Իրանը փորձում է ուժեղացնել հայաստանյան ուղղությունը
ՎերլուծությունՄիամտություն կլիներ ասել, թե Նիկոլն անգամ մեծ ցանկության դեպքում կարող է դուրս գալ այն ավանտյուրայից, որի մեջ թաթախվել է՝ ներքաշելով ողջ երկիրը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252381&l=am): Բայց մյուս կողմից, եթե անգամ մետր առ մետր հողեր տա, մեկ է, դա դեռ քիչ է, որ Էդմոնի «բրիտանական ուղեղային կենտրոնները» կարողանան խաղն ավարտին հասցնել: Հաշվի առնելով, որ թեեւ Ռուսաստանը մնում է Ուկրաինայում կաշկանդված, սակայն ռուս-իրանական ուղղությունը զարգանում է, ու Իրանն է, որ այս պահին լրջորեն կենտրոնացած է Ալիեւի գործողությունների վրա:
Եվ ոչ միայն Ալիեւի, տպավորությունն այն է, որ նաեւ Նիկոլից եկող «սյուրպրիզները» չեզոքացնելու վրա են սկսել կենտրոնանալ: Ամեն դեպքում, հետեւյալ դետալն ակնարկում է այդ մասին: Այսպես, այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիկ վիճակի են հասել Հայաստանում Իրանի նոր դեսպանի նշանակումից: Նրանց պնդմամբ, Իրանը «հերթական սադրիչ» քայլն է կատարել` Երեւանում նշանակելով Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին: «Սոբհանիի նշանակումը Երեւանում դեսպանի պաշտոնում ցույց է տալիս, որ Իրանը ցանկանում է Հայաստանում ստեղծել Հեզբոլլահի նման կառույցներ»,- կարծում են ադրբեջանական աղբյուրները: Նաեւ ավելացնում են, թե. «Սոբհանին ցանկանում է Հայաստանը վերածել Հոսեյնունի (Ադրբեջանի իսլամական դիմադրության թեւ) ապահով վայրի»:
Այդպես է, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Սակայն փաստն այն է, որ Սիրիայում Իրանի արդեն նախկին դեսպանը Իրանի արտաքին քաղաքականության ամենալուրջ ֆիգուրներից է, եւ նման մասնագետին Հայաստան բերելն առնվազն հերթական անգամ ցույց է տալիս, որ Իրանը հայաստանյան ուղղությունը համարում է ամենաառանցքայիններից մեկը եւ փորձում է այստեղ իր դիրքերին նոր որակներ տալ: Ու դա իր տրամաբանությունն ունի, հաշվի առնելով այն ծայրահեղ սուր վիճակը, որն այս պահին հաստատվել է Իրանի եւ Ադրբեջանի մեջ:
Մյուս կողմից, Ալիեւի համար այլ ծանր մեսիջներ եւս ի հայտ են գալիս: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց խոսել Իրանի սահմաններին ՆԱՏՕ-ական բազաներ հիմնելու ծրագրերի մասին, մի շարք լուրջ փորձագետներ իրենց հերթին առաջ քաշեցին այն պնդումը, որ դրան ի պատասխան, օրակարգ է գալիս Իրանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության թեման: Բացատրությունը հետեւյալն է: Այսպես, օրերս Պուտինը ներկայացրեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, որտեղ նման առանցքային դրույթ կա. «Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի օգտագործել իր զինված ուժերը՝ հետ մղելու եւ կանխելու հարձակումներն իր կամ իր դաշնակիցների վրա»: Ընդ որում, ինչպես ցույց տվեց Բելառուսի օրինակը, իր դաշնակիցների վրա հարձակումը կանխելու համար Ռուսաստանն ունի նաեւ սեփական միջուկային զենքն այդ դաշնակիցների տարածքում տեղակայելու քաղաքական կուրս: Այս պարագայում, թե ինչքանով կբարձրանար Հայաստանի անվտանգության մակարդակը, եթե նիկոլյան խունտան այս վիճակի չհասցներ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, դեռ հարցի մի կողմն է: Բայց ամենագլխավորը. եթե Իրանը պաշտոնապես վերածվի ՌԴ դաշնակցի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, ապա, ըստ հիշատակված փորձագիտական աղբյուրների գնահատման, Մոսկվան բոլոր իրավունքներն իրեն վերապահել է, որ «օգտագործի իր զինված ուժերը՝ հետ մղելու եւ կանխելու հարձակումներն» իր այդ դաշնակցի համար եւս: Ընդգծենք, իր զինված ուժերի բոլոր հնարավորությունները, որը ենթադրում է, Բելառուսի օրինակով նաեւ միջուկային, եթե դրա կարիքը, իհարկե, լինի:
Սա, միգուցե, ոչ թե նույնիսկ փորձագիտական գնահատական է, այլ հստակ մեսիջ՝ ուղղված ԱՄՆ-ին, թե կա այս տարբերակը, եւ մի ստիպեք, որ կյանքի կոչվի:
Ավելացնենք, որ ըստ իրանական աղբյուրների, արդեն առաջիկա շաբաթներին Իրանը կզինվի աշխարհում լավագույններից մեկը հանդիսացող Սու-35-երով: Միաժամանակ, երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով սկսվեց թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը եւս Ալիեւի համար հստակ մեսիջ է:
Այսպիսով, թեեւ «բրիտանական ուղեղային կենտրոնները» ակտիվորեն գործում են, այդ թվում՝ Նիկոլի էմիսար Էդմոնին լսելով, սակայն մեր տարածաշրջանում այն վիճակն է, երբ հիմնական «հարց լուծողը» ուժային գործոնն է: Ընդ որում, Ալիեւը գործ ունի ոչ թե Նիկոլի ոչնչացրած հայաստանյան ուժային գործոնի, այլ՝ ռուս-իրանականի հետ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

