Ափսոս, պետական որևէ աջակցության չենք արժանանում. ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտՎերջերս, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը։ Գրեփլինգի Հայաստանի եռակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ 31-ամյա ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ եզրափակչում, համառ պայքարի արդյունքում փառահեղ հաղթանակ է տոնել նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հատկանշական է, որ հայկական Գրեփլինգի պատմության մեջ, նման արդյունք չէր գրանցվել, սա առաջինն էր, պատմական, աննախադեպ իրադարձություն ։
Iravunk.com- ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել արդեն Եվրոպայի չեմպիոն ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ.
- Ողջույն, Մայիս: Շնորհավորում ենք այս պատմական նվաճման առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում:
- Շատ շնորհակալ եմ: Աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, որ բառերով դժվար է նկարագրել, շատ էի ուրախացել, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցի այս մարզաձևում։ 4 գոտեմարտ ունեցա ու բոլորն էլ հաղթեցի։ Այս առաջնությանը, կարող եմ ասել, որ մասնակցեցի միանգամից երկու մրցման։ Գրեփլինգի մրցումները անցկացվում են 2 ձևաչափով Gi և No Gi։ Առաջին օրը հանդես եկա No Gi մրցաձևում և անհաջողության մատնվեցի։ Սակայն այդ մրցաձևում պայքարելու բավականին մեծ փորձ ունեմ, դարձել եմ պաշտոնական առաջնությունների մրցանակակիր, բայց այս գոտեմարտը ինձ համար անցանկալի ավարտ ունեցավ. պարտվեցի։ Մեկ օր անց վճռական տրամադրվածությամբ ներգրավվեցի Gi մրցաձևի առաջնությանը ։ Տիտղոսային գոտեմարտում հանդիպեցի Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իսրայելցի Օմրի Ավիվին։ Մեր միջև հնարքների փոխադարձ կիրառմամբ անհաշտ ու հավասար պայքար ծավալվեց։ Նախ ինձ հաջողվեց 2 միավորանոց գցում կատարել, ապա Իսրայելցի մրցակիցս կարողացավ պտտեցնելով ինձ գցել ու այդպես հաշիվը հավասարեցնել։ Հետո, դարձյալ ուժային հնարքով 2 միավորի առավելություն ստացա, որը պահպանեցի մինչև վերջին րոպեն։ 3 տարի պահանջվեց ինձանից, որպեսզի նվաճեմ այս բաղձալի ոսկե մեդալը, սա տքնաջան պարապմունքների արդյունքն էր, հաջորդը պիտի պայքարեմ, որպեսզի Աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճեմ։
֊ Մայիս, մենք նկատեցինք, որ սկզբում մրցավարը կարծես սխալվել էր հաղթողի հարցում և սկզբից մրցակցիդ Իսրայելցի մարզիկի ձեռքը բարձրացրեց։
- Ճիշտ եք նկատել, գոտեմարտի ավարտից հետո, մդցավարը իսկապես շփոթվեց ու Իսրայելցի մարզիկի ձեռքը բարձրացրեց։ Դրանից առաջ, մրցակցիս մարզիչը բողոքարկել էր։ Իրավիճակին միջամտեց առաջնության գլխավոր մդցավարը, որի կարծիքով իմ հաղթանակը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անիմաստ է դիմել տեսակրկնության օգնությանը։ Այդպես, մդցավարը շտկեց իր վրիպումը ու ինձ հաղթող հայտարարեց։ Պիտի ջանք ու եռանդ խնայեմ, որ նվաճեմ նաև Աշխարհի ոսկե մեդալը։ Իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կասես։ Արդեն պիտի պատրաստվենք օգոստոսին կայանալիք Աշխարհի առաջնությանը, իսկ աշնանը, հոկտեմբերին նախատեսված է ոչ օլիմպիական մարզաձևերի «Կոմբատ գեյմ» փառատոնը, որը անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ Ափսոս, պետական որևէ աջակցության չենք արժանանում։
֊ Շնորհակալություն, Մայիս մեզ հետ քո տպավորություններով կիսվելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, որ լուսաբանում եք մեր գրանցած նվաճումները, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր «Իրավունք» թերթի ողջ խմբագրակազմին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

