Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին
ՏնտեսությունՀայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը արտագնա աշխատողների համար հարկային լրացուցիչ բեռ չի ստեղծի:
«Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությամբ չի նախատեսվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, չի նախատեսվում որևէ նվազեցումների շրջանակ սահմանափակել: Եվ ահա այս տրամաբանության մեջ չի նախատեսվում նաև հարկային բեռի վերանայում՝ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: Ավելին՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաև արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-ասաց Պողոսյանը:
Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:

