ՄԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՆՔ ՄԵԿՆԵԼՈՒ». ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍպորտՎերջերս, Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է մարզական և մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունը։ Մարտական սամբոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ նվաճել է պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, ACB - կարգի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, ծնունդով Երևանից 33-ամյա ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
«Իրավունքի» հետ բացառիկ զրույցում Սարգիսն այսպես մեկնաբանեց իր հաղթանակը. -
- «Երկու գոտեմարտ ունեցա, երկուսն էլ ժամանակից շուտ հաղթեցի։
Հանդես եկա 79 կգ քաշային կարգում։ Չնայած վատառողջ էի, լավ մարզավիճակում չէի գտնվում, բժիշկներն էլ թույլ չէին տալիս մասնակցել, սակայն ես մասնակցեցի ու հաղթեցի։ Պիտի առողջանամ, պատրաստվեմ նաև Սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա ապրիլ ամսին Իսրայելում։ Նոյեմբերի 10-ին էլ Աշխարհի առաջնությունը կկայանա, և շատ ուրախալի է, որ տեղի է ունենալու մեզ մոտ Երևանում։ Նշեմ, որ Իսրայել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար մենք մարզիկներս, մեր ֆինանսական միջոցներով ենք մեկնելու, պետությունը եթե ֆինանսավորեր, լավ կլիներ»։ Իսկ, խառը մենամարտերի /MMA /մասին ինչ նորություն ունես, երբ կկայանա քո հաջորդ մենամարտը։ - Դեռ պարզ չէ, թե երբ կկայանա հաջորդ մենամարտս, առողջանամ, մարզավիճակս բարելավեմ, այդ ժամանակ նոր կմտածեմ մենամարտի մասին։ Շատ հնարավոր է, որ այն կայանա օվկիանոսից այն կողմ ԱՄՆ - ում, քանի որ դա իմ մեծ երազանքն է, ու ես այդ երազանքի ճանապարհին եմ։
- Սարգիս, հիշում եմ, որ տարիներ առաջ 2017 թվականի հուլիսի 19-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում ACB 64 Youg Eoges 19 խառը մենամարտերի մրցաշարում փառահեղ հաղթանակ տոնեցիր ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ, մեր թշնամի երկրում ծածանեցիր եռագույն դրոշը, որը եզակի պատմական իրադարձություն էր։
- Շատ մեծ նշանակություն ուներ, որ Թուրքիայում էի մենամարտում, և թուրք էր մրցակիցս, քանի որ պատասխանատվությունը ավելի մեծ էր, կրկնակի։ Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ բոլորինս, մեր հայ ազգինը ։Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պիտի հաղթեի, բայց անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես։ Պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ առաջին, երկրորդ ռաունդում, սակայն շտապելս ինձ խանգարեց։ Մենամարտի ժամանակ չպիտի սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է։ Եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ խոշոր դրամական պարգև կստանայինք, բայց բացարձակ առավելությամբ հաղթեցի։ Որքան էլ զարմանալի թվա, մենամարտից հետո թուրք մրցակիցս մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ լավ մարզիկ եմ, նույնիսկ լուսանկարվեցինք։ Սա եզակի, պատմական հաղթանակ էր, ցավոք, Հայաստանում չգնահատվեցի:
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

