«ՆԱՏՕ-ԹՈՒՐԱՆ ԴԱԼԱՆ» ԲԱՑՈՂՆԵՐԸ
ՎերլուծությունՀայաստանի տարածքով թուրքական միջանցքի նիկոլական նախագիծը պարսիկները չեն կոչում «Զանգեզուրի միջանցք», «ճանապարհ» կամ «կոմունիկացիա», բազմազան եզրույթներից չեն օգտվում, այլ այդ բոլոր տարբերակները կոչում են «ՆԱՏՕ-Թուրան դալան»: Պարզ ու դիպուկ: Այսինքն` հողատու կապիտուլյանտն իր տերերի հրամանով Հայաստանը վերածում է դալանի: Որով գնալ-գալու են քոչվորները և մի բան էլ միզելու են: Եվ առաջինը կմիզեն հենց ՔՊ-ի գլխին, զի դավաճաններին չի սիրում անգամ թուրքը:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ
Սակայն արժե կարճ հետադարձ հայացքով նայել, թե ինչպե՞ս հասանք այս վիճակին, կամ ռսի հայտնի արտահայտությամբ` «Как дошёл до жизни такой»: Վերադառնանք 2018, երբ փողոցները լեցուն էին «Սերժ մերժողներով»: Իր հրաժեշտի խոսքում ՀՀ երրորդ նախագահը մասնավորապես ասել էր. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա: Դա իմը չէ: Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը: Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը: Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»:
Ուզուրպատոր Նիկոլը շատ կարճ ժամանակահատվածում ամբոխի հրճվանքի ճիչերի ներքո մեր երկրից վերացրեց խաղաղությունը, ներդաշնակությունը և տրամաբանությունը... Հիմա խաղաղությունը վերածվել է հայհոյանքի պես ընկալվող արհավիրքի, տրամաբանության փոխարեն թագավորում է ամենօրյա սուտը, իսկ ներդաշնակությունը փոխարինվել է տոտալ փոխադարձ անվստահության: Եվ Ֆեյսբուքում դառը անեկդոտ է շրջում.
— Կնի՛կ, սոված եմ:
— Բա ինչի՞ Սերժի վախտ չէիր ասում` սոված եմ, ա՛յ զզվելի:
Նիկոլը սրընթաց գնում է դեպի Արցախից վերջնական հրաժարում և Սյունիքով «դալան» բացելու: Նրան փորձում են կանգնեցնել Ռուսաստանը, Իրանը, ընդդիմությունը, հանրությունը, սակայն համառորեն իր էշն է քշում: Ինչպես արձանագրում է լեգենդար հետախույզ Գևորգ Գևորգյանը. «Այսպիսով թուրք-ադրբեջանական և արևմտյան փոխլրացնող շահերին հարթակ տրվեց հենց մեր հողում: Այն դեպքում երբ հարևան Իրանը բազմիցս հայտարարեց, որ չի ընդունելու սահմանների փոփոխություն: Իսկ ՌԴ փոխվարչապետը խոսեց հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհների և դրանց տնտեսական նշանակության մասին:
Փաստացի այս իրավիճակում այս հայրենադավը, իր իշխանությունը երկարաձգելու նպատակով Հայաստանը վերածեց աշխարհաքաղաքական բևեռների շահերի բախման կիզակետի: Թե երբ կպայթի այդ վառոդի տակառը, արդեն օրերի հարց է: Նոր, էլ ավելի մասշտաբային պատերազմ, սա է այն ապագան, որը լինելու է, եթե սրանք չհեռացվեցին»:
Ցավոք, պատժելու են ոչ թե նրան կամ նրա էշին, այլ մեր երկրին և ժողովրդին: Չնայած` կապիտուլյացիայից հետո նրան քվե տված 688 հազար ժեխերին հասնում է: Բայց մե՞ր մեղքը որն է` երևի այն, որ դեռ չենք սովորել նիկոլականին համարել ավելի վտանգավոր, քան թուրքին: Որ դեռ չենք քշել սրանց գրողի ծոցը: Չնայած` չէ, մեր հայկական Գրողը ափսոս է, սրանց հասնում է «ջհանդամի գյոռը»:
«ԶԱՏՈՒԼԻՆ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
Եվ ահա պայթեց այն լուրը, որ մեր երկրի և ազգի բարեկամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ՀՀ-ում ճանաչվել է ոչ ցանկալի անձ: Շատերը սկզբում կարծեցին` ֆեյք է, բայց... Եվ գործողությունն իրագործվեց լրիվ շակալավարի, նիկոլավարի: Ոչ թե ԱԳՆ-ի խողովակով, այլ ԱԺ աննշան մի ուսապարկ-պաշտոնյայի էլեկտրոնային նամակով: Սա այն դեպքն է, երբ ամենամեղմ բնորոշումն անասունն է, սակայն այդպիսի համեմատությունը վիրավորական է անասունների համար:
