ԹՇՆԱՄՈՒ ՀՆԱԶԱՆԴ ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ
Վերլուծություն«Մեր բանակում չի եղել ոչ մի դասալիք: Հայկական բանակում, վերջին տվյալներով եղել է ոչ թե 10.000, այլ 11.000 դասալիք»,– հայտարարում է Ալիևը: «44–օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11.000 դասալիք»,– Հայաստանի և հայության արտաքին թշնամու խոսքը երկրորդում է Էրատոն` կապիտուլյանտի կին Աննա Հակոբյանը: Եվ կարծես թե ակնհայտ է, որ երկուսի խոսքի հեղինակը նույն անձն է կամ նույն թիմը: «Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ` Հակոբյան Աննան: Սրանք Ալիեւի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված եւ ծրագրային»,– փաստում է Արմեն Աշոտյանը:
«11.000 ԴԱՍԱԼԻՔԻ» ՄԱՐՏԱԿԱՆ ՆԱՐԱՏԻՎԸ
Աննա Հակոբյանի գարշելի խոսքը ՀՀԿ փոխնախագահը գնահատում է այսպես. «Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու եւ պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ եւ անբարո փորձեր»: «11000»–ի նարատիվը ինֆո–դիվերսիա է՝ ուղղված հայ մարտիկի, բանակի և ժողովրդի դեմ: Սա մարտական նարատիվ է, որի նպատակն է պառակտել հայ ժողովրդին, պառակտում մտցնել բանակի և ժողովրդի միջև, և մշակվել է հայտնի ուժային կենտրոնի կողմից»,– փաստում է քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը: Անդրադառնալով 2016–ի ապրիլյան պատերազմի ֆոտոարխիվներին, որոնք թերթում ենք 7 տարի անց, քաղաքագետն արձանագրում է. «Ահա նա՝ ճակատագրին ժպտացող հայ մարտիկը: Եվ դուք շատ քիչ ընտրություն ունեք: Դուք կա՛մ նրա կողքին եք և հայկական բանակի կողքին՝ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի, կա՛մ դեմ եք և առճակատման մյուս կողմում: Դուք կա՛մ հայ ժողովրդի ու նրա բանակի միասնության կողմնակից եք, կա՛մ փորձում եք պառակտել հայ հասարակությունն ու բանակը: Կիսատոններն այս դեպքում պետք է բացառվեն: Գորշ գոտին, երբ իմաստների ու նարատիվների պատերազմում անհնար է գիծ քաշել բարու և չարի, ճշմարտության և կեղծիքի միջև, այս հարցում անընդունելի է: Ավելի ճիշտ, նման գորշ գոտու ստեղծումը հայ ժողովրդի թշնամիների նպատակներից է և հիբրիդային պատերազմի մեթոդներից է»:
Անվտանգության միջավայրի մասին գիտական աշխատանքների հեղինակը պարզ ասում է, որ բանակի վարկաբեկումով, հայ զինվորից վախկոտ դասալիքի կերպար կերտելով զբաղվողները, տվյալ դեպքում կապիտուլյանտ Նիկոլի կողակցուհին, և ընդհանրապես ՔՊ–ի թիմը որպես այդպիսին, ջրբաժանի մյուս` թշնամական կողմում են և սպասարկում են թշնամու շահը: Անշուշտ, դասալիքները 11 հազարից ավել են, սակայն դրանք ոչ թե բանակում են, այլ ագահաբար խմբված են խունտայի լափամանի շուրջ:
Եվ սկանդալների շարքի արմատները նույնպես պետք է փնտրել թշնամու շահի սպասարկման տիրույթում: Տեղ գյուղի մատույցներում առանց մեկ կրակոցի թշնամու բանակը առաջ է շարժվել, խունտան ամեն կերպ թաքցնում է իրական վիճակի մասին տեղեկատվությունը, և «հանկարծ» սկանդալային իրադարձություններ: ՔՊ–ական ոմն ուսապարկ սադրում է դաշնակցական պատգամավորին, և վերջինս դրա աչքի շլդիկությունն ուղղում է բռունցքով, ՔՊ–ն էլ անասելի քարոզչական վայնասուն է բարձրացնում: Հետո տխրահռչակ Ալեն Սիմոնյանը թիկնազորին քսի է տալիս իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա, որպեսզի չկարողանա դիմադրել, և ցուցադրաբար թքում քաղաքացու երեսին` դրանից հետո լպիրշ գրառումներ տարածելով: Հետո պոչից ավելացնում է Նիկոլի որդի Աշոտիկին: Ինչպես նկատում է անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Ալենի խայտառակ պահվածքից հետո վռազ «հակափաստարկ» հնարեցին, թե բա Աշոտիկի վրա հարձակում ա եղել... Եթե նույնիսկ ինչ–որ բան եղել է, վստահ եմ, որ իրենց սադրածն է կամ կազմակերպածը ու հատուկ են արել, թե բա «մեզ էլ են նեղացնում»: Բազմիցս ասել ենք ու ապացուցել ենք, որ սրանք հանուն քարոզչության իրենց երեխեքին էլ չեն խնայի: Երբ մարդիկ կովիդից մեռնում էին ու դժգոհության ալիք էր, փոքր աղջկա ֆոտոներով էին ցրում, 2020 թվականի դեկտեմբերին Եռաբլուրը գրավելիս պիղծ Նիկոլը հետը Մայրամիգին էր քարշ տվել–բերել, հիմա էլ Աշոտիկը: Դե իսկ Աշոտիկը ընտանեկան պիառ–բիզնեսի գլխավոր դերակատարներից է: «Լացում էր, ասում էր մի նահանջեք»–ը, վստահ եմ, հիշում եք»:
