել է ըստ հունական լեգենդի, որը պատմություն է իրականության եւ հնարանքի, կյանքի եւ մահվան մասին: Հիմքում ընկած է հին հունական առասպելը` Էվրիդիկեի եւ Օրփեոսի ճակատագրական սերը ժամանակակից մեկնաբանությամբ:

Դուք նաեւ Նարեկացի արվեստի կենտրոնում եք հանդես գալիս, որտեղ Գարեգին Նժդեհ եք ընթերցում, ո՞րն է շարժառիթը այդ ընթերցանությունների:

— Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը գործում է Նարեկացի արվեստի կենտրոնին կից, որտեղ Սունդուկյանի անվան թատրոնից ընդգրկել ենք Ռուզաննա Հախնազարյանին, Դավիթ Գասպարյանին եւ նաեւ հետագայում էլի մարդիկ են ընդգրկվելու: Այդ շրջանակներում էլ հենց «Գարեգին Նժդեհի հետ» ընթերցանությունն է` լեգենդ եւ իրականություն նոր փաստերով: Ես փորփրել, գտել, ուսումնասիրել եմ եւ փորձում եմ այդկերպ Նժդեհի մասին տեղեկացնել: Հատվածաբար կարդում եմ: Նաեւ պատրաստում ենք Նժդեհի մասին 1 ժամ 20 րոպե տեւողությամբ պոետիկ ներկայացում, որպեսզի մեր նոր սերունդն իմանա, թե ով է Նժդեհը:

Փաստորեն, դրանով փորձում եք Նժդեհի նման հայրենասեր առաջնորդի այսօրվա պակա՞սը լրացնել: 

— Այսօր մեր երկրում կա Նժդեհին չուսումնասիրելու, Նժդեհով չապրելու, Նժդեհի ուսմունքը գիտակցաբար չընդունելու ոչ թե պակասը, այլ` ողբերգությունը: Մենք խորապես չենք գիտակցում, թե ով է Նժդեհը: Համաշխարհային պատմության մեջ խելացի մարդիկ, փիլիսոփաներ, ազգային հերոսներ շատ են եղել, բայց մատների վրա կարելի է հաշվել ուսմունք ստեղծած անհատականություններին: Նժդեհի Ցեղակրոնը շատ մեծ ուսմունք է, որի գաղափարը հետեւյալն է` դու վախկոտ, փոքրիկ, թույլ նապաստակ ես, ազգ իմ, պետք է վերափոխվես դարձյալ փոքրիկ, բայց խիստ փշոտ ոզնու: Այ հենց դու նապաստակից վերափոխվես ոզնու՝ այդ դեպքում ոչ հյուսիսի արջը կհամարձակվի թաթով խփել քեզ ցանկացած ժամանակ, ոչ մեր դարավոր թշնամի գորշ գայլը եւ ոչ էլ նրանց կողմից հովանավորված` չախկալ ազիկը կհամարձակվի քեզ որեւէ բան անել: Նժդեհը տվել է մեզ այս Ցեղակրոն ուսմունքը՝ իր համախոհ Հրանտ Ասատուրի հետ միասին, եւ գրեթե 80 տարուց ավելի այս ուսմունքը կա: Կոմունիստների օրոք այն մեզնից հեռացվեց, ինչը հասկանալի է, բայց ողբերգությունն այն է, որ այս 30 տարում էլ մենք չենք կարողացել գիտակցել, ուսումնասիրել նրա  ուսմունքը: Նժդեհի Ցեղակրոնը մեր Թուր Կեծակին է, որով նա ասում է` ես ձեզ համար ստեղծել եմ Թուր Կեծակի, վերցրո՛ւ ձեռքդ, ազգ իմ: Իսկ մենք մեր թլո, միամիտ, ծուռ Դավթի նման ինչ-որ պառավի շաղգամի բոստանում քուջուջ ենք անում եւ խնդրում ենք  այդ պառավից մի կոտրած շամփուր, որ գնանք Մսրա Մելիքի դեմ կռվենք: Կոպիտ ասած` ամբողջ 30 տարվա ընթացքում Նժդեհի ուսմունքն ուսումնասիրելու, մեր սերնդին մանկապարտեզից, դպրոցից սկսած նժդեհաբար դաստիարակելու, գիտակցաբար ուսումնասիրելու փոխարեն՝ մենք պառավի բոստանում ժանգոտ շամփուր ենք փնտրում: Եվ այդ ժանգոտ շամփուրն էր մեր զենքը, որով պարտություն կրեցինք: 100 տարի առաջ Նժդեհն իր գայլախմբերի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել, եւ արցախյան առաջին պատերազմում էլ մենք հաղթեցինք, որովհետեւ մեր ֆիդայական խմբերը կռվում էին նժդեհյան ոգով: Թուրքերը եւ ազիկները Նժդեհի ուսմունքն օգտագործելով՝ մեզ հաղթեցին: Իսկ մեր հաստագլուխ եւ հաստափոր կոլխոզնիկ գեներալները, նստած 18-20 տարեկան (հիմնականում Հայաստանի անապահով ընտանիքի) զինվորների վզին, մատաղացու գառներ սարքեցին նրանց, որոնք կռվում էին երբեմն առանց հրամանատարների: Այդ երեխաները մինչեւ մահ իրենց տեղում մնացին՝ պաշտպանելով մեր հողը: Հետաքրքիր է, իսկ ո՞ւր էին մեր ջոկատները: Դավիթ Տոնոյանն ասում էր` նոր պատերազմ, նոր տարածքներ, որ թուրքը պատերազմ սկսի, մենք ջոկատներով, մեր դիվերսիոն խմբերով կթափանցենք թշնամու թիկունքը: Այն, ինչ-որ ասել էր Տոնոյանը, արեցին թուրքերը: Իրենք ճեղքեցին ճակատը եւ ադրբեջանական, թուրքական խմբերով, ջոկատներով եկան հասան մինչեւ Շուշի, մինչեւ Ստեփանակերտի մատույցներ: Սա մեծ ողբերգություն է, որ կատարվեց մեզ հետ հենց Նժդեհ չիմանալու, չուսումնասիրելու պատճառով: Նժդեհ չիմանալու պատճառով մենք պատժվեցինք: Այդ Թուր Կեծակին Նժդեհը մեզ համար էր ստեղծել, բայց ձենովօհանները, ցռանվերգոները մեզ հասցրին այս օրվան:

Նկատի ունեք իշխանությա՞նը…

— Ոչ լիներ նման հեղափոխությունը, եթե այսպիսին պետք է լիներ: Ավելի լավ էր այս հեղափոխությունը չլիներ, եւ Լեւոնի ու մյուսների եփած բորշն իրենց գլխին թափվեր, նրանք այդ պատասխանատվության տակ մնային...Նիկոլը լիներ-չլիներ, հեղափոխությունը լիներ, թե՝ չլիներ, միեւնույնն է, այս արհավիրքը լինելու էր: Ամբողջ խնդիրն այն էր՝ ինչու եղավ այդ հեղափոխությունը, եթե ոչ ոք չէր պատժվելու:

Դուք մասնակցել եք նաեւ 44-օրյա պատերազմին…

— Այո, ես Շենգավիթի երկրապահ ջոկատի կողմից մասնակցել եմ 44-օրյա պատերազմին: Մենք եղել ենք Վարանդայի եւ Հադրութի հատման կետի առաջնագծում: Այդտեղից երկու շաբաթ հետո եղավ հայտնի նահանջը՝ «փրկությունը», որ իբր 25 հազար հոգի փրկվեց: Եղավ հարկադիր նահանջ, որից հետո առաջնագծից հայտնվեցինք Մարտակերտի, Մարտունիի շրջանում, Գիշի, Ճարտար գյուղերում, այնուհետեւ Շուշիում էինք: Մասնակցեցինք Շուշիի պաշտպանությանը, հետո Ասկերանում էինք:

Զենք-զինամթերքով ապահովվա՞ծ էիք:

— Սովորական զենք, գնդացիր, ականանետ կար: Մենք ունեինք բավարար քանակությամբ ե՛ւ ձեռքի գնդացիր, ե՛ւ ականանետներ, ե՛ւ հակատանկային զենքեր: Սնունդը լավ էր: Ուղղակի ամբողջ խնդիրն այն էր, որ օդն էր բաց: Բոլոր դեպքերում կարելի էր կանգնեցնել: Կարելի էր խրամատավորվել, դիմադրել, պայքարել, պարտիզանական շարժման պես անել: Կոնկրետ մենք` երկրապահներս, այդ նահանջին կտրականապես դեմ էինք: Եվ վերջապես նահանջել Հադրութի ծայրամասից, Վարանդայի այդ խաչմերուկից Հադրութի տակով 10 հազար մեր զորքը անցավ, ներքեւից էլ Ջրականի կողմից 15 հազար... Այս պատերազմում շատ տարօրինակ բաներ կային: Մենք կարող էին գոնե պահել բուն Արցախը եւ Շուշին ու Հադրութը չտայինք:

— 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, որեւէ դրական փոփոխություն տեսնո՞ւմ եք:

— Ուղղակի զայրացած եմ: Այս երկու տարում կարելի էր ոչ թե եռամսյա հավաք անել (չի կարելի մարդուն ընտանիքից երեք ամսով կտրել), այլ մեկ կամ երկու ամսով պետք է գնան, որպեսզի հնարավորինս շատ մարդ զենքին տիրապետի: Ազգ-բանակը խելացի բան է, եւ մենք պետք է այդ սկզբունքով ապրենք: Շվեյցարիան ազգ-բանակով է գոյատեւում: Ֆինլանդիան ազգ-բանակով հաղթեց: Այսօր Իսրայելը գոյատեւում է ազգ-բանակով: Ասեմ ավելին` ես ապշեցի, երբ իմացա, որ Իսրայելի առաջին վարչապետ Բեմ Գուրյոնի սեղանի գիրքն է եղել նաեւ Նժդեհի «Ցեղակրոնը»` թարգմանաբար: Շվեյցարացի ամեն տղամարդ՝ 18-60 տարեկան, տանն ունի ուսապարկ, որի մեջ ամեն ինչ պատրաստ դրված է: Եվ ահազանգի դեպքում մարդը գիտի՝ ուր պետք է գնա, որտեղից զենք ստանա, ով է իր հրամանատարը, ովքեր են իր զինակիցները: Մի՞թե դժվար է նույն բանն անել Հայաստանում: Իհարկե, դժվար չէ, եթե մենք տականքների փոխարեն նորմալ զինկոմիսարիատներ եւ թաղամասային տեղական  պաշտպանության ջոկատներ ունենայինք: Սա ագրեսիա չէ, այլ գոյապաշտպանություն է: Մենք այնքան ենք հույսներս դրել փրկիչ ռուսի ու ամերիկացու վրա, որ դարձել ենք իմպոտենտ եւ կորցրել մեր ինքնապաշտպանության բնազդը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում