«ՆԺԴԵՀՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՏՆԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ»
ԹեմաԱրդեն ավելի քան 100 օր՝ փակ է Բերձորի միջանցքը: Արցախի մեր հայրենակիցները կանգնած են գոյաբանական մեծ վտանգերի առաջ, կյանքի բոլոր ոլորտներում նրանք ամեն օր առերեսվում են դաժան իրականության, ամենատես աշխարհի անտարբերության եւ թշնամու կրկնվող ոտնձգությունների հետ: Այս օրերին արցախցին առավել, քան երբեւէ ամուր կառչել է իր մի բուռ հողից: Շրջափակման պատճառած տարաբնույթ անհարմարությունների, ինչպես նաեւ երեւույթի հոգեբանական ներգործությունների մասին «Իրավունքը» զրուցել է ԱՀ նախագահի խորհրդական, ԱՀ կրթության նախկին նախարար ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:
«ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐՈՎ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՍՏՈՒԳԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ»
— Իմ ճանաչած ամենախաղաղասեր, ամենահումանիստ արցախցին այսօր խոսում է «գայլի դեմ գայլ» սկզբունքի առաջնահերթության մասին: Ձեր բառապաշարը նկատելիորեն փոխվել է պատերազմից հետո:
— Ճիշտ եք: Այո, փոխվել եմ: Եթե հարևանիդ գաղափարախոսության գլխավոր վեկտորը քո հայրենիքն է և թուրքական գորշ գայլերի տոտեմը, ապա, օրինաչափորեն, պետք է աշխատի ոհմակի սկզբունքը կամ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» վրեժի բանաձևումը: Ի դեպ, օրերս Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացել է «Ղարաբաղի խանությունները. պատմամշակութային նույնականացում» խորագրով գրքի շնորհանդեսը, որին մասակցել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլշադ Իսկանդերովը՝ «Ղարաբաղի դերը ադրբեջանցիների նույնականացման գործընթացում» հոդվածով:
Փաստորեն, Արցախը համարվում է ժամանակակից ադրբեջանական ինքնության գեներացման հիմնական վեկտոր: Արցախը դիտվում է ադրբեջանցիների ազգային ինքնությունը և գաղափարախոսությունը սնող կարևորագույն գործոն: Ինքնության արմատները տասն անգամ փոխած Ադրբեջանի համար Արցախը ազգային գաղափարախոսության և ինքնության ձևավորման միակ կռվանն է: Ամեն օր ու ամեն ժամ Ադրբեջանում հետևողական ու նպատակային քաղաքականություն է տարվում՝ Արցախը Ադրբեջան դարձնելու ուղղությամբ: Իսկ ինքնությունը իր արխայիկ շերտերով հզոր ուժով մոբիլիզացնում է պաշտպանական բոլոր ռեսուրսներդ և ստիպում վերանայել ունեցած արժեքներդ ու հայացքներդ, համոզմունքներդ ու դիրքորոշումներդ:
— 100 եւ ավելի օրեր՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Բոլորիս համար արդեն հստակ ուրվագծվել են Ադրբեջանի հեռահար նպատակները՝ նմանօրինակ սադրանքներով հետեւողականորեն հայաթափել Արցախը: Ինչպե՞ս են Արցախում դիմակայում ադրբեջանական սադրանք-ահաբեկչությանը:
— Ասեմ, որ շատ ծանր է: Նյութական, կենցաղային զգալի անհարմարություններից զատ, շրջափակումը հոգեբանական ներգործության իր սև գործն է արել և անում հատկապես հոգեբանական ճակատում, մարդկանց հոգեկան աշխարհում, տրամադրությունների մեջ, արժեհամակարգում և այլն: Սա պատերազմի շարունակություն է, որով փորձ է արվում նաև ստուգել արցախցիների դիմադրողականության մակարդակը: Ժամանակ առ ժամանակ ինձ թվում է՝ մեծ էքսպերիմենտի փորձարկվող եմ: Այս փակ շրջանը իրականում կարող է նպաստել մարդկանց մոտ պարանոյալ գծերի ձևավորմանը: Կասկածամտությունը, ապագայի նկատմամբ հավատի կորուստը, անորոշությունը, անզորության զգացումը մտնում է մարդկանց կենսակերպ: Բայց այստեղ նաև կան շատ դրական կողմեր: Շրջափակումը մոբիլիզացրել է մեր բոլոր ռեսուրսները, մենք դարձել ենք միասնական, շատ ընդգծված է մեր խմբային և հուզական ինտելեկտը, սոցիալական հետաքրքրությունները, բարձր է սոցիալական պատասխանատվության զգացումը: Օրինակ, մենք սկսել ենք կիսվել ունեցածով, ապրումակցել մեկմեկու, տալ հարևանին այն, ինչ ունենք, կամ այն, ինչ ունենք և եթե տանք՝ էլ չենք ունենա: Զսպվածության, քչով բավարարվելու, ժուժկալության և էլի մի շարք լավ որակներ էլ է առաջ բերել շրջափակումը: Այն կարելի է համարել նաև դիմադրողականության և բարոյական ինքնավարության ստուգման ինդիկատոր: Այնպես որ, ամեն մի վատից պետք է կարողանալ ստանալ լավը, կամ ամեն մի վատը կարողանալ ծառայեցնել լավին:
— Հնարավո՞ր է, որ տեւական ճնշումների ֆոնին Արցախում տեղի տան հոգեբանական տեռորին:
— Կարծում եմ, որ մենք ունենք ազգային դիմադրության բավարար մակարդակ, մենք գիտենք՝ ինչ ենք ուզում և գիտենք՝ ուր ենք գնում, և շրջափակումն, ըստ իս, ավելի շատ հակադարձ ազդեցության էֆեկտ է տվել: Մարդիկ շարունակում են այգի մշակել, ջերմոցներ կառուցել, գյուղատնտեսությամբ զբաղվել: Ստեղծված պրոբլեմային վիճակը շատերին դարձրել է ստեղծարար, նախաձեռնող, արարող:
Ես նույն իներցիայով գնում եմ աշխատանքի և ապագային միտված նախագծեր եմ անում, իսկ ցայտնոտի զգացողությունը շարունակում է նախկինի պես ինձ չլքել և ստիպում լինել առավել ռացիոնալ, արդյունավետ ու ճիշտ:
«ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ ՄԵՐ ՄԵՋ Է ԽՑԿՎԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՑ ՀԵՏՈ»
— Ե՞րբ մեր հաղթանակած, անպարտելի կերպարը փոխարկվեց զոհի, պարտվածի կերպարի, ինչպե՞ս եւ ինչո՞ւ:
— Իրականում հաղթանակները վաղեմության ժամկետ չեն ունենում: Նախնիների վարքային էտալոնը չի փոխվում, չեն կորչում ազգային հոգեկերտվածքի լավագույն գծերը և շարունակում են մեզ ղեկավարել ինքնության ամենախոր՝ արխայիկ շերտերից: Մենք զոհ չենք: Զոհի բարդույթը մեր մեջ է խցկվել 1915 թվականի հայոց մեծ եղեռնից հետո: Զոհի բարդույթի ձևավորմանը նպաստել են նաև մեր պետականության երկարաժամկետ կորուստները: Այս բարդույթը զգալիորեն հաղթահարվել է արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո: Ուղղակի հարց է առաջանում՝ մենք ուզո՞ւմ ենք զոհ լինել: Թե՞ մենք ուզում ենք թոթափել այն: Եվ ո՞րն է մեր ազգային տեսլականը: Ե՛վ ցեղասպանության գործոնը, և՛ Արցախի՝ որպես արևելյան պատնեշի պահպանումը կա ու պիտի լինի մեր ազգային գաղափարախոսության մոտիվացիան: Հարևան Ադրբեջանի համար Արցախը դարձել է ազգային գաղափարախոսություն՝ էթնիկական նույնականացման գաղափար, իսկ որո՞նք են դրա դեմ պայքարի մեր մեխանիզմները:
— Շատ է խոսվում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին: Ի վերջո, ո՞րն է արցախցու համար իրական խաղաղությունը:
— Արցախցու համար իրական խաղաղությունը կլինի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման հիմքով: Խաղաղությունը չի կարող լինել բռնությամբ, ահաբեկչական ակտերով, սպառնալից հռետորաբանությամբ: Դժվար է հավատալ մի երկրի խաղաղաղության պայմանագիր ասվածին, եթե այդտեղ պետական առաջնահերթություններից է հայատյացության գաղափարախոսությունը, եթե կրթական համակարգը ներծծված է կեղծարարությամբ, եթե մանկապարտեզի երեխաների համար հրատարակվել և բաժանվում են «Շուշին երեխաների համար», «Իրեվանը երեխաների համար», «Ադրբեջանի զինված ուժերը երեխաների համար», «Նախիջևանը երեխաների համար», «Ղարաբաղը Ադրբեջան է (երեխաների համար)» գրքեր՝ տպագրական ամենաբարձր որակով, եթե կրթական հաստատություններում ծայրահեղ վարկաբեկման է հասցվում հայի կերպարը և այլն:
— Վերջին զարգացումների համապատկերին, երբ հասարակությունը առավել քան երկփեղկված է կարծիքների տեսանկյունից, այդուհանդերձ, Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում ինչպե՞ս են գնահատում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության իրականացումը:
— Չեմ կարող գնահատականներ տալ: Երևի դա մասնագիտական որակներից է. հոգեբանները չեն գնահատում: Գիտեմ մի բան. ռուսական խաղապահ զորակազմը պետք է շարունակի մնալ Արցախում և հնարավորինս արդյունավետորեն հակադարձել թշնամու սադրող ոտնձգություններին:
— Ազգային դպրոցը դարձել է մի տեսակ խոցելի, թիրախավորված: Համաձա՞յն եք մտքի հետ, որ բարփոխումների անվան տակ ազգայինը նսեմացնող գաղափարներ են ներմուծում հանրակրթական դպրոցներ: Եւ ինչպե՞ս պայքարել այսօրինակ երեւույթների դեմ: Ինչո՞ւ է պետական բարձր մակարդակով ռազմահայրենասիրությունը ստորադասվում հաստատուն խաղաղություն չխոստացող սին խաղաղասիրության գաղափարին:
— Դպրոցը կա և է ազգային գաղափարախոսության, մեր հանրային ու պետական վարքագծի ամենակարևոր ատյանը: Շատ նուրբ և խորը մարդասիրական ու ժողովրդավարական արժեքների քարոզ կա մեր հանրակրթական ծրագրերում: Իսկ երբ համեմատում ենք Ադրբեջանի և Թուրքիայի կրթական համակարգերի հետ, քաղաքակրթական բախումներն ուղղակի ցցուն են դառնում: Մեր դպրոցը պետք է ուժեղանա: Նժդեհյան գաղափարախոսությունը պետք է մտնի հանրակրթական ծրագիր, որովհետև Ջիհադը՝ սրբազան պատերազմը, 2016 թ. Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո մտել է հանրակրթական ծրագիր՝ ներկայացվելով այն դրական լույսի և համակրանքի ներքո: Հիմա Հայաստանում ստեղծվում են նոր դասագրքեր: Դրանց մեջ պետք է արտացոլվի մեր կորուսյալ հայրենիքի պատմամշակութային ժառանգությունը, ֆիզիկական տարածքը և այլն: Արցախի պատմությունը շատ փոքր ժամաքանակով է մտցված հանրակրթական ծրագիր:
Ազգային դպրոցը պետք է դառնա փակ տարածք՝ արևմտյան ու ժողովրդավարական արժեքներ քարոզող, գրանտներ շահած այն կազմակերպություոնների և անհատների համար, ովքեր բարեփոխում անվան տակ թուլացնում են հայ դպրոցը: Այսօրվա դպրոցը պետք է սերտ կապերի մեջ լինի հայոց բանակի հետ. սա է պահանջում օրակարգը:
— Հետպատերազմական շրջանում, երբ դեռ ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնն էիք ստանձնում, Ձեր անվան շուրջ սկսվեցին զանազան քաղաքական արշավներ: Մի՞թե «ընդդիմադիր հասարակությունը» չկարողացավ համակերպվել Ձեր ընդգծված Ազգային գաղափարաբանության հետ:
— Ես հաշտ ու համերաշխ եմ աշխատել կրթական համակարգի բոլոր օղակների հետ եւ ժողովրդին ծառայելու, ժողովրդին մոտ գտնվելու եզակի հնարավորություն եմ ունեցել: Դա երանելի և տիեզերական զգացողություն էր: Գյուղական դպրոց գնալը և ինչ-որ լավ գործ անելը երանություն էր պարգևում ինձ: Մենք շատ քիչ ենք՝ ընդդիմադիրներ ունենալու համար: Մենք մի մեծ ընտանիք ենք: Ամաչում եմ ձևական ընդդիմություն խաղացողներից: Իրականում նրանք չեն հաղթահարում եսի տարրական նկրտումները, իրենց փոքր ամբիցիաները: Մենք բոլորս պետք է ունենանք պետական վարքագիծ, հոգատար վերաբերմունք պետության, հասարակության, ընտանիքի, հարևանի, բակի ծառի, պետության ինչքի նկատմամբ: Հավատացեք, այդ տարրական հոգատար վերաբերմունքից է Հայրենիքը կառուցվում:
— Ի՞նչ եք սպասում ապագայից:
— Չեմ սպասում, նախաձեռնում եմ, ստեղծում եմ, կառուցում եմ, օգնում եմ, սովորեցնում եմ, կրթում եմ, ընթերցում եմ, պետք է՝ զիջում եմ, պետք լինի՝ նախահարձակ կլինեմ: Վերջին բառից չեմ ամաչում, որովհետև ապրում եմ այնպիսի հարևանների կողքին, որ դա անհրաժեշտության դեպքում կարող է դառնալ իմ վարքային ստրատեգիան: Ապագան պետք է լինի մերը, և այդ ուղղությամբ ամեն ինչ պետք է անենք: Հավատում եմ այն ապագային, որտեղ մեր վերադարձն է, որտեղ արժանապատվորեն տեր և տիրություն ենք անում մեր գերեզմաններին, հողին սերմ ենք պահ տալիս, սրբում ենք ժամանակավորապես որբացած մեր դարահոտ եկեղեցիների քարերը, շենացնում թշնամու ոտքի կոխան դարձած գյուղական տներն ու դպրոցները: Ու գալու է բոսորագույն արշալույսը, ոտաբոբիկ վազելու ենք հայրենիք, որ փարվենք նրա անցյալին ու ներկային...
ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

