ԹՇՆԱՄԻՆ ՓԱՍՏԵԼ Է` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ
ՎերլուծությունՀՀ լրատվամիջոցներում, Ֆեյսբուքի և Տելեգրամի հայկական հատվածում թերևս ամենաթրենդային թեմաներից մեկը օրերս Գերմանիայից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր «Meydan TV»–ի տարածած սենսացիոն ձայնագրությունն է, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի մեծ պրոբլեմների վերաբերյալ:
Ձայնագրությունը պատկանում է 2020-ի նոյեմբերի 23–ին օկուպացված Մատաղիսում ականի վրա «հալալ օլսուն» եղած ադրբեջանական օկուպացիոն զորքերի առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին: Ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ, այն կարելի է ունկնդրել https://ytube.io/3XMf կարճ հղումով, իսկ հայերեն տեքստային տարբերակը` https://bityl.co/FFWn կարճ հղումով: ՀՀ քաղաքացիները սոցցանցերում խորհուրդ են տալիս այն ուղարկել բոլոր ծանոթ նիկոլականներին, սակայն դա դժվար թե ըմբռնելի լինի այն առանձնյակների համար, ում կա՛մ ծագումն է կասկածելի, կա՛մ գանգատուփում ուղեղի փոխարեն թեփ է:
Թշնամու բարձրաստիճան սպան փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն եղել 44-օրյա պատերազմին, որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։ Այսինքն` այն, ինչը հայտնի է ՀՀ բոլոր ողջամիտ քաղաքացիներին` որ Հայաստանի պարտությունը միտումնավոր քայլերի, «խոսացված» պատերազմի հետևանք են: Այս ձայնագրությունը նաև հիմնովին ջախջախում կապիտուլյանտական խունտայի ստեղծած այն միֆը, իբր Հայոց բանակը թույլ էր և թույլ է, վատ էր սպառազինված, իսկ զինծառայողները հակված էին դասալքության:
Ըստ Սամիդլիի. «Թշնամին պաշտպանության էնստած և 30 տարվա պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մեզ ստիպում էին, որպեսզի օգոստոսին, Թովուզի դեպքերին (Տավուշի հուլիսյան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրություններում թշնամու քանակը քիչ ցույց տայինք։ Եթե թուրքերը չգային... Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացավ ասել (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ Այազ Հասանովը)։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիյար փաշան (Ադրբեջանում թուրքական զորակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զորքերի օպերատիվ գծով հրամանատար) կգնա ու Էրդողանին կպատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպես չէ։ Նրանից հետո «Բայրաքթարը» եկավ։ «Բայրաքթարը» չգար, առավելություն չէինք կարողանա ապահովեինք։ Հարձակման ժամանակ անհաջողություն կկրեինք»։
Թշնամին նաև մատնանշում է, որ խայտառակ թերություններ կային մոբիլիզացիայի հարցում, դիպուկահարների պատրաստության, և այլն: Մասնավորապես. «Մինչև 2019 թ. մենք ունեինք դիպուկահարների ստորաբաժանումներ։ Մենք ստեղծել և սովորացնում էինք դիպուկահարներ։ Բայց Հայաստանը դիպուկահարների երկու դպրոց ունի։ Մեզ դիպուկահարների մեկ դպրոց չթողեցին սարքել։ Կազմակերպել են 45-օրյա կուրսեր»:
Բարձրաստիճան թշնամին նաև փաստել է, որ պատերազմը 44 օր տևեց, քանզի. «Գլխավոր պատճառներից մեկը հրետանային կրակի գերակայությունն էր։ Թշնամու մոտ էր այն։ Որովհետև մենք շատ Դ30-Դ44 ունեինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ուներ Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձնից թնդանոթները 15 կմ առաջ էր տեղակայում, ես արկը լիցքավորում ու չէի կարողանում նրան խփել, իսկ ինքը ինձնիցն 15 կմ հետ էր խփում»:
Ավելին, Բաբեկ Սամիդլի կարևոր խոստովանությամբ. «Նրանց նպատակը (նկատի ունի ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների) պարոն նախագահի կամքը կոտրելն էր և Ղարաբաղը հանձնել։ Կարծես ուժերը չբավականացրեց»: Այդ ամենի հանրագումարով եզրակացությունը բավականին ակնհայտ է` Հայոց բանակը չէր կարող պարտվել, եթե ամեն քայլափոխի նրան չպարտադրվեին ակնհայտ սխալ, կործանարար ռազմաքաղաքական քայլեր: Այսինքն` եթե չլիներ թիկունքից մշտապես հարվածելը: Թե բացի Նիկոլից ովքեր են մեղավոր, ովքեր են հանցակցել նրան բարձր հրամկազմից` կպարզի հետնիկոլական Հայաստանի անաչառ քննությունը և անխուսափելի ռազմական տրիբունալը:
Իսկ այսօր կարող ենք փաստել` չնայած միտումնավոր սխալ, դավաճանական ռազմաքաղաքական քայլերի, չնայած նրան, որ ՀՕՊ միջոցների փոխարեն ձեռք էին բերվել «սելֆի» անելու անհրթիռ օդանավեր, չնայած զորքի համալրումը օրեր անց միտումնավոր դադարեցնելուն, մեր բանակը կռվեց 44 օր: Եվ այսօր էլ ի վիճակի է կռվով հետ մղել թշնամու ագրեսիան, եթե թիկունքում ունենա կամային հատկանիշներով օժտված և թշնամու հետ դավաճանական գործարկքներով չկաշկանդված Գերագույն գլխավոր հրամանատար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

