«Աղջկաս գրած՝ «պապիկ ջան, ծնունդդ շնորհավորը» իրեն ավելի էր ուրախացնում, քան շքեղ նվերները».ԴԱՎԻԹ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Մշակութային

 Հունվարի 23-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դերասան ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ կդառնար 100 տարեկան: Թե ինչպիսին էր սիրված արտիստը բեմից այն կողմ՝ ընտանիքում, «Իրավունքը» բացառիկ մանրամասներ է պարզել նրա որդու՝ ԴԱՎԻԹ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

— Պարոն Խաչվանքյան, Ձեր հայրը սիրո՞ւմ էր նշել իր ծննդյան օրը:

— Սիրում էր միայն մոտիկ մարդկանց հետ իր ծննդյան օրը նշել: Երիտասարդ տարիներին ռեստորանում էր նշում, բայց հետո, երբ առողջական խնդիրներ ունեցավ, տանն էր նշում:

— Իսկ նվերներ ստանա՞լ…

— Սիրում էր նվերի փաստը, ոչ թե թանկարժեքությունը: Հիշում եմ, երբ  աղջիկս նոր էր գրել-կարդալ սովորել, նրա գրած՝ «Պապիկ ջան, ծնունդդ շնորհավորը» իրեն ավելի էր ուրախացնում, քան շքեղ նվերները:

Պապիկ-թոռնիկ հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

— Աղջկաս անունը Ելենա է, բայց հայրս նրար «կուկլա ջան» էր ասում: Շատ էր սիրում: Թոռնիկն իր վերջին տարիների գլխավոր ուրախությունն էր:

— Բեմում հումորով, կենսախինդ էր, իսկ բեմից դուրս՝ ընտանիքում հումորո՞վ էր:

— Նա կյանքում տարբերվում էր իր բեմական կերպարից: Կատակի ժամանակ կատակում էր, իսկ լուրջ հարցերին լուրջ էր վերաբերվում: Շատ բարի մարդ էր: Սակայն դրա հետ մեկտեղ՝ շատ պահանջկոտ էր: Պետք է անպայման դասերս սովորած լինեի: Բայց ավելորդ խստություն չուներ: Նրա խստության մեջ էլ բարություն կար:

— Ի՞նչը կարող էր նրան բարկացնել:

— Բարկանալ ասելով՝  չի նշանակում, որ անպայման նա պետք է բղավեր: Ուղղակի, ժամանակի տարբեր երեւույթներ իրեն դուր չէին գալիս: Եվ նա դա էր քննադատում, բայց էմոցիոնալ չէր արտահայտվում:

Ի՞նչն էր քննադատում:

— Խորհրդային ժամանակների եւ արդեն անկախ Հայաստանի արատավոր այն երեւույթները, որոնք արժանի էին քննադատության:

«ԾՆՈՂՆԵՐՍ, ՉՆԱՅԱԾ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒՆ, ՄՆԱՑԻՆ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ԻՐԱՐ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ»

— 1990-ական թվականների դժվարությունները՝ կտրոնով հերթերը,  մութ եւ ցուրտ տարիներն ինչպե՞ս էր հաղթահարում:

— Ցրտին խոհանոցում ֆուչիկա էինք վառում եւ բոլորս միասին այնտեղ տաքանում էինք: Հետո քնում սառը ննջարանում: Բայց նա դրանից չէր դժգոհում: Շատ ծանր տարիներ էին: Հիշում եմ՝ կտրոնով հաց էին վաճառում, եւ սարսափելի հերթեր էին լինում: Իրեն ժողովուրդը հենց տեսնում էր, անմիջապես հերթը զիջում էր: Ասում էին՝ Կարպին հացը տվեք, թող գնա: Ինքը կուզենար հերթ կանգներ, բայց ժողովուրդն իրեն այնքան էր սիրում, որ չէր թողնում հերթ կանգնի: Նավթի հերթեր էլ էին լինում: Եվ երբ աշխատավայրում զբաղվածության պատճառով չէի կարողանում գնալ նավթ գնելու, հայրս էր գնում: Իրեն անմիջապես հերթը զիջում էին ու հետո նավթի տարան ձեռքից վերցնում (որ ծանր-ծանր չգնա), ուղեկցում էին տուն: Շուկայի կողքով, որ անցնում էր (նրան ծանրություն վերցնել չէր կարելի), մեկ էլ կգար՝ մի մեծ ձմերուկ ձեռքին: Ասում էի՝ ինչո՞ւ ես բերել: Ասում էր՝ ի՞նչ անեի, մարդը նվիրեց:

— Իր երկրպագուների մեջ, բնականաբար, եղել են նաեւ պաշտոնյաներ: Նա երբեւէ որեւէ խնդրանքով դիմե՞լ է նրանց:

— Ոչ, նա երբեք չէր օգտվում այդ հանգամանքից: Չէր սիրում խնդրանքով որեւէ մեկին դիմել: Կարեն Դեմիրճյանի հետ նա շատ ջերմ հարաբերություններ ուներ, բայց երբեք չէր օգտվում դրանից: Հիշում եմ՝ խորհրդային տարիներին կոստյում դժվարությամբ կարող էիր գնել: Մայրս բավականին երկար նրան համոզում էր, որ գնայինք Աբովյան փողոցում գտնվող Մանկական հանրախանութ եւ դիմեինք տնօրենին, որը մեր հարեւանն էր՝ ինձ համար կոստյում գնելու հնարավորություն ունենալու համար:

— Կպատմե՞ք Ձեր մայրիկից:

— Մայրիկիս ընտանիքը 1946 թվականին Բուլղարիայից հայրենադարձել էր Հայաստան: Մայրս ֆրանսերենի մասնագետ էր: Սկսել էր դպրոցում դասավանդելուց, այնուհետեւ աշխատում էր Վ. Բրյուսովի անվան պետական ինստիտուտում, հետո Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես ֆրանսերեն լեզվի դասախոս: Ծնողներս, չնայած ամուսնալուծվելուն, մնացին լավ ընկերներ եւ իրար հարազատ մարդիկ: Բոլոր մեր ծնունդներն ու նորտարիները միասին էինք նշում:

— Մութ եւ ցուրտ տարիներին շատերը մեկնեցին հայրենիքից: Ձեր հայրիկը երբեւէ ցանկացե՞լ է բնակություն հաստատել օտար երկրում:

— Նա չէր պատերացնում իր կյանքը Հայաստանից դուրս: Իրեն հատուկ հրավերներ եղել են Միացյալ Նահանգներ մեկնելու, բայց նա միայն հյուրախաղերով  է գնացել, այն էլ՝ թատերախմբի հորդորներին հետեւելով: Նույնիսկ մեկ ամսով Հայաստանից գնալն իր համար խնդիր էր:

— Արվեստում մոտեցումներն ինչպիսի՞ն էին: Խի՞ստ էին:

— Այո, նույնիսկ մեր լավ ծանոթի երեխան ավարտել էր Թատերականը, եւ հորս առաջարկեցին, որ վերցնի աշխատանքի: Բայց նա ասաց՝ չեմ վերցնի, անշնորհքի մեկն է: Աշխատանքի հարցերում շատ պահանջկոտ էր: Բայց երբ տեսնում էր ընդունակ, խոստումնալից երիտասարդի, որքան կարող էր, օգնում էր, առաջ էր տանում, բեմ էր բարձրացնում:

«ՏԵՍՆԵԼՈՎ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է, ՎԱՂՈՒՑ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՄ՝ ՀԱՅՐՍ ՃԻՇՏ ԷՐ»

— Թատերական աշխարհից ո՞ւմ հետ էր մտերիմ:

— Հայրիկիս երկու մտերիմ ընկերները՝ Դավիթ Երզնկյանն ու Գեղամ Ոսկյանը, երիտասարդ տարիքում մահացան: Մտերիմ էր նաեւ Ժիրայր Անանյանի, Երվանդ Ղազանչյանի, Սվետլանա Գիգորյանի, Մայիս Կարագյոզյանի հետ: Ցավոք, իրենք էլ են մահացել: Հորս մահից հետո Սվետլանա Գրիգորյանը զանգում էր եւ ինձ հետ ժամերով զրուցում:

— Նրա մահից հետո Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ կապը մնացե՞լ է:

— Ցավոք, ես այդքան էլ թատերասեր չեմ, բայց երբեմն հաճախում էի: Երվանդ Ղազանչյանի մահվանից հետո չեմ եղել թատրոնում:

— Ասում եք՝ թատերասեր չեք, մասնագիտությամբ էլ կենսաբան եք: Նա ինչպե՞ս ընդունեց Ձեր մասնագիտության ընտրությունը:

— Չեմ հիշում, որ տարիքում ընդունվեցի երաժշտական դպրոց: Սակայն ծնողներս շուտ հասկացան, որ ինձնից երաժիշտ դուրս չի գա: Հայրս շատ լավ ընդունակություններ ուներ, իսկ ես՝ ոչ: Որոշեցին ինձ չտանջել: Անպայման չէ, որ դերասանի որդին դառնա դերասան, իսկ բժշկինը՝ բժիշկ: Ես դարձա կենսաբան եւ մինչ օրս աշխատում եմ իմ մասնագիտությամբ՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում:

— Երբ ընդունվեցիք աշխատանքի, բնականաբար, կոլեկտիվում շշուկներ եղած կլինեն, որ իրենց մոտ աշխատանքի է ընդունվել Կարպ Խաչվանքյանի որդին…

— Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, շատերին թվում էր՝ շատ ուրախ մարդ եմ, բոլորին կզվարճացնեմ: Հետո հասկացան, որ սխալվել են՝ իրականում այդպիսին չեմ:

— Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ անկախության տարիներին կատարվող իրադարձություններին ինչպե՞ս էր արձագանքում Ձեր հայրը:

— Իրեն շատ երեւույթներ դուր չէին գալիս, որ կատարվում էին երկրում 1990-ական թվականների սկզբին: Թեեւ բոլորից լավ գիտեր Խորհրդային Միության թերությունները, բայց չէր գտնում, որ սա ավելի դրական համակարգ է: Եվ ասում էր՝ այսպես ավելի վատ է: Հիշում եմ՝ նրա հետ վիճում էի անկախության, ազատության թեմայով: Հայրս ասում էր՝ անկախությունն ու ազատությունը, բնականաբար, լավ է, բայց այն, ինչ կատարվում է, բացարձակ դրական չէ:

— Չե՞ք կարծում, որ կյանքը ցուց տվեց, որ  Ձեր հայրը ճիշտ էր:

— Այո, ապրելով եւ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է, վաղուց հասկացել եմ, որ նա ճիշտ էր: Հայրս ավելի խորն էր այդ հարցերին վերաբերվում, քան մեր ոգեւորված մեծամասնությունը, որի մեջ նաեւ ես էի: Մենք այդ ամենն ընդունում էինք ծափահարություններով՝ չհասկանալով, թե ուր ենք գնում, եւ ինչ է սպասվում մեզ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում