Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվել է երեք տարով
ՍպորտՀայաստանի Հակադոպինգային կազմակերպությունը (ՊՈՍԿ) որոշում է կայացրել երեք տարով որակազրկել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Հենրիկ Սահակյանին:
«Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել բռնցքամարտի Հայաստանի առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները՝ ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային օրենսգրքի հոդված 10.11-ի։
2. Սահակյան Հենրիկին որակազրկել երեք տարի ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
3. Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
4. Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում»,- նշված է կազմակերպության հայտարարությունում:
Ավելի վաղ Հենրիկ Սահակյանի անձնական մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ էր սկսել հանուն արդարության: Մարզիչը դժգոհում է նրանից, որ իր սանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում, որը պատրաստվում է մայիսին նախատեսված բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:

