2022 թվականին գրանցել ենք այցելուների ամենամեծ թիվը.ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Եթե ամփոփենք 2022 թվականը, ինչպիսի՞ տարի էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի համար:

— Տարին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի համար կարելի է բավական արդյունավետ համարել: Անկախ Հայաստանի պատմության մեջ 2022 թվականին գրանցել ենք ամենաշատ այցելուների թիվը: Միայն «Էրեբունի» թանգարանը ներկա դրությամբ ունի 37 հազար 500 այցելու: Իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2019 թվականին` 31 հազարից մի փոքր քիչ այցելու: 2022-ին համագործակցել ենք այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են` Լուվրը, Սանկտ Պետերբերբուրգի  «Էրմիտաժը», Պուշկինի անվան Գեղեցիկ արվեստների պետական թանգարանը, Բրիտանական թանգարանը եւ այլն: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ Լուվրի աջակցությամբ՝ հիմա աշխատաում ենք մի կարեւոր ծրագրի վրա: 200 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրվել «Էրեբունի» թանգարանին, որպեսզի 2024 թվականի գարնանը ամբողջովին փոխվի «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը: Չափազանց կարեւորում ենք նաեւ ռուսաստանյան մեր գործընկերների հետ համագործակցությունը: Այս առումով ուղղակի պետք է նշեմ, որ շատ կարեւոր համագործակցություններ գրանցեցինք Էրմիտաժի պետական թանգարանի, Պուշկինի գեղեցիկ արվեստների պետական թանգարանի եւ Ռուսաստանի ռեեստավրացիոն ինստիտուտի հետ: Վերջին երկու հաստատությունների հետ հնարավոր եղավ կազմակերպել կարեւոր վարպետաց դաս ոչ միայն «Էրեբունի» թանգարանի, այլեւ ՀՀ տարբեր վերականգնողների համար` ուրարտական որմնանկարների ամրակայման, վերականգնման եւ պահպանության վերաբերյալ: Այն անցկացվեց երկու փուլով, ինչի շնորհիվ փրկվեցին մի շարք ուրարտական որմնանկարներ: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ փոխել ենք մեր հնագիտական ֆոնդը, այն դարձել է անճանաչելի՝ վերազինվելով էլեկտարականությամբ աշխատող հատուկ չհրկիզվող պահարաններով, ունենք նոր գրադարան, նոր խոհանոց: Ամբողջ «Էրեբունի» ամրոցի տարածքը շրջապատվել է նոր լուսավորությամբ: Տեղադրվում են նոր ցուցանակներ: Աշնանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ Էրեբունի թանգարանում կազմակերպեցինք շատ կարեւոր միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Լուվրի, Էրմիտաժի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի մեր գործընկերները: Եվ նաեւ շատ կարեւոր էր Կարմիր բլուրում քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» ծրագրով իրականացված գործողությունները, որի շնորհիվ այսօր Կարմիր բլուրն ունի լուսավորություն, տեսախցիկներ` անվտանգության համակարգով, նստարաններ, նոր ավտոկայանատեղի, պահակակետ, զուգարան...Կարմիր բլուրը դարձել է շատ սիրելի վայր տեղացիների ու նաեւ զբոսաշրջիկների համար: Շենգավիթում չափազանց կարեւոր էր լույսերի հարցի լուծումը, որովհետեւ էլեկտրականությունը շատ ցածր լարման տակ էր աշխատում: Մենք շատ մոտ ենք ջրի հարցը լուծելուն: Եվ հիմա աշխատում ենք նոր ցուցադրության հայեցակարգի վրա: Հնագիտության եւ ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ այնպիսի հեղինակավոր ինստիտուտի, ինչպիսին Լոս Անջելեսի համալարանի Քոթսենի հնագիտության ինստիտուտն է, «Էրեբունի» ՊՀԱԹ-ը համատեղ ձեռնամուխ եղավ Սեւանի ավազանի հնագիտական ժառանգության նվիրված մոտ 500 էջանոց հատորի հրատարկմանը: Այն լույս է տեսել ընդամենը շաբաթներ առաջ: Դա չափազանց կարեւոր ձեռքբերում է հայագիտության համար: Արդեն ավարտին ենք հասցնում Գիշյան հիմնադրամի կողմից մեզ տրամադրված դրամաշնորհով «Վիրտուալ իրականության» ծրագիրը, որով Էրեբունու այցելուները հնարավորություն կունենան ակնոցը կրելով՝ վիրտուալ ուղեւորություն կատարել դեպի Արգիշտի Առաջինի ժամանակաշրջան: Շրջել Իուբշա աստծուն նվիրված տաճարում, տեսնել, թե ինչպես է Արգիշտին հիմնադրում Էրեբունի Երեւանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրությունը:

— Պարոն Բադալյան, տարվա ընթացքում ի՞նչ կրթական ծրագրեր եք իրականացրել:

— Բազմաթիվ կրթական ծրագրեր ենք իրականացրել տարբեր սոցիալական խավի ներկայացուցիչների համար: Շատ եմ կարեւորում «Պատանի հնագետի դպրոցը», որն իր բնույթով տարածաշրջանում միակ ուսումնական-կրթական ծրագիրն է եւ գործում է անվճար-հիմունքներով: Հայ-ֆրանսիական արշավախումբը Էրեբունիում եւ հայ ավստրիական արշավախումբը Կարմիր բլուրում գրանցեցին շատ լուրջ հաջողություններ, որոնց մասին մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում խոսել ենք: Թանգարանը ունեցավ հագեցած լաբորատորիա` ժամանակակից մանրադիտակով, չհրկիզվող պահարանով, վերականգնման եւ ամրակայման համար նախատեսված կարեւոր պարագաներով: Էրեբունու լաբորատորիան այսօր Հայաստանում ամենակոկիկ եւ հագեցածներից մեկն է: Բավական աճել են թանգարանի ֆինանսական մուտքերը, ծրագրերը: Մենք դեռ շատ գործ ունենք անելու: Առիթից օգտվելով՝ մեր բոլոր աշխատակիցներից՝ մաքրուհիներից մինչեւ փոխտնօրեն, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բավականի լուրջ աշխատանք իրականացնելու համար:

— Համացանցում էր հայտնվել երկու զբոսաշրջիկների 18+ տեսանյութը՝ նկարահանված «Էրեբունի» թանգարանի տարածքում: Ինչպիսի՞ ավարտ ունեցավ այս տհաճ պատմությունը:

— Այժմ քննություն է ընթանում, քննությունն էլ, կարծում եմ՝ կպարզի: Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, երբ կավարտի քննությունը, նոր կկարողանամ դրա մասին խոսել: Այդ տհաճ պատմությունները, որքան էլ տարօրինակ է մեզ համար, նաեւ շատ հարցերի պատասխաններ տվեցին: Այդ տհաճ պատմությունից հետո մենք ձեռք բերեցինք բազմաթիվ նոր բարեկամներ: Հասկացանք, որ կան շատ, նույնիսկ կասեի, բավական շատ մարդիկ, ովքեր գնահատում են այն ամենը, ինչն անում ենք: Այդպիսի տհաճ պատմություններ եղել են նաեւ այնպիսի հռչկավոր հուշարձանում, ինչպիսին Ակրոպոլիսն է: Նաեւ Ֆրանսիայում է եղել եւ այլ երկրներում: Դա հոգեկան խանգարում կամ մոլագարություն ունեցող մարդկանց դրսեւորում է, որն ամեն տեղ կարող է լինել: Շատ մարդիկ մեզ զանգեցին, սատարեցին, եկան: Եվ մենք հասկացանք, թե ինչքան շատ աջակիցներ ունի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը: Սա մեզ համար չափազանց մեծ գրավական է: Իհարկե, եղան նաեւ հարվածողներ, այս ամենն օգտագործող ինքնահաստատվողներ, եղան մարդիկ, որոնցից աջակցություն էինք ակնկալում, բայց դա այդքան էլ չստացանք: Յուրաքանչյուր ցավոտ պատահար պետք է օգտագործել որպես կա՛մ արգելակիչ ինչ-որ նոր բանի, կա՛մ՝ վերելքի խթանիչ: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023 թվականից:

— 2023 թվականին շատ աշխատանքներ կան իրականացնելու: Գրեթե մոտ ենք ավարտական տեսքի բերելու թանգարանի ցուցադրության փոփոխության համար նախատեսվող հայեցակարգը: Եվ ամենայն հավանականությամբ հունվարի վերջին կլինի հատուկ մրցույթ: Այսինքն` ինչ-որ կազմակերպություն պետք է այդ մրցույթը շահի, որ դիզայնը, գծագրությունը եւ այլն այդ ամենն իրականացնի: Փետրվար ամսին պետք է նաեւ այցելեմ Էրմիտաժ: Թերեւս պետք է բավականին լավ համագործակցության նոր փուլ արձանագրենք Էրմիտաժի հետ: Եվ մեզ համար շատ կարեւոր է լինելու Շենգավիթի թանգարանի ցուցադրության փոփոխությունը, որը ուզում ենք իրագործել 2023 թվականի աշնանը: «Արտիս ֆուտուրա» ֆոնդի աջակցությամբ  նախատեսվում է տպագրել թանգարանի նոր շքեղ կատալոգը եւ Կարմիր բլուրի մասին պատմող շքեղ ալբոմը: Կլինեն էլի ուրիշ հրատարակություններ... Պետք է մարքետինգային ու մենեջմենթի առումով մեր հուշանվերների կրպակը փոխել: Կարմիր բլուրն անհրաժեշտ է դարձնել զբոսաշրջային կարեւոր կետ, որի ուղղությամբ հիմա աշխատում ենք: Մեծ ակնկալիքներ կան պեղումներից, որովհետեւ Կարմիր բլուրում հայտնաբերել ենք մոնումենտալ կառույց, որն իր զուգահեռը չունի ՀՀ-ում: Շարունակելու ենք մեր կրթական, գիտական ճանաչողական աշխատանքը: Պետք է շատ աշխատել, որովհետեւ ամեն մեկս մեծ գործ ունենք անելու մանավանդ այս դժվար ժամանակներում:

— Թանգարանի տարածքում առկա վանդալիզմի հետքերը վերացնելու հետ կապված որեւէ աշխատանք արվելո՞ւ է:

— Վանդալիզմի հետքերի հետ կապված Ռուսաստանի Պուշկինի թանգարանի եւ Ռեստավրացիոն ինստիտուտի աշխատակիցների հետ մանրամասն քննարկում ենք խնդիրը, որը շատ ավելի խորքային է: Խոսել ենք տարբեր հեղինակավոր մասնագետների հետ, թե ինչպես վերացնենք դեռեւս 80-ականներին եւ այնուհետեւ հետագա հաջորդ երկու տասնամյակներին Էրեբունի ամրոցի խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծած պատերին արված այդ վանդալիզմի հետքերը, բայց մոտեցումները տարբեր են: 2023 թվականի մայիսին դարձյալ փորձելու ենք այս թեմայով խոսել, որովհետեւ շատ բաներ կան, որ մեզնից կախված չէ: Կա հատուկ խորհուրդ, եւ ինչ էլ որ լինի, վերջին խոսքը լինելու է գիտամեթոդական խորհրդինը: Այսինքն` այստեղ պետք է գալ կոնսենսուսի, իսկ ռեստավրացիայի առումով կան տարբեր մոտեցումներ... Ապրիլին արդեն մեր ֆրանսիացի գործընկերների հետ Կարմիր բլուրում ուրարտական շինարարական տեխնոլոգիաներին բնորոշ աղյուսի արտադրության երկրորդ փուլն է սկսվելու, եւ նախատեսվում է արտադրել աղյուսներ` վերգետնյա արտադրամասում: Իսկ ամռանը այդ աղյուսներով փորձել ամրակայել Էրեբունու եւ Կարմիր բլուրի մի շարք վնասված ու ամրակայման ենթակա հատվածները: Ունենալու ենք նոր ժամանակավոր ցուցադրություններ, կարծում եմ՝ նաեւ մինչ այդ չեղած աննախադեպ միջոցառումներ: Այնպես որ, 2023 թվականին անպայման այցելեք Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում