«Այլեւս չեմ կարողանում լռել՝ այդ ո՞ւմ եք խաբում, ո՞ւմ եք էշի տեղ դնում».ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է դերասան ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Ձեզ չենք տեսնում էկրաններին, ո՞րն է պատճառը, որ դադարել եք նկարահանվել:

— Մեր երկրում այնքան պրոբլեմներ կան, որ ես ինձ չեմ կարող թույլ տալ՝ մարդկանց ծիծաղեցնել: Այսօր բոլորիս սիրտը ցավում է, ո՞նց ծիծաղեցնեմ:

— Մեր երկրում ի՞նչը չեք կարողանում հանդուրժել:

— Երկրի պետական համակարգում կա համատարած գլոբալ անգործություն: Ես ափսոսում եմ այն մեծ ներդրումը, որ արվել է Պարեկային ոստիկանության համար, որովհետեւ մի քանի տարի հետո փոշիանալու է այնպես, ինչպես միշտ եղել է: Մի քանի տարի հետո այդ մեքենաները պետությունից դուրս կգրեն, իրար մեջ-մեջ կանեն: Ու այդ համակարգը կփլուզվի: Ես չեմ ուզում սեւացնել այդ համակարգը, որովհետեւ իրականում մարդիկ կան այնտեղ աշխատող, որոնք հասկացել են իրենց աշխատանքի առաքելությունը: Ուղղակի, ուզում եմ, որ այդ համակարգը ճիշտ աշխատի, մեր պետությունը, ի վերջո, ճիշտ կետից սկսի: Իսկ այս պահին ես տեսնում եմ ուրիշ բան, որ մեր իշխանության կոպեկ-կոպեկ հավաքելու քաղաքականությունը սկսվում է ուրիշ տեղից, ուրիշ կետից:

— Դուք վերջերս կոնֆլիկտ ունեցաք պարեկների հետ: Ինչո՞ւ չեք ընդունում այն փաստը, որ սխալ եք եղել, տուգանվել եք: Միգուցե դրա համա՞ր եք մեղադրում պարեկային ծառայությանը:

— Լուսարձակների հետ կապված՝ պարեկների հետ իմ ունեցած կոնֆլիկտը շատերը սխալ են հասկացել: Ես պետությունից արտոնություններ չեմ ուզում: Միգուցե կարողանամ իրավունք վերապահել իմ մեքենայի համար, բայց ոչ թե ինձ համար: Ինձ, օրինակ, ասում են՝ մեղավոր ես, տուգանվել ես լուսարձակների համար, էլ ի՞նչ ես ուզում: Նախ՝ սկսենք նրանից, որ ես մեղավոր չեմ, որովհետեւ օրենքն ուժի մեջ էր մտել 2007թվականից, գրեթե բան չկար այդ լուսարձակների մասով: Այնտեղ ավելի շատ կար հակաառեւանգման, ձայնաազդանշանային համակարգերի մասին: Լույսերի մասին մի տողով էր ինչ-որ բան գրված: Լավ, ընդունենք, որ 2007թվականին ինչ-որ մեկը գրել է այդ օրենքը, ու ընդունվել է, բայց օրենքը գրելիս որեւէ մեկը տեղյա՞կ էր, որ 2020 թվականին պատերազմ կլիներ…Պատերազմի ժամանակ այս մեքենան Արցախի ամենաանհասանելի մասերում հազարավոր երեխաների հաց ու ջուր է տվել: Այսինքն՝ ես այդ նույն պարեկային ոստիկանին նույնիսկ դա չեմ կարող բացատրել, որ վաղը չէ մյուս օրը, եթե Աստված չանի, պատերազմ լինի, եւ մենք գնանք դիրքեր, այդ մեքենայի լույսերը մեզ պետք է գալու: Եկեք չմոռանանք, որ երկու տարի առաջ Ադրբեջանում բոլոր ամենագնացները, մասնավորապես՝ պիկապները հավաքեցին եւ օգտագործեցին պատերազմում: Մեր պետությունը եթե մի քիչ խելք ունենա, նման մեքենաներին պետք է արտոնություն տա՝ ոչ միայն պատերազմի դեպքում, այլ՝ ընդհանրապես: Մեր երկիրը լեռնային գոտում է, եթե ուզում ենք Հայաստանը տեսնենք, տուրիզմի համար պետք են նման մեքենաներ: Իսկ մենք պետք է Հայաստանը տեսնենք, որ հասկանանք, թե ինչ երկիր է: Որովհետեւ այսօր Հայաստանում ապրող մարդիկ կան, որոնք ասֆալտից դուրս չեն եկել: Իսկ Հայաստանը տեսնելու համար պետք է արտաճանապարհային երթեւեկություն կազմակերպել: Եթե տեսնեն, սիրեն, տուրիստներին էլ կբերեն:  Բայց մեզ մոտ քաղաքականությունը հիմա այլ տեղ է գնում: Օրենքի երկիր ստեղծելու քաղաքականությունն է առաջ քաշվում՝ հաշվի չառնելով, որ օրենքի երկիր ստեղծելուց առաջ պետք է լինի իրավունքի երկիր, որտեղ մեզնից յուրաքանչյուրը կունենա իր իրավունքները: Խնդիրն այդտեղ է:

