ԵՐԲ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ԶՈՐ...
ՎերլուծությունԱրցախի ամբողջական շրջափակումը, որը հումանիտար աղետ ստեղծելու դիտավորություն ունի, Բաքվի կողմից մեկնաբանվում է առավել քան տարօրինակ` իբր Բերձորի ճանապարհները փակել են ռուս խաղաղապահները, իսկ Արցախի գազամատակարարումը անջատել են հայերը... Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլիսի Աքարը հայտարարել է. «Թուրքական բանակը, որը Բաքու էր եկել զորավարժությունների` կմնա Ադրբեջանում մինչև Զանգեզուրի միջանցքի բացումը»: Պատերազմը կրկին աքացիով բախեց մեր դուռը:
ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՎ ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Շատ խորհրդանշական էր, որ Բերձորի միջանցքը փակած ֆեյք բնապահպանների ձեռքում «խաղաղության» աղավնին խեղդամահ եղավ... Այսինքն` խունտայի հայտարարած «խաղաղության օրակարգը» պարզապես սատկեց:
Իսկ դեկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակում պարզվեց, որ 2018-ից ծլած այլանդակ կոնաձև տոնածառը կապիտուլյանտի, նրա խունտայի և ընդհանրապես բոլոր նիկոլականների համար մի տեսակ մոգական թալիսմանի սիմվոլիզմ ունի: ՀՀԿ-ի կազմակերպված հրատապ հանրահավաքից հետո, երբ մոտեցան տոնածառի վայրին, որպեսզի մոմավառություն կատարեն ի հիշատակ զոհված ռազմիկների, ոստիկաններն այնպիսի խիտ շղթա կազմեցին, որ կապիտուլյանտի շուրջ նույնիսկ կազմած չկային: Այսինքն` տոնածառը պաշտպանվում է ոչ միայն Արցախից լավ, այլ` նույնիսկ կապիտուլյանտից լավ...
Իսկ հետո Էռատոն` Աննա Հակոբյանը, իր էջում զետեղեց պատկեր, թե ինչպես է դիտում Ֆրանսիայի ֆուտբոլային խաղը, ինտերիերն էլ նման էր մերսման սրահի` մոմերով և տարատեսակ աքսեսուարներով... Մոմերն էլ նույնպիսին էին , ինչպիսին հրապարակ էին բերել ցուցարարները: Այսինքն` ռազմիկների հիշատակի և պայքարի սիմվոլիզմին ցուցադրաբար հակադրվեց «ֆրանսիական ձևի» զվարճանքի սիմվոլիզմ: Դա տիպիկ չհայի, հակահայի պատասխան էր, թե` վերջնական թաղեք Արցախը և անցեք զվարճանքի: Անմիջապես ցեղասպանության վտանգի առջև գտնվող Արցախի վերջնական մոռացություն է առաջարկվում...
Եվ դա հիշեցնում է, թե ինչու 1915-ին խելագարվեց Կոմիտասը: Ո՛չ, դա ջարդերի զարհուրելի պատկերից չէր, այլ` հնազանդաբար կոտորվելու հերթին սպասող և զվարճացող բնակչության պատկերից: Այն պատկերից, որ գավառներում թափով ընթանում էր կոտորածը, իսկ Պոլսում «յան» ազգանունով «բարձրաշխարհիկները» շարունակում էին զվարճանալ սրճարաններում և գինետներում:
Նմանությունն այնքան ակնառու է, որ Բերձորը հեռու չէ Տեր-Զոր դառնալու վիճակին: Եվ դա, ցավոք, «ժողովրդավարության բաստիոնի» ընտրաժեխի ընտրության հետևանքն է: Ինչպես նշում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Քաշաթաղի ճանապարհը չէր փակվի, հարյուրավոր այլ պրոբլեմներ չէին լինի, եթե ընտրողն ունենար պատասխանատվություն:
...Ընտրություն կատարելը յուրաքանչյուր մարդու քաղաքական որոշումն է: Հիմա ընտրողների մեծ մասն ասելու են, որ իրենք Նիկոլին չեն ընտրել: Այդ դեպքում ինչո՞ւ է կործանվում մեր բոլորի արյուն-քրտինքով ու համազգային ջանքերով կայացրած պետությունը: Ինչու՞ չի բացվում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը»:
Հարկ է նկատել, որ «թուրք» որակումից չվիրավորվող այս բոլուկը բուն թուրքից վտանգավոր է: Դա նորություն չի` դեռ մեր դիցաբանությունից հայտնի է, որ Բելը զտարյուն թշնամատեսակ չէր, այլ խառնածին էր, մեջը հայի արյուն կար: Եվ այն ամենը, ինչ անում են և՛ ՔՊ-ն իր թրքահարճ առաջնորդով, և՛ սրանց ընտրած ցածրախավները, լիովին տեղավորվում է Բելի սինդրոմի մեջ: Դրանք բոլորը Բելի ճտեր են` մեծ թե փոքր:
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Իսկ ԱԺ-ում ջանադրաբար «ինքնորոշման իրավունք» և «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» բանաձևումներից ինչպես սատանան խունկից խուսափող ՔՊ-ականների ջանքերի վերջաբանը Նիկոլի կոկորդիլոսի արցունքներն էին: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իրավամբ նկատում է` կառավարության նիստում լացակումած խոսելու և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու վերաբերյալ խոսելուց առաջ նախ հիշիր, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը: Կամ երբ այդ նույն փաստաթղթում ժամկետ էիք սահմանում Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձման վերաբերյալ ու մի ամսվա մեջ դրանք հանձնում, դու չէիր հա՞ ստորագրողն ու հանձնողը. «Հիմա էլ եկել է թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը»:
Բերձորի փակմանն ի պատասխան, այս անգամ հրապարակ որոշեց գալ ՀՀԿ-ն` շտապ հավաքի կանչելով բոլոր մտահոգ քաղաքացիներին: Ինչպես նշում էին սակավաթիվ և հակիրճ խոսող բանախոսները` այդ ակցիայի նպատակն էր ցույց տալ արցախցիներին, որ իրենք միայնակ չեն, ինչպես նաև ցույց տալ դրսի մեծ ու փոքր խաղացողներին, որ մեր երկիրը մատաղելու հաշվին իրենց հարցերը լուծողներին հակադրվողներ, չհամակերպվողներ, դիմադրողներ կան:
Ակցիային մասնակցում էր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց և լրագրողների հարցերին, պատասխանները հակիրճ էին և պարզ: Խուճուճաբանություններ սիրող «բազմոցային փորձագետներին նա ակնհայտորեն հիասթափեցրեց: «Պարոն նախագահ, ինչպե՞ս պետք է լուծվի Արցախի հարցը»,- «Այնպես, ինչպես լուծվեց 30 տարի առաջ»:
Նա նաև կրկնեց հայտնի, ակնհայտ, բայց ինտրիգների սիրահարների կողմից մոռացության մատնվող և ազգադավների կողմից մերժվող ճշմարտությունը. «Շատ պարզ բան կա. որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել»: Սերժ Սարգսյանը նաև համոզվածություն հայտնեց, որ Արցախն անձնատուր չի լինի: Իսկ Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսպես գնահատեց ՀՀԿ-ի ակցիան. «Այն ցույց տվեց, որ կա վերականգնվելու իրական ռեսուրս, այդ մարդիկ, ովքեր եկել էին հրապարակ, չեն հանձնվի երբեք: Շատերը այս փաստը ծանր են տանում, բայց խորհուրդ եմ տալիս չնեղվել, այլ համախմբվել, միասնական լինել: Հանրապետականների կադրային ռեսուրսը բավականին մեծ է, և նրանք, կարծում եմ, առանցքային դեր են խաղալու ապագա գործընթացներում: Երեկ (դեկտեմբերի 14-ին-խմբ.) իրենց մարդկային ռեսուրսի մի փոքր մասն էր, բայց կրկնվեմ` իրական էր, առանց կեղծիքի»:
Դե ինչ, մահաբեր խունտայի հեռացման ճանապարհի սկզբնաքայլն արված է: Հա, ի դեպ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը դավաճանության վերջին արարի մանրամասներ է բացահայտել: Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումն ու բարձրացված պահանջները վկայում են, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հետաձգման պատճառը մեր առաջին ենթադրությունն էր՝ հայ-ադրբեջանական հակամարտությանն իրավական լուծում տալուց առաջ Ալիևը ցանկանում է նոր զիջումներ կորզել Հայաստանից: Սակայն որպեսզի այդ գործընթացը լրացուցիչ ռիսկեր չառաջացներ Ադրբեջանի համար, պաշտոնական Բաքուն Փաշինյանից միջանկյալ փաստաթուղթ է ստացել, որտեղ նշված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խոսքն արդեն հիշատակված Պրահայի հայտարարության մասին է: Ու քանի որ այդ փաստաթուղթը ինչ-որ չափով քննադատվել է միայն Ռուսաստանի կողմից, Ալիևը Փաշինյանին Սոչի է տարել և ամեն ինչ արել, որպեսզի նույնաբովանդակ մի փաստաթղթի տակ ՌԴ նախագահի ստորագրությունն էլ դրվի: Դրանից հետո Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Ադրբեջանի համար զուտ ժամանակի հարց է դարձել: Նրանք պարզապես սպասել են Մանկական Եվրատեսիլի ավարտին և դեկտեմբերի 12-ին պաշարման մեջ առել Արցախի 120 հազար հայությանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