Եվ արդյունքում հանրությունը Սյունիքում առկա օրհասական վիճակի փոխարեն քննարկում է պիղծ ՔՊ–ականների հրահրած սկանդալները: Իսկ Նիկոլը հանգիստ հանձնում է այն, ինչը պայմանավորվել է հանձնել Պրահայում:
ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
Առանց մի կրակոցի ռազմավարական բարձունքներ են հանձնվում Սյունիքում, միանգամից` քառակուսի կիլոմետրերով, իսկ հանրությունը քննարկում է ինչ–որ հիմար ու ճղճիմ բաներ: Իսկ հիշո՞ւմ եք` ինչ աղմուկ էր բարձրացել 2016–ի հաղթական պատերազմից հետո, որ ռազմավարական նշանակություն չունեցող 400 հեկտար տարածությունը հարավարևելյան սահմանագծի եզրին մնացել էր թշնամու վերահսկողության տակ: Ամեն արդուկից հնչում էր «Հող հանձնողին հանձնենք հողին» կարգախոսը, դրա պատրվակով եղավ և ՊՊԾ գնդի տեռորիստական գրավումը... Իսկ հիմա ինչո՞ւ ոչ ոք չի գոչում` «Հող հանձնողին հանձնենք հողին»: Ո՞ւր ցնդեց այն հոգեբանությունը, որ գերիշխող էր հաղթական 2016–ին:
Հիշողության փոքրիկ թարմացում անենք: 2016–ին անկախ ադրբեջանական կողմի ռազմատեխնիկական առավելության հանգամանքից՝ հայկական կողմին հաջողվում է հերթական անգամ ապահովել փայլուն հաղթանակ հայ ժողովրդի, հայ զինվորի, հայոց Սփյուռքի և պետական ռազմաքաղաքական ապարատի միասնականության շնորհիվ: Պատերազմը տևեց 4 օր և պսակվեց հաղթանակով, որովհետև այդ ժամանակ բոլորը հստակ տիրապետում էին իրենց գործառույթներին ու պարտականություններին, չկային սևեր ու սպիտակներ, չկային թշնամու նարատիվները կրկնօրինակող, դասալիքների փնտրտուքով զբաղված և ռազմական գործից հեռու, բայց բունկեր խցկվող էրատոներ, չկար 5–րդ շարասյուն… Բայց կար վճռական գերագույն գլխավոր հրամանատար, ով նաև համբերատար բանակցող էր, և կար համաժողովրդական սեր բանակի նկատմամբ:
Իսկ ի՞նչ կա հիմա: Ինչպես արձանագրում է Արմեն Աշոտյանն իր եթերում.
• Հայ ժողովուրդն ունի արժեքների ճգնաժամ:
• Եթե ճգնաժամը լիներ քաղաքական, կա՛մ կհանգուցալուծվեր խորհրդարանական ընտրություններով, կա՛մ էլ ընդդիմությունը քաղաքական միջոցներով իշխանափոխություն կաներ:
• Ջախջախվել են մեր ազգային և քաղաքական ինքնության հենասյուները՝ Արցախը, հայկական ավանդական արժեքները՝ եկեղեցի, ընտանիք, Ցեղասպանության վերապրածի ֆենոմենը, զոհերի հիշատակը:
• Ադրբեջանի նախագահը մի շատ կեղտոտ, բայց ճշմարիտ հայտարարություն արեց, ասելով, թե ոչնչացրել է հայերի գաղափարական հիմքերը:
• Շուշին՝ որպես գոյություն, մեր քաղաքական ինքնության մաս էր, այն այսօր մերը չէ:
Իսկ Սյունիքում թշնամու վերահսկողության տակ հենց օրերս հայտնվեց «Մայր հայրենիք» հուշակոթողը, թշնամին «մեծահոգաբար» թույլ տվեց փրկել միայն խաչքարը: Հաղթանակի սիմվոլներից մեկը, որի մոտ հայերս սիրում էինք լուսանկարվել: Կոթող, որը Շուշիի մատույցների տանկի պես մի սիմվոլ էր: Հիմա երկուսն էլ չկան:
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն էլ հիշատակում է Տավուշի մարզի Չինարի գյուղի մատույցներում գտնվող այլ կարևոր խորհրդանիշ` Խորանաշատ հին վանքը. «Իսկ ես ասեմ, որ Խորանաշատն այսօր հայկական տարածքում է շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի: Իր շնորհքն է, որ այսօր կարողանում ենք Խորանաշատ գնալ, աղոթել ու երազել վերականգնման մասին: Գիտե՞ք, երկար չեմ ուզում գրել, թե ինչպես է պետությունը վարձահատույց լինում իրեն հաղթանակներ ու ձեռքբերումներ շնորհած զինվորին: Նույնիսկ չեմ ուզում գրել, թե ինչպես ենք մենք վարձահատույց լինում մեր ժողովրդի պատիվը բարձր պահող գեներալին: Ուզում եմ, ուղղակի, որ ամեն մեկս մեր տեղը նստած մի քիչ մտածենք մեր արած–չարածների մասին»:
Իսկ Խորանաշատը հայերիս վերադարձրած գեներալը հիմա բանտում է: Քանզի ունենք օկուպացիոն վարչակարգ: Ի դեպ, Ալեն Սիմոնյանի վարքագիծն էլ տիպիկ օկուպանտի վարքագիծ է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