Պատերազմի ժամանա՞կ էլ եք տուգանվել:

— Պատերազմի ժամանակ իմ մեքենան մոտավորապես 30-40 հազար կիլոմետր վազք է ունեցել դեպի Արցախ: Տոննաներով բեռ է տարել: Չհաշված՝ ես ուղեկցել եմ այլ մեքենաների, որոնք ուզեցել են ինձ հետ գալ: Բնականաբար, այդ ամենը ես եմ կազմակերպել ու տարել: Ու այդ ընթացքում՝ հենց 44-օրյա պատերազմի ամսաթվերի մեջ, ես տուգանվում եմ արագաչափերով, տուգանվել եմ Արցախ մտնող ճանապարհներում՝ Վարդենիսում, Քարվաճառում, Գորիսում, ինչքան տեսախցիկ կա, ֆիքսում են դա: Երբ այդ ակտերը եկան (մոտավորապես` 200 հազար դրամի մասին էր խոսքը), ջղայնացա, որ այս օրենքի մեջ աշխատող մարդիկ տեսախցիկները ֆիքսելիս հաշվի չեն առել, որ Արցախ գնալու ճանապարհներին է դա եղել, վրան բեռ կա, ման գալու չի գնում: Այդ օրերին տարբերակ չունեի ոչ մեկին դիմելու, որովհետեւ, նորից եմ ասում՝ համատարած անգործություն էր տիրում: Իմ ծանոթները դրսից փող ուղարեցին, ես այդ խախտումների մի մասը տվեցի, մյուս մասը չտվեցի սկզբունքորեն: Հասկացա, որ եթե ես այդ գումարները մուծեմ, ուրեմն՝ մասնակցում եմ այդ հանցավոր էշությանը: Ու ես չմուծեցի: Բնականաբար, հետո ուղարկեցին հարկադիր՝ ԴԱՀԿ: Այս երկրում ընկա սեւ ցուցակի մեջ, որպես քաղաքացի, ես չկամ:

— Այսինքն՝ մեքենան օգնություն է տարել 44-օրյա պատերազմի մասնակիցներին ու խրախուսանքի փոխարեն՝ տուգանվե՞լ է:

