Թիրախ է դառնում նաեւ Նախիջեւանը
ՎերլուծությունԵվ այսպես, Հարավային Կովկասում վաշինգտոնյան լիբերաստների ծավալած խաղը դարձել է ծայրահեղ անթաքույց (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=240955&l=am): Բանը հասել է նրան, որ արդեն չեն էլ թաքցնում, թե Ալիեւին են համարում իրենց հիմնական դաշնակիցը, Բայդենը օրերս խոսում էր «Իրանն ազատագրելու» մասին, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է անեն այն, ինչ վաշինգտոնյան կուրատորները կհրամայեն: Ու կարո՞ղ է այս իրավիճակում կասկած լինել, որ 2018թ.-ի հեղաշրջումն այս ամենի էտապներից մեկն էր:
Սակայն այստեղ կա մեկ «փոքրիկ» գործոն, որն այս ծրագրերն արգելակում է: Այս աշխարհաքաղաքական փասիանսի մյուս կողմում էլ գնալով ամրացող ռուս-իրանական դաշինքն է, այսինքն մի ուժ, որը ցանկություն չունի «մատաղացու ոչխարի» դեր ստանձնել եւ դրա համար բավարար ուժ ունի:
Այսպես, որքան էլ որ ԱՄՆ-ն սպառնում է, թե Իրանի դեմ Ադրբեջանի աճող հակամարտությունում իր դաշնակիցը Բաքուն է, սակայն մեծ հարց է, թե արդյոք Ալիեւը կարո՞ղ է դրանում վստահ լինել: Ամեն դեպքում, փաստն այն է, որ Իրանը շարունակում է ուժի ցուցադրությունը, ընդ որում, այդ ակնարկներն ուղղված են նաեւ Թուրքիային: Ընդ որում, խոսքը ոչ միայն բուն Ադրբեջանի, այլ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ ուժի ցուցադրման մասին է:
Այսպես, վերջին ժամանակներս գնալով տարածվում է, այսպես կոչված, «Իրանի Նախիջեւանի ժողովրդական շարժումը» քիչ հայտնի կազմակերպության հորդորները, թե՝ Նախիջեւանի բնակչությունը սպասում է, որ Թեհրանը զորք կմտցնի այդ գոտի: Ընդ որում, ակնհայտորեն դա Բաքվին լրջորեն մտահոգել է, հաշվի առնելով, որ հարկ համարեցին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մակարդակով արձագանքել, թե՝ նման կոչեր տարածողը «ֆիկտիվ կազմակերպություն» է, որ «այդ սադրանքները, որոնք նպատակաուղղված են Ադրբեջանի դեմ, լրջորեն հետաքննվում են եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»: Լավ, եթե ինչ-որ «ֆիկտիվ» մեկը նստել ու համացանցում լուրեր է տարածում, ինչո՞ւ եք այդպես մտահոգվել ու «լրջորեն հետաքննում»:
Ապա ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են նույն ոճով. «Մեր երկրի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող հայտնի շրջանակների կողմից նման անհեթեթ ու սադրիչ տեղեկատվության հրապարակումն անընդունելի է...»: Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ «ֆիկտիվ կազմակերպությո՞ւն», թե՝ «թշնամական դիրքորոշում ունեցող հայտնի շրջանակներ»: Ու հարց է ծագում՝ այդ կոնկրետ ո՞ր «հայտնի շրջանակներին» նկատի ունեն Բաքվում: Իրանի՞ն: Այսինքն՝ հասնում ենք նրան, որ Թեհրա՞նն է սպառնում Նախիջեւան զորք մտցնել:
Չնայած, Նախիջեւանի թեման առաջին անգամ չէ, որ վերջին ժամանակներս այդքան աչքի ընկավ: Ավելի վաղ Իրանին Նախիջեւան զորք մտցնելու, նաեւ Ադրբեջանի հյուսիսային եւ հարավային փոքրամասնություններին պաշտպանելու մասին Մոսկվային եւ Թեհրանին ուղղված կոչեր լսվեցին թալիշներից եւ հյուսիսային լեզգիական ժողովուրդներից: Այն, որ այդ կոչերն Ալիեւին հղված նախազգուշացում էր՝ ամերիկաիսրայելյան խաղերից հեռու մնալու համար, այն ժամանակ ակնհայտ էր: Ու ահա հիմա այն տպավորությունն է, որ վիճակն էլ ավելի է սրվել: Արդեն այն աստիճան, որ Բաքուն հարկ է համարում դա ներկայացնել, որպես անվտանգային խնդիր, թերեւս դրանով ակնկալելով Անկարայի ավելի վճռական դիրքորոշումը: Այն դեպքում, երբ Անկարան Իրանի ուղղությամբ խաղում ունի սեփական խնդիրները: Մի կողմից, նրան դրդում են Իրանի, ապա նաեւ Ռուսաստանի հետ ուղիղ բախման, թեեւ Էրդողանը կարծես թե կասկածներ ունի, որ ամերիկյան բանակը տեսանելի ու շոշափելի ձեւով կգա օգնության: Գումարած, Նախիջեւանի նկատմամբ ՌԴ-ն եւ Թուրքիան ունեն նույն իրավունքները, եւ եթե Անկարան հրաժարվի դա հաստատող ռուս-թուրքական հայտնի պայմանագրային դաշտից, ապա միակ իրավականը կմնան ռուս-իրանական պայմանագրերը, որոնցով Նախիջեւանի կարգավիճակի հարցն ունի միանշանակ լուծում: Այսինքն, երբ ակնարկներ են հնչում՝ Նախիջեւան իրանական բանակը մտցնելու մասին, դա նաեւ Էրդողանի համար է հարցադրում՝ ո՞ր պայմանագրային դաշտում է նա իրեն տեսնում:
Մյուս կողմից, Էրդողանի համար խիստ վտանգավոր է նաեւ այն, որ Իրանի ուղղությամբ ծավալվող «հեղափոխական» գործընթացների մեջ, բացի Ալիեւից, Վաշինգտոնը ներգրավել է նաեւ քրդերին: Այսինքն, այս խաղի տակ առաջ է մղվում նաեւ Քուրդիստանի ստեղծման գաղափարը: Ու եթե դա ստացվի, հարց է, թե Թուրքիան այս տեսքով գոյություն կունենա՞: Կամ Ալիեւը, իր քրդական արմատներով եւ հրեա կնոջով հանդերձ, նման իրավիճակում ո՞ւմ «փոքր եղբայրը» կնախընտրի լինել:
Վերջապես, կողմնորոշվելու համար Էրդողանին եւ մյուս բոլոր խաղացողներին պետք են նաեւ ամերիկյան ներկա ընտրությունների արդյունքները: Բայդենն ու նրա լիբերալներն են, որ ՌԴ-ի դեմ պայքարը հասցրել են այս սրության, իսկ նրանց փոխարինելու եկող հանրապետականները գոնե մինչ այժմ խոսել են նման լարվածության թուլացման անհրաժեշտության մասին: Դե ուրեմն պետք է տեսնել, թե իրականում ի՞նչ քաղաքական կուրսի վրա է հայտնվում Վաշինգտոնը, ու Իրան-Հարավային Կովկաս ուղղությամբ այս սրացումները կշարունակվե՞ն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

