«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿԻՑՍ ՀԵՏՈ ԻՐ ՄԱՐԶԻՉԻ ՀԵՏ ՄՈՏԵՑԱՎ ՈՒ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ»
ՍպորտՎերջերս Բուխարեստում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մեր երկրի հավաքականը նվաճել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով գրավելով հինգերորդ հորիզոնականը։ Ծանր քաշային Գյումրեցի ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, նաև ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԸ և ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բրոնզե մեդալ են նվաճել։ Փոխչեմպիոնի տիտղոսը հավաքականում նվաճել է կրկին Գյումրեցի 21-ամյա խոստումնալից ԸՄԲԻՇ, Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ։
55 կգ քաշային կարգում Կարապետը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ տապալեց ադրբեջանցուն 7։1 հաշվով, կիսաեզրափակչում հաղթեց թուրք մարզիկին, եզրափակչում պարտվեց ռումինացի մրցակցին։ Մեզ հաջողվեց հանդիպել ու բացառիկ զրույց ունենալ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
«Շատ կուզենայի հայրենիք վերադառնալ ոսկե մեդալով, սակայն չստացվեց ինչ - ինչ պատճառներով։ Կաշխատեմ սխալներիս վրա, որ հաջորդ անգամ չկրկնեմ, մարզիչներիս հետ ավելի գրագետ պարապեմ, որպեսզի հաջորդ առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճեմ։ Անցած մրցաշարի ժամանակ պարտվել էի ադրբեջանցի ըմբիշին, այս անգամ շատ լարված էի, որ պետք է հաղթեմ, ավելի շատ էի տրամադրված, որ պիտի հաղթեմ տուշեով, այսինքն ժամանակից շուտ, ու հաղթեցի>>։
- Կարապետ, բազում անգամներ ականատես ենք եղել մեր թշնամի երկրների մարզիկների անվայել պահվածքին։ Այս անգամ էլ բացառություն չեղավ, ադրբեջանցի մրցակիցդ խոշոր հաշվով պարտությունից հետո հարվածեց քեզ։
- Ասեմ, որ ես երբեք սպորտը չեմ խառնում քաղաքականության հետ, և նա այդ անվայել պահվածքի համար որակազրկվեց մրցավարների կողմից ու երկար ժամանակ չի կարող մասնակցել մրցաշարերի։
Հետո իր մարզչի հետ մոտեցավ մեզ ու ներողություն խնդրեց։ Նշեմ, որ ընդհանուր 4 գոտեմարտ եմ ունեցել սերբ, ադրբեջանցի, թուրք և եզրափակչում ռումինացի մարզիկների հետ։ Ամենաբարդը թուրք մարզիկի հետ էր։ Վնասվածքներ էլ եմ ունեցել, ոտքս էր ցավում, սակայն մասնակցեցի, շատ երկար ժամանակ եմ սպասել այս նվաճմանը։ Արդեն պիտի պատրաստվենք Աշխարհի առաջնությանը։ Այս հաղթանակը մեծահասակների մրցաշարում առաջինն էր ինձ համար։ Երազանքս է դառնալ Օլիմպիական չեմպիոն։
Իսկ ահա Կարապետի անձնական մարզիչ, Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի մարզիչ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց.
«Մրցաշարը Ռումինիայում էր անցկացվում, և եզրափակիչ գոտեմարտում Կարապետի հակառակորդը միակ ռումինացին էր, որ պայքարում էր մեդալի համար, ու մի փոքր եղավ մրցավարական կողմնապահություն։ Գոտեմարտի երկրորդ կեսին Կարապետն ավելի ակտիվ էր, կարող էին նրան չորեքթաթ դրության չդնել, սակայն մրցավարը որոշեց Կարապետին դնել չորեքթաթ դրության, որին արժանի չէր, ու հակառակ դեպքում գոտեմարտը կարող էր այլ ելքով ավարտվել։ Ոչինչ, չպիտի հուսահատվենք, Կարապետը դեռ ջահել է, շատ խոստումնալից, նպատակասլաց ըմբիշ է, նա դեռ շատ խոսք ունի ասելու ըմբշամարտի մրցումներում։ Սա նրա մուտքն էր մեծահասակների առաջնություն, նա կարող էր ոսկե մեդալով վերադառնալ հայրենիք, ես վստահ էի նրա ուժերի վրա, սակայն ափսոս այսպես ստացվեց»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