Սակայն դիտարկենք դրա ուղնուծուծը: «Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը դա որակել է «կոմպլեմենտար դիվանագիտություն» և արձանագրել. «Սրանից մի քանի օր առաջ ռուսական պետական հեռուստաալիքներից մեկով հաղորդում է հրապարակվում, որտեղ հիմնականում հնչում են հայկական շահերից բխող տեսակետներ, որին մասնակցում է նաև Պետդումայի պատգամավորներից մեկը՝ ակնհայտ պրոհայկական հայտարարություններով:
Որոշ ժամանակ անց Ադրբեջանը այս կապակցությամբ բողոքի նոտա է հղում ՌԴ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, որ հաղորդման ընթացքում հնչել են հակաադրբեջանական տեսակետներ, կասկածի տակ է դրվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Իսկ այսօր Հայաստանի «հավաստի աղբյուրը» հայտնում է այդ հաղորդմանը մասնակցած և թերևս ամենահայանպաստ հայտարարություններով հանդես եկած` Պետդումայի պատգամավորին Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչելու և նրա մուտքը Հայաստան արգելելու մասին:
Սրանք միայն փաստերն են, հետևությունները՝ ակնհայտ…»:
Սա կոչվում է կատարյալ թրքահարճություն: Պետք է միանշանակ ապացուցված համարել, որ ՔՊ-ական խունտան իրագործում է թուրք-ադրբեջանական տանդեմի օկուպացիոն կառավարում: Բացի փորձագետի հիշատակվածից, նշենք նաև լրացուցիչ հանգամանքներ: Զատուլինը հիմա միաժամանակ անցանկալի անձ է ճանաչված և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, ու կարգին հայերն այդ փաստից պարզապես ամոթից գետինն են մտնում: Ավելին` Զատուլինը Հայաստանի և հայության շահերն ամենահետևողական պաշտպանող ռուս պատգամավորն է: Նա հեղինակն է այն օրինագծի, որով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա մշտապես պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը: Եթե թվարկենք նրա գործերն ի նպաստ Հայաստանի և հայության, թերթի 8 էջերը չեն հերիքի: Եվ թիրախավորվում է հենց նա ու հատկապես նա, սակայն հայտարարում է, որ չնայած նիկոլենց հիսթերիկ քայլերի, շարունակելու է իր հայանպաստ գործունեությունը:
Բազում հարցեր են ծագում: Եթե խունտային այդքան պետք էր դեմարշ անել Մոսկվայի դեմ, ապա կարող էին անցանկալի անձ հայտարարել հակահայկական ուղեգծով աչքի ընկնող կամ ուղղակի թուրք-ազերիական վարձկան ՌԴ որևէ գործչի: Դա հայ հանրությունը հանգիստ կընկալեր, մինչդեռ Զատուլինի հանդեպ այդպիսի գերագույն ստորությունից վրդովվեցին անգամ արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքացիները, մշտապես ՌԴ-ի դեմ հանդես եկող որոշ բլոգերներ, բացառությամբ թերևս նրանց, ովքեր վճարովի հիմունքով են արևմտամետ աշխատում:
Վրդովմունքի ալիքը մեծ է հայրենիքում և սփյուռքում: Անկախ տարիքից, սեռից, քաղաքական համոզմունքներից: Ստացվում է, որ կապիտուլյանտ վիժվածքը ցինիկ և լպիրշ թուրքական մարտահրավեր է նետել համայն հայությանը: Մարտահրավեր, որն ուղեկցվում է նաև հայ-ռուսական հարաբերությունները քարուքանդ անելով: Մարտահրավեր, որը դուր չի գա նաև Թեհրանին: Դրանով գլխավոր գերագույն դավաճանը ազդարարեց, որ իր ապագան, իր կյանքն ու անվտանգությունը կապում է բացառապես թուրքերի, թուրանական նախագծի հետ:
Շատ վտանգավոր խաղ է: Կապիտուլյանտը վա-բանկ է գնում: Դա չի կարող անարձագանք մնալ: Սպասենք «սև կարապների», որոնց հայտնությունը ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը կանխատեսել էր դեռ շաբաթներ առաջ: Բոլոր կամուրջներն այրած բացարձակ չարիքն ի վերջո ինքն է հրո ճարակ դառնալու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