— Պատերազմի առաջին օրերին վազում էի կամավորական ջոկատների հետեւից, որ ինձ էլ տանեն Արցախ: Եվ երբ վերջապես մի գնդապետի գտա, խնդրեցի իրենց, որ ինձ գրանցեն: Ինքն ինձ հարցրեց՝ ի՞նչ զենքի եք տիրապետում: Ասացի՝ ոչ մի, որովհետեւ զինվորական ծառայության չեմ գնացել: Պատասխանեց, որ եթե զենքի չես տիրապետում, գնա տուն, դու մեզ պետք չես: Խնդրեցի, որ աշխատասենյակից դուրս գա եւ իմ մեքենան տեսնի, որովհետեւ կարող է մեքենաս իրենց պետք գա: Այդ մարդն իր աշխատասենյակից դուրս եկավ, տեսավ իմ մեքենան ու ասաց՝ «Ավտոյի վրա պուշկեն ձգեք»: Ես դրանով արտոնություն չեմ ուզում: Նույնիսկ այդ օրերին ինձ զանգել են, ասել են՝ քեզնից ուզում ենք շնորհակալություն հայտնենք, ասել եմ՝ այդ ամենը չեմ արել մեդալի կամ շնորհակալության համար, իմ պարտքն է եղել: Այսօր խնդիրն այն է, որ անգրագիտությունը հասել է այն աստիճանի, որ եթե օրենքում գրված է, որ այս լուսարձակները չի կարելի, ես դա ընդունում եմ: Ասում եմ՝ հանեք, վերցրեք: Ասում են՝ չէ, դու հիմա պետք է հանես: Ասում եմ՝ ընդունենք ես 20 տարեկան փխրուն, նուրբ աղջիկ եմ, ո՞նց հանեմ: Բացատրում եմ՝ ես դերասան եմ, դրանից չեմ հասկանում, մասնագետն է տեղադրել, եթե պետք է, դուք քանդեք: Ասում են՝ մենք գործիք չունենք: Բայց չէ՞ որ օպերացիա են իրականացնում, ուրեմն՝ արգելված բանը պետք է հանեն: Նրանց քշած երեք մեքենայի արժեքը 100 հազար դոլար է, բայց մեջը «կլյուչների» հավաքածու չունե՞ն: Ձյունը գալիս է, իսկ ես տիկնոջս հետ 2 ժամ նստած, իրենց էշությունն եմ լսում: Ասացի՝ քանդեք, տարեք, ինձ պետք չի: Լավ, օրենքը գրողը չի մտածել, դուք էլ այդքան լոգիկա չունե՞ք, որ նման կերպ չի կարելի խոսել քաղաքացու հետ: Ու այդ հիմարությունը, որ գրված է, եւ շարունակում են կիրառել ու դրանով քերել գումար քաղաքացիներից, այս ամենը մեկ բառով անվանում եմ՝ պետական ռեկետ:  Այսինքն՝ կարեւորը  քերեն ժողովրդից ցանկացած կերպով, եւ կապ չունի, թե ինչ: Ու երբ հարցնում ես՝ մեր փողերը հավաքում եք, ի՞նչ եք անելու, ցանկացած իշխանամետ ռեֆլեքսորեն պատասխանում է՝ գնում է մեր փողը բանակ: Ու հենց ասում են բանակ, ես բլոտի լեզվով ասում եմ՝ «քուանշ»: Ես ինքս զինվոր տղա ունեմ եւ ես եմ պահում նրան հացով, ջրով, հագուստով: Ես իմ երեխուն մենակ պատրոն ու զենք չեմ տարել: Ո՞ւմ եք խաբում, ո՞ւմ եք էշի տեղ դնում: Իմ վրդովմունքն այն է, որ այլեւս չեմ կարողանում լռել: Ես ընդհանրապես պարտքեր չունեմ ու եթե ունեմ, դա պետությանն է: Իսկ ես չեմ համարում, որ իրենց պարտք եմ: Դեռ հարց է՝ ով ում է պարտք:

— Ընդունված օրենքի մեջ ի՞նչն է Ձեզ վրդովեցրել:           

— Եթե 2007 թվականից չի կարելի տեղադրել լուսարձակ մեքենայի վրա, ինձ մոտ հարց է առաջանում՝ արգելված ապրանքը ո՞նց է հայտնվում մեր շուկայում: Այսինքն՝ պետական մակարդակով հանցագործություն է տեղի ունենում: Սահմանից անցնում է այդ ապրանքը, մաքսազերծվում է, հարկվում է, գալիս է խանութ ազատ վաճառքի: Խանութում ՀԴՄ կտրոնը խփվում է, նորից հարկվում է: Ես վերցնում եմ, տեղադրում եմ ու այստեղ բռնվո՞ւմ եմ: Այդ ի՞նչ է նշանակում: Այս ամեն ինչը արդեն աբսուրդի ժանրից է...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում