Անկարան կարո՞ղ է ռազմական «ձեռնոց նետել» Մոսկվային
ՎերլուծությունԱմեն դեպքում, երբ գնալով ակնհայտ է դառնում, թե ինչ սիրախաղեր է Արեւմուտքը սկսել Ալիեւի հետ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=244377&l=am), ապա դա արդեն իսկ երկու առանցքային գործոնի մասին է խոսում: Նախ, այն գլոբալ շահերը, որոնք Արեւմուտքն ի ցույց է դնում Հարավային Կովկասում (եւ ոչ միայն)` շեշտը դնելով Ադրբեջանի վրա, արդեն իսկ նախատեսում է տարածաշրջանում Հայաստանի համար ստորադասական դիրք: Արդյունքում, իհարկե, պատահական չէ, Եվրոպան այս պահին պարզ ցույց տվեց, որ թքած ունի, թե ինչ կկատարվի արցախահայության հետ, թեեւ շարունակելու են Նիկոլին պարտադրել` արեւմտյան թեւի վրա խաղալ:
Եվ երկրորդը, նման գործընթացի համար Ադրբեջանը ուզած-չուզած սկսում է գործել հակառուսական եւ հակաիրանական դաշտում: Այս դեպքում ՌԴ-Իրան առանցքի համար եւս էական նշանակություն է ստանում Հայաստանն այդ տիրույթում պահելը, եւ, բնականաբար, նորից ճնշումներն ուղղվում են Նիկոլին:
Այսպիսով, ի՞նչ է ուզում Արեւմուտքը մեր տարածաշրջանում: Դա կարծես թե ակնհայտ է` մտածում են Կենտրոնական Ասիայից` Ադրբեջան եւ այնտեղից էլ Թուրքիայով Եվրոպա գազ տանելու ու Ռուսաստանից գազային կախվածությունը վերացնելու մասին: Ու հասկանալի է, որ դրանով նաեւ վերահսկողության տակ կպահեն չինական եւ հնդկական կոմունիկացիոն մեգածրագրերը` «Մետաքսի ուղին» եւ «Հյուսիս-Հարավը»: Իսկ Թուրքիայի համար այս ամենը, որպես «պրիզ», նաեւ պանթուրքիստական երազանքների իրականացումը կդառնա:
Այսպիսով, պատահական չէ, որ արդեն իսկ որոշակի հրապարակային սրացումներ են նկատվում մի կողմից` թուրք-ռուսական եւ մյուս կողմից` թուրք-իրանական հարաբերություններում, որն ակտիվորեն փորձում է թեժացնել Արեւմուտքը: Ընդ որում, թուրք-ռուսական սրացումները եւս սկսել են հրապարակային հարթակ դուրս գալ: Այսպես, նախօրեին ՌԴ-ից, Պետդումայի պատգամավորների մակարդակով հայտարարություններ լսվեցին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա Անդրկասպյան գազատարի կառուցումը Թուրքմենստանից` Ադրբեջան: Գրեթե անմիջապես արձագանքեց Անկարան` Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հայտարարության տեսքով, թե աշխատանքային խումբ են ստեղծելու՝ Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի առաքման «Ճանապարհային քարտեզ» մշակելու համար:
Սակայն այստեղ բոլորն են հասկանում, որ իրավական տեսանկյունից այս հարցը հեռանկար չունի: Նման գազատարը կարող է միայն Կասպից ծովով անցնել, որի կարգավիճակի մասին փաստաթղթի համաձայն, որը ստորագրել են մերձկասպյան հինգ երկրները, նրանք բոլորը պետք է համաձայնեն բնապահպանական անվտանգության առումով զգայուն նախագծերի իրականացման համար: Իսկ գազատարը, հասկանալի է, հենց այդպիսի նախագիծ է, ասել է թե՝ առանց ՌԴ-ի եւ Իրանի համաձայնության այն չի կարող անգամ օրակարգ գալ:
