Մխիթարյանի համեստությունից շոկի մեջ էի, նա մեր կուռքն է. Սպերցյան
ՍպորտՀայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ.
«Մխիթարյանի հետ ծանոթացա Մակեդոնիայում, հավաքականի տեսական պարապմունքի ժամանակ։ Հենրիխը եկավ եւ ասաց ինձ․ «Ողջույն, Էդ ջան»։
Հետո ընթրիքի ժամանակ նայում եմ՝ Հենրիխը, Խորիկը նստած են սեղանի շուրջ, մեկ տեղ ազատ է։ Մտածում եմ՝ միթե՞ նստեմ այնտեղ: Կարծես՝ վախենում էի: Իսկ Խորիկն ասում է՝ հա, արի, մի քաշվիր, նստիր։ Ես նստեցի ու աղցան վերցրի։ Նրանք բոլորը «հարձակվեցին» ինձ վրա և ասացին. «Երբեք աղցան չէր ուտում, իսկ հիմա Հենրիխը եկել է, աղցան վերցրեց», Հենրիխն ասաց՝ «Հանգիստ, ուշադրություն մի դարձրու»։
Հենրիխը մեզ համար կուռք է։ Նա շատ համեստ է, զրուցասեր, բոլորին ջուր կլցնի։ Նա հասարակ է, ես շոկի մեջ էի դրանից»,- պատմել է Սպերցյանը «Коммент.Шоу»-ի եթերում։
Էդուարդը ասել է նաեւ, որ Մխիթարյանին ցույց է տվել լուսանկարը, թե ինչպես է վերջինս հավաքականի խաղի ժամանակ Սպերցյանի ձեռքը բռնած դուրս բերել խաղադաշտ։

