9.XI.2020 - 9.XI.2022. ԽՈՒՆՏԱՅԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՍԿԻ՞ԶԲ
ՎերլուծությունԹշնամու հետ սահմանազատում անցկացնելուց առաջ սահմանազատում անցկացնենք մեր մեջ. Նիկոլի՞ հետ ես, թե՞ հայրենիքի,– ահա՛ նոյեմբերի 5-ի` Արցախի հետ միասնության հանրահավաքի հիմնական կարգախոսը: Նաև սիմվոլիկ ձևով կառավարության շենքի մոտ այրվեց կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագիրը»: «Ռևանշի՛մ»,- օկուպացված Շուշիից լսվեց հոխորտանքների հեղեղով համեմված Ալիևի ճիչը:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏՆԱԲԵՄՈՒՄ
Նրանք, ովքեր նոյեմբերի 5-ին սպասում էին իշխանությունը գրոհով վերցնելուն, անշուշտ, հիասթափվեցին: Սակայն այդ օրը ոչ թե գրոհի, այլ սիմվոլների օր էր: Սիմվոլները նշվեցին. Նիկոլի՞ հետ ես, թե՞ հայրենիքի, Նիկոլի՞ հետ ես, թե՞ Արցախի, Նիկոլի՞ հետ ես, թե՞ պետականության: Հա՞յ ես, թե՞ նիկոլական: Սահմանվեց ջրբաժան: Բայց եթե 2018-ի աշնանը տխրահռչակ Հայկ Մարությանը ազդարարեց բաժանում սևերի և սպիտակների, ապա հիմա ջրբաժան է եռագույնների և գորշակղանքագույնների միջև: Իսկ սիմվոլներն ու նշանները, լինեն դրանք նկարված, քանդակված թե բանավոր, կառավարում են աշխարհը: Եվ «հնարավոր բախումների» մասին հավարը գցած ԱՄՆ դեսպանատունը, ի տարբերություն «վա՛յ, ընդամենը մի քանի հազար են» բացականչողների, շատ լավ գիտի այդ ճշմարտությունը:
Իսկ հետնաբեմում գործընթացներ կան, որոնք բնույթով նաև տուրբուլենտ են: Մի կողմ դնենք համաշխարհային հետնաբեմը, որի տեսանելի մասում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում է փաստացի երկու ադրբեջանական պատվիրակության հետ («յան» ազգանունները թող չշփոթեցնեն), և անդրադառնանք ներսի գործընթացներին: Վերադասավորումներ կան Արցախում, վերադասավորումներ ընդդիմադիր դաշտում (որի թվացյալ վակուումը փորձում է լցնել ԱԺԲ-ն), ու նաև «սև կարապի» պես ի հայտ եկավ ՔՊ-ի պառակտումը:
Պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանն արձանագրում է. «Արցախը ներքին վերադասավորումների և փոփոխությունների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետնախարարի՝ լիազորությունների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ:
Արդյո՞ք պետնախարարի նշանակմամբ փաստացի նաև ամբողջական իշխանափոխություն է աստիճանաբար արվում, դեռ վաղ է խոսել, սակայն այն, որ Արցախում ամենավերևից քաղաքական, կադրային, մտածողության, մշակույթի, գաղափարական փոփոխության անհրաժեշտություն կա՝ ակնհայտ է:
Դեռ պարզ չէ, թե որոնք կդառնան կառավարության նոր առաջնահերթությունները, ինչքանով դրանք կյանքի կկոչվեն կամ Արցախում որակյալ փոփոխությունների կհանգեցնեն, բայց պետք է արձանագրել, որ Արցախի ճակատագիրը, ի թիվս մեծ թվով այլ գործոնների, շատ բանով կախված է Արցախում եղած պոտենցյալի լիարժեք իրացումից և արդյունավետ կառավարման համակարգից»:
Ի դեպ, համացանցում տարածվեցին ադրբեջանական կոչերը` սպանել Ռուբեն Վարդանյանին, և ընդհանրապես ցանկացած սփյուռքահայի, որը որևէ դերակատարություն կստանձնի Արցախում: Վախենում են, վախենում են և՛ հայրենաբնակ «ռևանշիստներից», և՛ ազդեցիկ սփյուռքահայերից, այսինքն` այն կոնտինգենտից, որին, ի տարբերություն ձեռնասուն կապիտուլյանտից և մուտանտների բուծարան ՔՊ-ից, չեն կարող կառավարել: Նույնիսկ կոնսպիրոլոգիա են մոգոնել, իբր ստեղծվել է Իրանի շիիթների սրբազան կենտրոն Կումի և Էջմիածնի գաղտնի դաշինք, որը Մերձավոր ու Միջին Արևելքում Փարիզի և Վատիկանի հովանու ներքո հսկայածավալ աշխարհաքաղաքական հավակնություններ ունի...
«ԵՐԿՐԱՇԱՐԺ» ԽՈՒՆՏԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ
Անշուշտ, բաց երկնքում որոտացող ամպրոպի տպավորություն ստեղծեց բացահայտ փուլ մտած Գռզո-Նիկոլ հակամարտությունը: Թեև կապիտուլյանտների պարագայում և՛ արևմտյան, և՛ ռուսական կողմնորոշումները սկսվում և ավարտվում են Թուրքիայում, սակայն Գռզոն պայմանականորեն «արևմտամետ» թևն է, որի կարկառուն ներկայացուցիչն է նրա մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը և նրա մոտ ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը (եթե իհարկե չդավաճանի): Նաև օբյեկտիվորեն այդ թևից է «Օմեգա» Արարատ Միրզոյանը և Գռզոյին չսիրող Տիգրան Ավինյանը, և ընդհանրապես սորոսական «նավապետ գրանտի զավակները»:
ՔՊ վարչության ընտրությունների սկանդալը հետաքրքիր էր նրանով, որ «բորտին» մնացին Նիկոլի կողմից որպես իրավահաջորդ աճեցվող դեղնակտուց Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար «քավորուրաց» Հայկ Կոնջորյանը, մամուլում գրվել է նաև` իբր Սուրեն Պապիկյանը «քեֆը լավ» անպատվել է Աննա Հակոբյանին...
Պատահական չէ, որ նշանառության տակ Գռզոյին վերցրած Նիկոլը հանձնարարեց «կոռուպցիա փնտրել» հենց 1995-ի այն գործարքում, ուր առանցքային էր այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը: Եվ շտապողականությունն էլ հասկանալի է` ըստ քաղաքական մեկնաբանների, ՔՊ համագումարը ցույց տվեց, որ Նիկոլն այլևս հեղինակություն չէ «հարազատ» ՔՊ-ում: Այսինքն` ցանկացած պահի նրան կարող են «ժերտվա տալ», և կսկսվի պայքար, թե ով է դառնում երկրի ղեկավարի ժ/պ: Դա կարող է լինել նաև Վահագն Խաչատուրյանը, կարող է լինել և այլ անձ, կլինեն և աշխարհաքաղաքական կենտրոնների ստվերային միջամտություններ, իսկ «առնետավազքը» ձնահյուսքի տեսք կունենա:
Ի դեպ, 5-րդ ալիքի լրագրողի գլխին Գռզոյի սարքած տգեղ և զզվելի «լաչառ շոուի» ժամանակ հետաքրքիր դետալներ ծլեցին: Սույն օլիգարխը ոչ միայն աշխարհիս բոլոր մեղքերը մերկապարանոց բարդեց Ռոբերտ Քոչարյանի վրա, այլև «ձեռի հետ» պնդեց, թե երկրորդ նախագահին պատկանող գրասենյակներում են ապահովագրվում պետական մեքենաների մեծ մասը: Առայժմ այդ մեղադրանքները ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը թռուցիկ անվանեց զառանցանք, բայց տեսնենք` առաջիկայում Գռզոն ինչ կհնչեցնի...
Հա, ամենևին չենք զարմանա, եթե ոչ առանց Գռզոյի հոգածության «օդից» ընկնեն հազարավոր հականիկոլական Տելեգրամ ալիքներ, նաև լինեն անսպասելի «մուտիլովկաներ»:
Սակայն ամենազարմանալին Գռզոյի ռեւերանսն էր Սերժ Սարգսյանի հասցեին: Նա հանկարծ որոշեց վկայակոչել իր ու Սերժ Սարգսյանի խուսակցությունը, որը հարց է՝ եղե՞լ է, թե՞ ոչ, կամ հենց այնպե՞ս է եղել, ինչպես ներկայացնում է ինքը: Եվ կոպիտ անտակտություն էր, քանզի, նախ, երկու անձի միջեւ եղած խոսակցությունը առանց մյուս մասնակցի համաձայնության հրապարակելը կոռեկտ չէ, եւ երկրորդ՝ եթե Սերժ Սարգսյանը հերքի, կստացվի, որ Գռզոն Նիկոլի պես ստախոս է: Լրագրողները փորձեցին հստակեցնել՝ այդ ամենն իրեն իսկապե՞ս Սերժ Սարգսյա՞նն է ասել: «Ինձ ասաց՝ 320 բնակարան, նախկին նախագահի օրոք չեն կարողացել մարդիկ ստանան այդ բնակարանները: Եվ տասը տարի, որ ղեկավարել է երրորդ նախագահը, իրենց հնարավորություններով էդ 320 հոգուն բնակարանով ապահովել են»,– ասաց այդ օլիգարխը՝ նշելով, որ խոսքը Հյուսիսային պողոտայի իրացման գոտու բնակարանների մասին է, որի շուրջ իր հետ իբր կիսվել է Սերժ Սարգսյանը:
Հիմա ի՞նչ, Գռզոն «ողնուղեղով» զգո՞ւմ է, թե առաջիկայում ինչպիսի վճռորոշ դեր է ունենալու Սերժ Սարգսյանը, թե՞ ձեռի հետ փորձում է լարել երկրորդ և երրորդ նախագահների հարաբերությունները, թե՞ երկուսը միասին: Առայժմ դժվար է ասել, հատկապես փոթորկի մթնոլորտում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