Բայց մյուս կողմից դա հասկանում են նաեւ Թուրքիայում: Նաեւ, որ կա իրավական լուծում թույլ չտվող գործընթացին այլ լուծում տալ, եւ տվյալ դեպքում դա կարող է լինել ուժայինը: Այսպիսով, պատրաստվո՞ւմ է Թուրքիան, ՌԴ-ի եւ Իրանի հանդեպ գնալ ուժային լուծումների: Եթե կարողանա, իհարկե, կգնա: Բայց իր ուժով չի կարող, հույսը Արեւմուտքն է: Ընդ որում, Արեւմուտքն էլ չի կարող: Ամերիկյան ինչ-որ կոնգրեսմեն նախօրեին խոսեց Ռուսաստանին երեք օրում հաղթելու ՆԱՏՕ-ի հնարավորությունների մասին: Ռուսական աղբյուրներից մեկն էլ պատասխանելով, ամենեւին էլ չխորացավ դետալների մեջ` կարող են, թե միգուցե հակառակը կլինի: Նա պարզապես հանգիստ ակնարկեց` «Այդ երեք օրը դեռ գոյատեւել է պետք»: Իմաստը երեւի սույն ամերիկյան կոնգրեսմենի համար էլ հասկանալի լինի. միջուկային զենքի առկայության պարագայում ՌԴ-ՆԱՏՕ պատերազմը ոչ թե օրեր, այլ` ժամեր է տեւելու: Ընդ որում, անգամ ուկրաինական պատերազմն այստեղ բան չի փոխում: Բանն այն է, որ Ռուսաստանը, ինչպես երեկ հայտարարվեց Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո, արդեն Բելառուսում տեղադրել է ինչպես C-400-ներ, որոնք կարող են կանգնեցնել արեւմուտքից արեւելք թռչող հրթիռների զգալի մասը, այլ նաեւ «Իսկանդերներ», չհաշված «Կինժալ» հիպերձայնային հրթիռները: Դրանք, ինչպես հայտարարեց Լուկաշենկոն, կունենան «հատուկ զինամթերք», եւ հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է: Այսինքն, ողջ Արեւելյան Եվրոպան է հայտնվում թիրախում, ինչը ՌԴ-ի համար խնդիր էր, հաշվի առնելով, որ Ուկրաինան խանգարում է, եւ Արեւելյան Եվրոպան թիրախավորելու համար կարող էր միայն հեռահար բալիստիկ հրթիռներ օգտագործել, որոնք հիմնականում թիրախավորում են ամերիկյան մայրցամաքը: Գումարած ռուսական հիպերձայնային տեխնիկան, եւ ստացվում է ամենեւին էլ ոչ ԱՄՆ-ի օգտին ստրատեգիական բալանս:
Ահա, հենց այս ուժային հարաբերակցությունը պետք է հաշվի առնի Թուրքիան, եթե մտածում է ՌԴ-ի հետ ուժային լուծումների մասին: Եթե չի մտածում, ուզում է մնալ իրավական դաշտում, ապա այս դեպքում Կասպից ծովը կմնա փակ:
Չնայած, նաեւ հարց է, թե Անկարան իրո՞ք լրջորեն է մտածում Կենտրոնական Ասիայի էներգակիրների մասին: Թե՞, այնուամենայնիվ, նախապատվելի կհամարի ՌԴ-ի առաջարկած սցենարը, որը շատ ավելի իրատեսական է եւ կարող է Թուրքիային վերածել դեպի Եվրոպա ուղղությամբ հիմնական գազաբաշխման կետի: Ճիշտ է, այս դեպքում պետք է պանթյուրքիզմից հրաժարվի, բայց դե «նաղդ գազը նիսյա պանթյուրքիզմի հետ» էլ համեմատելն է անիմաստ:
Այս ընդհանուր իրավիճակը երեւի նաեւ Նիկոլի համար է խիստ կարեւոր: Ամեն դեպքում, երեկ նա շտապեց պաշտոնապես ազդարարել, թե ամսի 26-27-ին մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Այն դեպքում, երբ սովորաբար նման այցերի մասին մեկ-երկու օր առաջ է հայտնում: Այսինքն, պետք է սպասել, որ վաղը Լաչինի միջանցքը կբացվի՞...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

