Արման Ծառուկյանի փառահեղ հաղթանակը Լաս Վեգասում
ՍպորտԱյսօր առավոտյան, Հայաստանի ժամանակով 6։00-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC Vegas 66 մրցաշարի ժամանակ, թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ, ծնունդով Ջավախքից ԱՐՄԱՆ ԾԱՌՈւԿՅԱՆԸ, 3 ռաունդանոց մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովին, որը մինչև այս 25 անգամ էր դուրս եկել պրոֆեսիոնալ օկտագոն, տարել 24 հաղթանակ, կրել 1 պարտություն։
Արման Ծառուկյանը UFC -ի թեթև քաշային կարգի դասակարգման ցանկում զբաղեցնում է 9֊րդ տեղը, սակայն այս փառահեղ հաղթանակից հետո կառաջադիմի։ Մենամարտից հետո Արմանը այսպես է մեկնաբանել իր փառահեղ հաղթանակը.
«Այսօր ցուցադրեցի հնարավորություններիս ընդամենը 50 տոկոսը։ Շնորհակալ եմ բոլոր մարզիչներիս, որոնք օգնել են ինձ կարիերայիս ընթացքում։ Հենց նոր հաղթեցի մրցակցի, որը 19 անընդմեջ հաղթանակ էր տարել։ Նա ավելի ուժեղ է, քան շատերը լավագույն հնգյակից։ Տվեք ինձ թոփ ֊5֊ից որևէ մեկին։ Համարում եմ, որ 7 անընդմեջ հաղթանակ եմ տարել, քանի որ չեմ պարտվել Գամրոտին։ Նպատակս գալիք 2023 թվականին Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելն է։ Հենց նրա դեմ մենամարտով եմ մեկնարկել UFC -ում և կարծում եմ արժանի եմ տիտղոսային մենամարտի։ Հույս ունեմ, որը 2023 թվականը կլինի իմ տարին»։ Հայ մարտիկը 22 մենամարտ է անցկացրել MMA - ում, տարել 19 հաղթանակ, կրել 3 պարտություն։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը նախորդ մենամարտը անցկացրել էր հունիսին և մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել ազգությամբ լեհ Մատեուշ Գամրոտին։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

